Վրաստանի նոր նախագահի օրոք քաղաքական հետապնդումներ չեն լինի երկրում` մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի նորընտիր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Լրագրողի հարցին, թե ինչ ճակատագիր է սպասվում գործող նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին, և արդյոք նրա հանդեպ քրեական գործ կհարուցվի, Մարգվելաշվիլին ասել է, որ նախագահը որևէ դատախազական լիազորություններ չունի: «Լիակատար վստահությամբ կարող եմ ասել, որ Վրաստանում քաղաքական հետապնդումներ չեն լինի, այնպես, ինչպես չեն եղել անցած տարվա խորհրդարանական ընտրություններից և նոր կառավարության իշխանության գալուց հետո»,- ասել է նա: Մարգվելաշվիլիի խոսքերով՝ քաղաքական հետապնդումները հակասում են ժամանակակից եվրոպական պետության սկզբունքներին. «Իրավական պետությունը այն է, ինչի վրա կառուցվել է ԱՄՆ-ը և Եվրոպան, դա նաև Վրաստանի պետականության հիմքն է»,- հավելել է նա: