Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մահը կրնկակոխ հետևում էր Հուսիկին, բայց նա 13 քայլը մեկ ոտքը փոխում էր

Մահը կրնկակոխ հետևում էր Հուսիկին, բայց նա 13 քայլը մեկ ոտքը փոխում էր
13.07.2026 | 11:24

Երգիծաբան Հուսիկ Խանդամուրին հայ ընթերցողը ծանոթ է նրա գեղարվեստական գործերից, սակայն Խանդամուր մարդու հմայքը զգացել և վայելել են միայն նրանք, ովքեր տեսել են նրան և հաղորդակցվել են նրա տարօրինակությունների ողջ զինանոցին։

Հուսիկը ճակատագրից ժառանգություն էր ստացել կարճահասակ, տգեղ, թափթփված մի արտաքին, փոքրիկ գլուխ, գլխի չափերի համեմատ երկու համար մեծ ականջներ, սրամտելիս միշտ փայլող ու խինդով լեցուն պստլիկ աչքեր և մի փչացած, կակազող արտասանական ապարատ։ Այդ փոքրիկ ու համեստ տվյալներով արտաքինը շնչավորում էին մի բարի և կյանքի հարվածներից ընկճված ու վախեցած հոգի ու մի սրամտող միտք։ Ավելի ուշ ծնվեցին Հուսիկի անբաժան ուղեկիցները` տարօրինակությունները, որոնք հիմնական գրանցում ստացան և դարձան նրա հոգու տան հարազատ բնակիչները։

Եվ ամեն Աստծո օր իր այդ շքախմբով Հուսիկը վեհերոտ ու անաղմուկ մտնում էր մարդկանց աշխարհը` իր եսի օրենքներով կազմակերպելու շարժման ու քայլքի մի առեղծվածային ծիսական արարողություն։ Հուսիկին ճանաչողը պիտի կարծեր, թե ինչ-որ կարևոր չափումներ է անում այս մարդը։ 13 քայլը մեկ ոտքը փոխում էր, գծերը չէր տրորում, մայթով չէր քայլում։ Մտածում էր, թե մինչև դիմացի շենքը կամ ծառը հարյուր քայլ է և սկսում էր քայլերը հաշվել։ Կես ճանապարհին եթե տեսնում էր շատ է մնացել, քայլերը լայն-լայն էր գցում, եթե քիչ` մանրաքայլ էր անցնում։

Յուրահատուկ նախապաշարում ուներ թվերի նկատմամբ։ 13 թիվը լսելիս նրա ստամոքսի կայուն վիճակները անմիջապես վերածվում էին հեղափոխականի... Ուրիշ թվեր էլ չէր սիրում և, առհասարակ, թվեր լսելուց նյարդայնանում էր։ Մի օր ասացի` ընկեր Հուսիկ, գոնե իմանանք, թե որ թվերը կարելի է ասել, դրանք ասենք։

«Ոչ մի թիվ էլ մի ասեք, մեկ է, ես բազմապատկում, բաժանում, գումարում եմ ու ստանում իմ չսիրած թվերը», - ասաց։

Ամենից շատ սարսափում էր մահվան գաղափարից, որն ամենօրյա ներկայություն էր նրա համար։ Այն գալիս էր չսիրած բառերով, թվերով, մարդկանց անզգույշ արտահայտություններով։ Սովորական շատ բառեր ամենակարճ զուգորդումներով հուշում էին մահվան գաղափարը։ Ասենք` «լեհ» բառը չէր կարելի իր ներկայությամբ ասել, որովհետև Շոպենը լեհ էր, իսկ Շոպենին չէր սիրում նրա «Մահվան քայլերգի» պատճառով։

Պարականոն այդ պաշարով մարդկանց հաղորդակցվելը դարձել էր իր կեցության կերպը։ Տարօրինակությունները իր աննկատ գոյությունը դարձրել էին նկատելի։ Հոգու սնունդը` մարդկանց սերը, կարեկցանքը, հոգածությունը նա քաղում էր իր այդ «արժեքների» ամենօրյա հետևողական ցուցադրությունից։

Հագնում էր էժան, հասարակ և հնամաշ շորեր։ Պիջակի գրպանների կարերը քանդված էին։ Վերջին տարիներին աշակերտական համազգեստ էր հագնում։ Պատմում են, որ այդ համազգեստը գնելիս վաճառող կանայք ճանաչել էին և ասել` թողեք արդուկենք, հետո հագեք։ Ասել էր` «Պետք չի, շնորհակալ եմ, իմ հագուստները քամին ու անձրևն են արդուկում»։

Ձմռանը մի վերարկու էր հագնում, որը կարող էր երկու Խանդամուր պատսպարել իր ներսում։ Երկար, մինչև գետին հասնող վերարկուն ծածկում էր նաև կոշիկները, և միայն փոքրիկ, մշտապես բաց գլուխն էր դուրս մնում, որը հստակ կարգավորում էր ու կամակերպում Հուսիկի` սովորական մտքին անըմբռնելի երթը փողոցներում։

Այդպես էլ չամուսնացավ։ Ասում էին` զույգվի, զույգ թվերը սիրում ես։ Սրամտում էր` մեկ է, ինն ամիս հետո դառնալու է կենտ։

Ոչ մի հարազատ չուներ այստեղ (պատանեկան տարիներին մենակ հայրենիք էր եկել Ֆրանսիայից)։

Այն, ինչ հարազատ էր այստեղ իրեն, ոգեղեն էր։ Դա այն թեթև կարեկցանքի, հանդուրժողականության, իր հանդեպ եղած ուշադրության, իր սրամտությունների առաջացրած ծիծաղից քաղած հոգեկան հոնորարի չնչին պաշարներն էին` երբեմն խառնված փոքր հոգիների եսասիրության և Հուսիկով զվարճանալու բութ ու մանկամիտ մղումների հետ։

Իր ճշմարիտ հարազատը Աստված ինքն էր, որը Ծաղկաձորի մի փոքրիկ հյուղակում նրա հոգին անջատեց տասներեք քայլը մեկ փոխող մարմնից, և մահվան սարսափից կծկված ու կյանքի առաջ իր տարօրինակությունները խնկարկող այդ մարդու հոգին խաղաղվեց վերևում միայն, զգալով ճշմարիտ սիրող Հոր անմիջական ներկայությունը։

Արամ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 746

Մեկնաբանություններ