Սկիզբը՝ այստեղ
Մերձավոր Արևելքում արդեն 12 օր շարունակվում է տարածաշրջանային դաժան պատերազմը, Մերձավոր Արևելքը բոցերի մեջ է, իսկ աշխարհը կարծես խելագարության եզրին: Սատանայի գործիքներ և ահաբեկչական պետություններ ԱՄՆ-ը և Իսրայելը ծանրագույն հարվածներ են հասցնում մեր հարևան ու բարեկամ Իրանին, բայց այնպես չէ, որ Իրանը խեղճացել ու չի կարողանում պատասխանել նրանց ու նրանց դաշնակիցներին:
Իրանի կողմից խոցված անօդաչու թռչող սարքերի ընդհանուր թիվն Իսրայելի և ԱՄՆ-ի հետ հակամարտության սկսվելուց ի վեր, հասել է 104-ի. այդ մասին երեկ, «РИА Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ (, հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր):
«Ներկա պահին երկրի հակաօդային պաշտպանության կողմից խոցվել է այնպիսի տեսակների 104 անօդաչու թռչող սարք, ինչպիսիք են «Hermes»-ը, «Heron»-ը, «Orbiter»-ը, «MQ-9-ը»,- նշված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը (IRIB):
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) դեռ երեկ սկսել էր ԱԹՍ-ների և հրթիռների միջոցով հարձակումների 36-րդ ալիքն ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբազաների ուղղությամբ. այս մասին, «РИА Новости»-ի փոխանցմամբ, հայտարարել է ԻՀՊԿ մամուլի ծառայությունը:
«Սկսվել է «Ճշմարիտ խոստում-4» գործողության 36-րդ ալիքը… Իսրայելում թիրախների և ամերիկյան բազաների դեմ՝ «Էմադ» (Emad), «Քադր» (Ghadr) և «Հայբար Շեքան» (Kheibar Shekan) հրթիռների կիրառմամբ՝ ԱԹՍ-ների հետ համատեղ»,- նշված է հայտարարության մեջ:
Համառոտ այն մասին, թե իրենից ինչ է ներկայացնում իրանական արտադրության «Քադր» (Ghadr) բալիստիկ հրթիռը, որը զանգվածաբար արտադրվում ու մշտապես օգտագործվում է Իրանի ԶՈւ-ի կողմից. հրթիռի երկարությունը, կախված տարատեսակից, 15,5-16,5 մետր է, տրամագիծը՝ 1,25 մ, քաշը՝ 15 000 –17 840 կգ, վառելիքը՝ երկաստիճան (հեղուկ և պինդ), թռիչքի հետագիծը՝ բալիստիկ, մարտական մասը՝ 700 – 1000 կգ քաշ ունեցող բարձր հզորության պայթուցիկ նյութեր, հեռահարությունը՝ «Քադր 5»՝ մինչև 1350 կմ, «Քադր H»՝ մինչև 1650 կմ, «Քադր F»՝ մինչև 1950 կմ:
ԻՀՊԿ-ն այսօր կեսգիշերից քիչ անց հայտնել է Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց ի վեր, Իսրայելի վրա «ամենամեծ և ամենահզոր» հարձակման մասին: «RT на русском»-ի փոխանցմամբ, «Խորեմշեհր-4» հրթիռներով հարվածների տակ են հայտնվել Թել Ավիվում և Հայֆայում գտնվող թիրախները (համապատասխան տեսանյութն՝ այստեղ ):
«Այս աննախադեպ գործողության ընթացքում, որը կտևի առնվազն երեք ժամ, մեծ քանակությամբ «Խորեմշեհր-4» ծանր բալիստիկ հրթիռներ են արձակվել Թել Ավիվում և Հայֆայում կարևոր թիրախների ուղղությամբ»,- նշված է հայտարարության մեջ:
Իրանը «Ճշմարիտ խոստում-4″ գործողության 37- րդ փուլի շրջանակներում հարվածներ է հասցնում իրաքյան Էրբիլում ԱՄՆ-ի ռազմաբազային, Բահրեյնում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի տեղակայման կետին և Թել Ավիվի մերձակայքին. այս մասին, ինչպես այսօր հաղորդել է ТАСС-ը , նշված է ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ, որը մեջբերել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ Ըստ հրապարակման, համակցված հարվածները հասցվում են «Qadr», «Kheibar Shekan» և «Khorramshahr» հրթիռների կիրառմամբ։
«Թել Ավիվի որոշ շրջանների էլեկտրամատակարարումն ընդհատվել է իրանական հրթիռների հարվածի պատճառով»,- «RT на русском»-ի փոխանցմամբ , նշված է Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB) Տելեգրամ-ալիքում կատարված հրապարակման մեջ:
Իրանի վրա հարձակված ուժերին հասցված վնասը կաճի երկրաչափական պրոգրեսիայով. այս մասին, «РИА Новости»-ի տեղեկացմամբ (https://ria.ru/20260311/iran-2079836408.html ), գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալին:
Նրա խոսքով՝ Իրանը «յուրահատուկ դոկտրին ունի մարտական ռազմավարության և մարտավարության ոլորտում և կարգավորում է հակամարտության մակարդակն ու ինտենսիվությունը յուրաքանչյուր ճակատում՝ իր հատուկ կարիքներին համապատասխան»:
«Ամերիկյան և իսրայելական զորքերն արդեն ծանոթ են Իրանի պաշտպանական որոշ հնարավորություններին … ագրեսիայի շարունակման հետ մեկտեղ թշնամական ուժերին և տեխնիկային հասցված վնասը երկրաչափական պրոգրեսիայով կաճի»,- հայտարարել է դիվանագետը:
Իսրայելի պաշտպանության (իրականում՝ ագրեսիայի) բանակի մամուլի ծառայությունը, «Аргументы и факты»-ի փոխանցմամբ, հայտնել է, որ Իսրայելի զինվորականները Իրանի կողմից նոր հրթիռակոծություն են արձանագրել և այն հետ մղելու գործողություններ են սկսել: Ըստ մամուլի հաղորդագրության, պաշտպանական համակարգերն անմիջապես անցել են սպառնալիքների որսմանը, իրավիճակը գտնվում է հրամանատարության մշտական վերահսկողության ներքո, իսկ հարձակումները հետ մղելու միջոցառումները շարունակվում են: Իսրայելի բանակը հայտարարել է նաև Իրանի կողմից ցանկացած նոր սպառնալիքի արձագանքելու պատրաստականության մասին: Դե ինչ, մնում է եզրակացնել, որ Արծրունը գնացել է այնտեղ, կամ էլ Իսրայելի բանակն իր սեփական Արծրունն ունի, քանի որ սույն տեսանյութի կադրերը սպառնալիքների (հրթիռների) որսման, իրավիճակի՝ հրամանատարության մշտական վերահսկողության ներքո գտնվելու, հարձակումները հետ մղելու վերաբերյալ վկայում են ճիշտ հակառակը:
Իրանը մի շարք հարվածներ է հասցրել նաև իր թշնամիներ ԱՄՆ-ի և Իսրայելի դաշնակիցներին. Հորդանանի Ալ-Ազրաք քաղաքի բազմազգ ավիաբազայում Բունդեսվերի ռազմական ճամբարը նոր հրթիռակոծության է ենթարկվել. այս մասին, Բեռլինից «РИА Новости»-ի փոխանցմամբ , գրել է գերմանական «Spiegel» ամսագիրը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Լույս երկուշաբթի գիշերը Հորդանանի Ալ-Ազրաք քաղաքում գերմանական դաշտային ռազմական ճամբարը բալիստիկ հրթիռներով հարված է ստացել Իրանի կողմից»,- նշված է հրապարակման մեջ:
Ըստ պարբերականի տեղեկությունների, հարձակման ընթացքում խոցվել է նաև Հորդանանի ավիաբազայի գերմանական հատվածը, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը: Հարվածը հասցվել է այն շենքին, որտեղ տեղակայված էր գերմանական զորախումբը, սակայն զինվորականներից ոչ ոք չի տուժել, քանի որ հրթիռակոծության պահին նրանք բոլորը ապաստարաններում են եղել։
