Իրանա-հայկական հարաբերությունների օրակարգում պետք է լինեն ռիսկերի կառավարման ու TRIPP նախագծի հնարավոր իրականացումից բխող մարտահրավերների հաղթահարման հարցերը՝ հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին: «Իրանի մտահոգությունը իր սահմանների մոտ ամերիկացիների ներկայության առնչությամբ միանգամայն օրինաչափ ու տրամաբանական է, և դրան պետք է հետևի հստակ արձագանք»,- ընդգծել է Շիրղոլամին։               
 

Դու ազգիս կորստյան անդունդից հեռացրու

Դու ազգիս կորստյան անդունդից հեռացրու
07.09.2024 | 12:09

Ձեռքիս մեջ՝ հուշերիս հողմաշուք մի պատկեր,

խնամքով պատռված Շուշիիս ալբոմից,

գրպանում՝ կիսատված տուփի մեջ ծխախոտ,

դրամի մնացորդ, կարծես թե՝ մի մոմի։

Քայլում եմ՝ անընդհատ անկումից զարմացած,

աշխարհի ծանրաձող հոգսերը ուսերիս,

Մեր միջև «Հայրմերով» անջատված անապատ

և խաչիդ փոխարեն մահիկներ վանքերիս։

Գնում եմ, ոտքերիս՝ վերքերից արյունված,

Արցախը հանձնելու մեղքերի շղթաներ,

հոգուս մեջ՝ ծերացող տեսակի երկմտանք,

անկատար, անդադար, անխաթար անուրջներ։

Նայում եմ, մենակ եմ, մարդ չկա՝ կրակ տար,

աղոթքի ցավաշունչ օղակներ թողնեի,

ծխեի, մտքերս հանձնեի երկնքիդ

ու ոխիս բազմաշերտ իմաստը պատմեի։

Տեր Աստված, միշտ մենակ, բացարձակ, կատարյալ,

անհաղորդ՝ փեշերդ համբուրող անցորդից,

երկնքից գրեթե ոչ մի բան չեմ ուզում

և ոչ էլ մարդկության մեղքերի քանորդից։

Դու ազգիս կորստյան անդունդից հեռացրու,

ու թող որ այս անգամ հավատա ինքն իրեն,

իր ոգու հրեղեն հողմերով՝ հուզավառ,

իր տունը կառուցի, իր բանակն ապավեն։

Դավիթ Վանյան

06․09․2024թ․

Դիտվել է՝ 12111

Մեկնաբանություններ