2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից՝ տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը։ «Նշված օրվանից հետո քաղաքացիներն իրենց մոտ ունեցած «հին» թողարկման թղթադրամները կարող են անվճար և անժամկետ փոխանակել ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերում և Կենտրոնական բանկում՝ առանց սահմանափակումների»,- ասված է ԿԲ հաղորդագրության մեջ:               
 

Արվեստի ու Ընտանիքի կենսատու ուժը. Իվետտա Մուրադյան-92

Արվեստի ու Ընտանիքի կենսատու ուժը. Իվետտա Մուրադյան-92
30.03.2026 | 13:39

Մարտի 31-ը Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 1950-1970-ական թվականների առաջատար պարուհի Իվետտա Էդուարդի Մուրադյանի ծննդյան օրն է:

Ամեն անգամ, երբ վերընթերցում եմ Դավիթ Մուրադյանի գրքերը (որոնք հաճախ թերթելուց արդեն մաշվել են), կամ կարդում եմ Մուրադյանների՝ արվեստով ապրած ու մեզ արվեստ պարգևած գերդաստանի վառ ներկայացուցիչների մասին, չի լքում այն միտքը, թե որքան հսկայական նշանակություն ունեն Ընտանիքն ու Դաստիարակությունը:

Այդ տարիներին Մուրադյանների հյուրընկալ տունն ասես յուրօրինակ մի «Վերնատուն» լիներ, ուր հավաքվում ու մշակույթի ու մարդկային արժեքների մասին էին զրուցում բազմաթիվ անվանիներ. մարդիկ, ովքեր իրենց ժամանակն արվեստաշունչ ու մարդկային էին դարձնում, և ովքեր (առանց ավելորդ համեստության) իսկապես մշակույթ ու արվեստ էին թելադրում: Մենք չենք կարող ապրել լուսնի վրա. մարդամեջ ենք դուրս գալիս, շփվում մեծ ու փոքր տարբեր աշխարհների հետ, բայց, միևնույն է, կարևորը մնում է այն, թե դո՛ւ ինչպիսի ներաշխարհով ես ներկայանում հանրությանը:

Դերասան Էդուարդ Մուրադյանի և պարուհի Հայկանուշ Ասատրյանի (Մուրադյանի) դուստրը՝ Իվետտան, իր «ճիշտ բաժինն» ստացել է մանկուց: Իսահակյանի միտքը փոքր-ինչ այլ կերպ ձևակերպելով՝ կարելի է ասել, որ նա տեղին ու նպատակային է օգտագործել անհատի ներքին կատարելության դրսևորման ամենաբարենպաստ ու պարարտ հողը: Հայ և ոչ միայն հայ արվեստի մեծամեծների հետ առօրյա շփումներն անգամ շատ բան են տվել նրան: Իսկ երբ այդ փորձը գումարվել է արվեստով լեցուն նրա եզակի ներաշխարհին, ծնվել է այն արտիստը, որին մեր սիրելի թատրոնի բեմում տեսել են հազարավոր հանդիսականներ՝ ստեղծագործական քսանմեկ տարիների ընթացքում...

Շատերի՞ն է հաջողվում այդ ներքին անհատակ աշխարհը նույն հույզով պահպանել ու բերել մեր «անարվեստ» դար՝ թեկուզ միայն հիշողությունների տեսքով: Ո՛չ, ցավո՛ք:

Տիկին Իվետտան իր զրույցներից մեկում նշում է, որ բալետով զբաղվելու խորհուրդը տվել է հորեղբայրը՝ բալետի անվանի արտիստ, հետագայում նաև հայտնի բալետմայստեր Զարեհ Մուրադյանը: Եվ ահա յոթ-ութ տարեկանից նա այս կախարդական աշխարհում է.

«Ես աշխատեցի 21 տարի և 41 տարեկանում հրաժեշտ տվեցի բեմին ու անցա թոշակի… Շատ եմ սիրել պարել: Պարել եմ լավագույն դերերը, երբեմն էլ՝ կորդեբալետում: Բեմն ինձ համար կուռք էր, ես պաշտում էի բեմը»:

Դավիթ Մուրադյանն իր «Ձեռքով գրված նամակներում» այսպիսի մի միտք ունի.

«…արդյո՞ք գեղարվեստը մի պերսևսյան վահան չէ, որը դրված է մարդու և իրականության միջև: Մի դեպքում այն թույլ է տալիս հաղթահարել իրականությունը՝ առանց իսկությունը քողարկելու, մեկ այլ դեպքում՝ իմաստավորել հոգեպես, մյուս դեպքում՝ ունենալ և առաջարկել բարոյական այլընտրանք, կամ էլ բոլորիս հայտնի «մեծ պատրանքը»՝ առանց ինքնախաբեության»:

Շնորհակալություն Ձեզ, տիկին Իվետտա, Ձեր և հանդիսականի առջև ազնիվ մնալու, արվեստի այդ «մեծ պատրանքը» հավատարմորեն փոխանցելու և մեր երևակայությանը զարկ տալու համար: Մենք սովորելու դեռ շատ բան ունենք Ձեզնից, և առաջին հերթին՝ հավատարմություն սեփական անձին, դավանած արժեքներին ու դաստիարակությանը... Սովորելիքը շատ է, միայն թե գիտակցումն ու ցանկությունը լինեն:

Քաջառողջություն և արևշատություն Ձեզ:

Կարեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2886

Մեկնաբանություններ