«Spiegel»-ը դեռ մարտի 1-ին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին, հարձակվել է Իրաքում և Հորդանանում ռազմական օբյեկտների վրա, որտեղ տեղակայված են Բունդեսվերի զինծառայողները: Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն ավելի վաղ հայտարարել էր, որ Բունդեսվերը Իրանի շուրջ իրադարձությունների կապակցությամբ կսահմանափակի իր առաքելությունը Մերձավոր Արևելքում:
Իրանական ուժերը, ինչպես երեկ հաղորդել է ТАСС-ը , հրթիռային հարձակում են իրականացրել նաև Բահրեյնում տեղակայված ԱՄՆ-ի «Շեյխ- Իսա» ավիաբազայի վրա. այս մասին հայտնած իրանական «Tasnim» գործակալության հավաստմամբ, հրթիռակոծությունից հետո բազայում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Ըստ «Tasnim»-ի տեղեկությունների, հարձակման թիրախը եղել է ամերիկյան զինծառայողների համար նախատեսված հանրակացարանը։ Հարձակման հետևանքով հնարավոր վնասի կամ տուժածների մասին տեղեկություններ դեռևս չկան:
Ավելի վաղ, ինչպես երեկ հաղորդել է «Аргументы и факты»-ին, պայթյուններ էին տեղի ունեցել Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում գտնվող ԱՄՆ-ի ռազմաբազայի շրջանում: «Naya» լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Մանամայում հարվածի տակ է հայտնվել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի բազան: Նշենք նաև, որ դեռ մարտի 7-ին Իրանական բանակը, ԻՀՊԿ-ի հաղորդմամբ, հարվածել էր ԱՄԷ-ում ամերիկյան «Ալ-Դաֆրա» ավիաբազային: Նույն օրը Դուբայի օդանավակայանը դադարեցրել էր աշխատանքը ԱԹՍ-ի հարվածի պատճառով։
Դուբայում ուժեղ պայթյուններ են որոտացել. այս մասին, «Известия»-ի փոխանցմամբ, մարտի 11-ին նոր հարձակման վերաբերյալ հայտնել է «Reuters» գործակալությունը՝ վկայակոչելով ականատեսներին։
«Դուբայում ուժեղ պայթյուն է լսվել»,- նշված է գործակալության հաղորդագրության մեջ, որում ենթադրություն կա, թե պայթյունները կարող են կապված լինել Արաբական Միացյալ Էմիրությունների և Կատարի ՀՕՊ համակարգի աշխատանքի հետ:
Իրանը ԱՄՆ-ի, Իսրայելի և նրա դաշնակիցների նավթ տեղափոխող ցանկացած նավ ու նավթային բեռ կդիտարկի որպես հարձակման օրինական թիրախ. այս մասին այսօր, AFP-ին հղում կատարած «Коммерсантъ»-ի փոխանցմամբ , հայտարարել է Իրանի Զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական օպերատիվ հրամանատարության ներկայացուցիչը:
«Ցանկացած նավ, որի նավթային բեռը կամ նավը պատկանում է Միացյալ Նահանգներին, սիոնիստական վարչակարգին կամ իրենց թշնամական դաշնակիցներին, կհամարվի օրինական թիրախ»,- հայտարարել է նա (մեջբերումն AFP-ից):
Նրա խոսքով՝ Իրանի զինված ուժերը «թույլ չեն տա ոչ մի լիտր նավթի տարանցում» Հորմուզի նեղուցով: Նեղուցի փակումը նա անվանել է «ԱՄՆ-ի և սիոնիստական վարչակարգի կողմից պարտադրված պայմանների արդյունք»։
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան