ԱՄՆ Պետական դեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆը լրագրողներին տեղեկացրել է, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե ԱՄՆ-ը դադարեցնում է Եգիպտոսին օգնության ծրագրերը: Այդ լուրերը լրատվամիջոցները տարածել էին երեքշաբթի երեկոյան: «Հաղորդագրությունը, որ մենք դադաեցրել ենք Եգիպտոսին հատկացված օգնությունը, իրականությանը չի համապատասխանում: Երբ Եգիպտոսի հետ փոխգործակցության մասին որոշում ընդունվի, այդ մասին կհայտարարվի»,-ասել է Հարֆը: Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնն արդեն դադարեցրել է ռազմական աջակցությունը Եգիպտոսին: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ը Եգիպտոսին համարում է առանցքային գործընկեր տարածաշրջանում և համագործակցության դադարեցման մասին խոսք չի կարող լինել: «Մենք, մասնավորապես, մտադիր ենք նպաստել այդ երկրի ժողովրդավարական բարեփոխումներին»,-ասել է Մարի Հարֆը: