«Իսրայելի կողմից 1915 թվականի իրադարձությունների ճանաչումը որպես, այսպես կոչված, «ցեղասպանություն»՝ սոսկ անօգուտ փորձ է սեփական ձեռքերով թափված անմեղ պաղեստինցիների արյունը, Մերձավոր Արևելքում իր իսկ ծավալած պետական ահաբեկչությունը և մարդկության դեմ անպատժելիորեն իրագործվող հանցագործությունները քողարկելու համար»,- ասված է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:               
 

Կայացվում են գլոբալ աշխարհաքաղաքական որոշումներ, իսկ ՀՀ իշխանությունը «ջայլամային քաղաքականություն» է վարում

Կայացվում են գլոբալ աշխարհաքաղաքական որոշումներ, իսկ ՀՀ իշխանությունը «ջայլամային քաղաքականություն» է վարում
29.06.2026 | 15:07

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը սովորաբար ներկայացվում է որպես պատմական արդարության խնդիր, սակայն միջազգային քաղաքականության մեջ նման որոշումները շատ հաճախ պայմանավորված են ոչ միայն պատմական ճշմարտությամբ, այլև տվյալ պետության ընթացիկ շահերով։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Իսրայելը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը․ իրականում այս փաստը պետք է դիտարկել ոչ թե որպես բացառապես բարոյական կամ պատմական քայլ, այլ Իսրայել-Թուրքիա խորացող հակասությունների հերթական քաղաքական դրսևորում՝ ուղղված Անկարային։

Սա, իհարկե, չի նվազեցնում Հայոց ցեղասպանության փաստի պատմական ճշմարտացիությունը, բայց հիշեցնում է մի պարզ իրողություն․ պետությունները հաճախ նույնիսկ պատմական ողբերգություններին գնահատական են տալիս այն պահին, երբ դա համընկնում է իրենց արտաքին քաղաքական շահերի հետ։

Առավել ուշագրավն այն է, որ նույն Իսրայելն ընդամենը մի քանի տարի առաջ, լինելով Ադրբեջանի ռազմավարական ռազմական գործընկերը, 44-օրյա պատերազմի ընթացքում ոչ միայն աջակցում էր, այլև ադրբեջանական բանակը լայնորեն կիրառում էր իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքեր, հրթիռային համակարգեր և այլ ժամանակակից սպառազինություն, որոնք էական դեր ունեցան պատերազմի ելքի վրա։ Այդ աջակցությունը դարձավ այն ռազմական ներուժի կարևոր բաղադրիչներից մեկը, որի հետևանքով հազարավոր հայեր զոհվեցին, տասնյակ հազարավորները տեղահանվեցին, իսկ հետագա զարգացումներն ավարտվեցին Արցախի ամբողջական հայաթափմամբ։ Այս առումով դժվար է անտեսել այն քաղաքական պատասխանատվությունը, որ կրում են այն պետությունները, որոնք տարիներ շարունակ զինում էին Ադրբեջանին։

Հետևաբար, եթե այսօր Իսրայելը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա չի կարող ջնջել նախկինում նրա վարած արտաքին քաղաքականության հետագիծը։ Այն պարզապես ցույց է տալիս, որ միջազգային հարաբերություններում նույնիսկ մարդկության դեմ գործված հանցագործությունների գնահատականները հաճախ դառնում են աշխարհաքաղաքական պայքարի գործիք։

Այս ամենի ֆոնին առանձնակի ուշադրության արժանի է Հայաստանի գործող իշխանությունների դիրքորոշումը։ Վերջին տարիներին ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը գործնականում դուրս է մղվել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից։ Փոխարենը որդեգրվել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման քաղաքականություն, որտեղ պաշտոնական Երևանը խուսափում է այնպիսի քայլերից կամ հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես ճնշում Անկարայի նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանի այն միտքը, թե « Մեծ Թուրանը մեզ չի խանգարում, և մենք կարող ենք նույն գետից ջուր խմել», ինչպես նաև տարածաշրջանային համակեցության մասին հնչող պատկերավոր ձևակերպումները, ըստ էության, արտացոլում են հենց այդ մոտեցումը։

Ստացվում է մի պարադոքսալ իրավիճակ։ Մի կողմից՝ Իսրայելը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը ոչ այնքան Հայաստանի, որքան Թուրքիայի հետ իր հակամարտության պատճառով, մյուս կողմից՝ Հայաստանի իշխանությունը սեփական նախաձեռնությամբ աստիճանաբար հետ է քաշում հենց այդ հարցը միջազգային քաղաքական օրակարգից։ Այսինքն՝ այն, ինչ ուրիշները կարող են օգտագործել որպես ճնշման միջոց Թուրքիայի նկատմամբ, Երևանը հրաժարվում է այն դարձնել իր արտաքին քաղաքականության գործիքներից մեկը։

Եթե այս քաղաքական գիծը շարունակվի, ես չեմ բացառում, որ վաղը հասնենք մի իրավիճակի, երբ Հայաստանի իշխանությունների համար առաջնային խնդիր դառնան ոչ թե Հայոց ցեղասպանությունը չճանաչած, այլ այն ճանաչած պետությունները։ Ավելին ասեմ՝ կարող է ստեղծվել մի այնպիսի անհեթեթ իրողություն, երբ պատմական ճշմարտությունը պաշտպանելու փոխարեն սկսեն հարցնել, թե ինչո՞ւ էր աշխարհը ժամանակին ճանաչել այն և Ցեղասպաությունը ճանաչած պետություններից «պարզաբանումներ ու հստակեցումներ» պահանջեն։

Հ.Գ. Աշխարհում դժվար է պատկերացնել մի ինքնիշխան պետություն, որի շուրջ ու որի վերաբերյալ կայացվում են գլոբալ աշխարհաքաղաքական որոշումներ, իսկ պետությունը, գիտակցելով այդ ամենը, «ջայլամային քաղաքականություն» է վարում։ Սա արվում է զուտ ռիսկերից խուսափելու և պատասխանատու որոշումներից հետ կանգնելու համար։

Արտաքին հարաբերությունների վերանայման մասին սրանց կողմից հնչող հավակնոտ հայտարարություններն իրականում հակասում են ստեղծված իրականությանը, որտեղ պետությունն ավելի ու ավելի է մեկուսանում՝ սեփական սահմանափակ պատկերացումների ու անգործության պատճառով։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 220

Մեկնաբանություններ