ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է փաստաբանից

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է փաստաբանից
23.10.2025 | 13:46

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով փոխանցել է պաշտպանից հրաժարվելու իր պատճառները՝ բացատրելով փաստաբանի մասնագիտական աշխատանքը կատարելու պայմանների բացակայությամբ և իրավունքի նորմերի խախտումներով։

«Հոկտեմբերի 21-ի դատական նիստի ընթացքում հայտարարեցի իմ պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից հրաժարվելու մասին: Սա հարկադրված որոշում էր: Միջազգային իրավունքի նորմերի, ինչպես նաև հենց ադրբեջանական դատավարական օրենսգրքի կոպտագույն խախտումներն այս լսումները վերածեցին բացահայտ ֆարսի: Այս պայմաններում պաշտպանության բոլոր դատավարական հնարավորություններն սպառված են:

1. Ինձ այդպես էլ թույլ չտվեցին ծանոթանալ գործի նյութերին և մեղադրական եզրակացությանը: Նյութերին հասանելիություն ունենալը մինչ օրս մերժվում է. ես չեմ կարողանում ծանոթանալ իմ գործի 422 հատորներին, դատարանը չի տրամադրել հիմնական դատավարական փաստաթղթերի պաշտոնական թարգմանությունը:

2. Ինձ դատարանում պաշտպանվելու հնարավորություն չի տրվել: Ես հնարավորություն չեմ ունեցել առանց սահմանափակումների և նախնական ստուգման փաստաթղթեր փոխանակել պաշտպանի հետ ՝ դատական նիստերին պատրաստվելու համար, հասանելիություն չեմ ստացել ձայնա և տեսանյութերին, որոնք ներկայացվում են որպես իմ մեղքի ապացույց:

3. Իմ բոլոր միջնորդություններն անտեսվել են քննչական մարմինների և դատարանի կողմից: Պաշտպանի կարևոր խնդրանքները, որոնք անհրաժեշտ էին արդար դատավարության համար, նույնպես մնացել են անպատասխան:

4. Պաշտպանից հրաժարվելու մյուս պատճառը դատարանի մերժումն էր հրավիրելու վկաների, որոնք կարող էին պարզաբանել գործի հանգամանքները և հաստատել պաշտպանության համար նշանակություն ունեցող փաստերը: Դատարանը հրաժարվեց բավարարել այս միջնորդությունը՝ վերջնականապես զրկելով գործընթացը օբյեկտիվության և արդարության որևէ նշույլից:

Ժամանակի ընթացքում իրավիճակը միայն վատթարացավ: Այս անհեթեթության թատրոնում պաշտպանի դերը, անկախ նրա ցանկությունից և ջանքերից, սահմանափակվում է միայն այս գործընթացի ձևական օրինականության ապահովմամբ: Ես հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին: Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում»:

22 հոկտեմբերի, 2025

Դիտվել է՝ 7507

Մեկնաբանություններ