Սեպտեմբերի 22-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով` Գերմանիայի 18-րդ Բունդեստագում չորս կուսակցություններ կլինեն` քրիստոնեադեմոկրատները, սոցիալդեմոկրատները, կանաչները և աջերը: Անգելա Մերկելի գլխավորած քրիստոնեադեմոկրատները ստացել են 42 տոկոս (2009-ին` 33,8 տոկոս), որ վերջին 20 տարում լավագույն արդյունքն է դարձել: Կանցլերը հաջողությունը անվանել է սուպերարդյունք: Ընտրությունների անակնկալը դարձել է ազատ դեմոկրատների պարտությունը` նրանք չեն հաղթահարել 5 տոկոսանոց շեմը` ստանալով 4,8 տոկոս ձայներ: Կորցնելով կոալիցիոն դաշնակցին` Բունդեստագում 311 ձայն ունեցող քրիստոնեադեմոկրատները նոր կոալիցիա պիտի ձևավորեն: Փորձագետները հնարավոր են համարում մեծ կոալիցիայի ձևավորումը` քրիստոնեադեմոկրատներ+սոցիալդեմոկրատներ (նրանք ստացել են 25,7 տոկոս): Եթե Անգելա Մերկելը և սոցիալդեմոկարտների առաջնորդ Պեր Շտայնբրյուկը համաձայնության գան, տրամաբանորեն կանցլերի պաշտոնը կտրվի հաղթողին` Անգելա Մերկելին: Հենց այդ պատճառով երկրորդ արդյունքն ունեցող Պեր Շտայնբրյուկը կարող է գերադասել գլխավոր ընդդիմադիրի դերը: Եթե մեծ կոալիցիան չստացվի, թե իշխանությունը, թե ընդդիմությունը փնտրելու են գործընկերներ մյուս երկու կուսակցությունների մեջ: Քրիստոնեադեմոկրատների համար առաջինը կլինեն Կանաչները, սոցիալդեմոկրատների համար` կանաչները+աջերը: Կանաչների «Միություն-90»-ը ստացել է 8,3 տոկոս ձայներ, աջերը` 8,6 տոկոս: Ցանկացած համադրության դեպքում Անգելա Մերկելը չորրորդ անգամ կարող է ստանալ կանցլերի պաշտոնը: