ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Առաջատարը ՀՀԿ-ն է

Առաջատարը ՀՀԿ-ն է
17.04.2012 | 00:00

«Հասարակական-քաղաքական հետազոտությունների» կենտրոնը հերթական հարցումները հրապարակեց, որն անցկացվել է մինչև քարոզարշավի մեկնարկը: Հարցախույզն անցկացվել է հանրապետության 10 մարզերում և մայրաքաղաքում, մասնակցել է 1320 մարդ: Ի դեպ, հարցվողներն անկուսակցական են:

Ըստ այդմ, ընտրություններին մասնակցելու է հարցվածների 38 %-ը, 41 %-ը չի մասնակցելու, 21 %-ը դեռ չի կողմնորոշվել, իսկ արդար ընտրություններին հավատում է 32 %-ը: Հարցին, թե որ կուսակցությանը ձայն կտայիք, եթե այս շաբաթ լինեին ընտրությունները, հարցվածների 24 %-ը քվեարկել է ՀՀԿ-ի, 22 %-ը` ԲՀԿ-ի, 16 %-ը` ՕԵԿ-ի, 14 %-ը` ՀՅԴ-ի, 11 %-ը` ՀԱԿ-ի, 8 %-ը` «Ժառանգության» օգտին: Ըստ հարցման կազմակերպիչների, մարդիկ իրենց հույսն անձի հետ են կապում, այդ իսկ պատճառով այս կամ այն կուսակցությունն ընտրում են նախ և առաջ լիդերի նկատմամբ համակրանքից ելնելով՝ 31 %, 28 %-ն էլ` կատարած աշխատանքի համար: Հասարակությունը նախընտրական ծրագրերին և գաղափարախոսությանը, ըստ հարցման տվյալների, քիչ ուշադրություն է դարձնում:

Կուսակցությունների համամասնական ցուցակները ևս հարցվածների կողմից դրական վերաբերմունքի չեն արժանացել: Վատ՝ 41 %, փոփոխություն չի նկատել` 47 %, և միայն 12 %-ն է լավ գնահատում: Փորձել են պարզել նաև, թե հասարակությունը ո՞ր կուսակցության սոցիալական ու արտաքին քաղաքականությունն է արդյունավետ գնահատում: Սոցիալական ոլորտի արդյունավետությամբ աչքի է ընկել ԲՀԿ-ն, արտաքին քաղաքականությամբ՝ ՀՀԿ-ն:

Անդրադառնալով մեծամասնական ընտրակարգին, որքան էլ զարմանալի է, 64 %-ը տեղյակ է` ով է իր պատգամավորը, 36 %-ն է, որ պատգամավորին ո՛չ տեսել է, ո՛չ լսել: Հարցվածներն իրենց պատգամավորից նախ ակնկալում են կենցաղային հարցերի լուծում՝ 51 %, և միայն 9 %-ն է ակտիվ օրենսդրական գործունեություն պահանջում: Կազմակերպիչների կարծիքով` սա վկայում է մեր հասարակության «քաղաքական ցածր գիտակցության մասին»: Սոցիալական արդարություն, գործազրկություն, գնաճ. ահա այն երեք հիմնական խնդիրները, որ առանձնացրել են հարցվածները։ Դրանք լուծելու համար, ըստ նրանց, հարկավոր է նախ կադրային, հետո քաղաքական կուրսի փոփոխություն:

Փորձել են նաև պարզել, թե քաղաքական գործիչներից ով է առավել խարիզմատիկը: Առաջնորդի հատկանիշներով օժտված է Գագիկ Ծառուկյանը՝ 20 %, Սերժ Սարգսյանը՝ 19 %, հաջորդաբար` Արթուր Բաղդասարյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը և Վահան Հովհաննիսյանը:

Վերջում հարցվողներից հետաքրքրվել են, թե որ աղբյուրից են տեղեկություն ստանում և ում են առավել վստահում: Առաջին տեղում հեռուստացույցն է՝ 54 %, հետո տպագիր մամուլը` 19 %, էլեկտրոնային ԶԼՄ-ները՝ 10 %: Սակայն առավել վստահելի են տպագիր մամուլը՝ 37 %, և էլեկտրոնային ԶԼՄ-ները՝ 21 %:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