Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական բացումը

Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական բացումը
01.05.2012 | 00:00

Մայիսի 1-ը, ընդունված ավանդույթի համաձայն, Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական բացման օրն է: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այսօր երեխաների մուտքը կենդանաբանական այգի կլինի անվճար:

Վաղ առավոտից այգու մուտքի մոտ երեխաներին կդիմավորեն հայտնի հեքիաթների հերոսները, այնուհետև կհաջորդեն թատերական ու երաժշտական միջոցառումները, կանցկացվեն մրցույթներ, վիկտորինաներ:

Օրվա տարբեր ժամերի այգում իրականացվող «Կենդանիների կերակրում» ծրագրի շրջանակում այցելուները կարող են հետևել տարբեր կենդանատեսակների այլընտրանքային` բնականին ավելի մոտ կերակրման գործընթացին: Կիրականացվի նաև սողունների, ծովախոզուկների և ճագարների բացօթյա տեղեկատվական ցուցադրություն, որի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ոչ միայն մոտիկից տեսնելու կենդանիներին, այլև իրենց հարցերն ուղղելու մասնագետներին:

«Կենդանաբանական այգու այցելուների թիվն աննախադեպ աճել է: Եթե 2009-ին այգու այցելուների թիվը 135000 էր, 2010-ին` 92793, ապա անցյալ տարի այդ թիվն ավելացել է շուրջ երեքուկես անգամ` հասնելով 316153-ի»,- այս մասին մեզ տեղեկացրին կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից` նշելով, որ այցելուների թվի աննախադեպ աճը խոսում է նաև այգում կատարված մեծածավալ աշխատանքների, բարեփոխումների մասին:

Նրանց տեղեկացմամբ` կատարված աշխատանքների առումով 2011-ը Երևանի կենդաբանական այգու համար շրջադարձային է եղել: Օրինակ, շնորհիվ ջրամատակարարման նոր համակարգի, ամեն օր հնարավոր է լվանալ ազատավանդակները, ինչը զգալիորեն նվազեցրել է տհաճ հոտը:

Տարեսկզբին ավարտին են հասցվել ավելի քան 1 կմ երկարությամբ գազի խողովակների մոնտաժման աշխատանքները: Սա նշանակում է, որ այս ձմռանը կենդանիների համար անհամեմատ տաք կլինի, իսկ ծախսերը` անհամեմատ քիչ, քանի որ նախկինում ազատավանդակները ջեռուցվում էին էլեկտրաէներգիայով:

2011-ին կենդանաբանական այգու ձեռքբերումներն ու կատարված աշխատանքները բավականին շատ են` ամառային կինոթատրոնի կառուցում, սև կարապների տարածքի բարեկարգում և կառուցում, հասարակական զուգարանների հիմնովին վերանորոգում, անվտանգության համակարգի և տեսախցիկների տեղադրում և այլն:

Վերադառնալով այգու այս տարվա պաշտոնական բացմանը, նշենք, որ Երևանի քաղաքապետարանը երեխաներին խոստանում է գունեղ օր` լի անակնկալներով, մրցանակներով ու բազմապիսի միջոցառումներով:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ


Դիտվել է՝ 2307

Մեկնաբանություններ