45 րոպեանոց հեռուստաելույթից հետո, որով Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ամփոփել է իր նախագահության 10 տարիները, նա անմիջապես Թբիլիսիի քաղաքապետի հետ մեկնել է Բրյուսել` առանց որևէ մեկին տեղեկացնելու: Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ հանդիպմանը հեռացող նախագահը հայտարարել է, թե Բիձինա Իվանիշվիլի կառավարությունը սպառնացել է իրեն ազատազրկել:
Սահակաշվիլիի կարծիքով` իր կալանավորումը պաշտոնական Մոսկվայի հետ Թբիլիսիի հարաբերությունները կարգավորելու նախապայմաններից է:
«Դա հակասում է վրաց ժողովրդի կամքին և ժողովրդավարության ոգուն»,-Բրյուսելում հայտարարել է Սահակաշվիլին: Թեպետ նա արդեն ասել է, որ գրադարան է բացելու և գինեգործությամբ է զբաղվելու, քաղաքագետները համոզված են, որ Միխայիլ Սահակաշվիլին չի հեռանա քաղաքականությունից և կգործի ընդդիմության դաշտում: Ոմանք էլ համոզված են, որ նա չի վերադառնա Բրյուսելից: