Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հոկտեմբերի վերջի հարցումների համաձայն, դարձել է Ֆրանսիայի պատմության ամենացածր վարկանիշն ունեցող նախագահը` նրան աջակցում է 26 տոկոսը` պաշտոնը մեկ տարի հինգ ամիս առաջ ստանձնելուց հետո: Համաշխարհային մասշտաբով, սակայն, Օլանդը չսիրվածության ռեկորդակիր չէ: Ավելիին է հասել Պերուի նախագահ Օլիանտա Ումալան` նա ընտրվել է 2011-ին, հիմա նրան աջակցում է պերուացիների 25 տոկոսը, բայց 1 տոկոսով Օլանդը հազիվ թե երջանկանա, առավելևս, որ նա մնում է առաջին «չսիրվածը» ԵՄ երկրներում: Շատ նախագահներ են ժամանակի ընթացքում իրենց մաշկի վրա զգացել ընտրողների նվազող սերը, տարբերությունը արագությունն է, որ կախված է տնտեսական վիճակից, գնաճից, հարկերից և, իհարկե, ազգային խառնվածքից: Վիճակագրությունը վկայում է, որ տաքարյուն լատինամերիկացիները ավելի արագ են հիասթափվում պաղարյուն եվրոպացիներից: Հին աշխարհում իրենց քաղաքական կշռի կորուստներ ունեցել են գրեթե բոլոր ղեկավարները` անկում է ունեցել Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Պորտուգալիայի վարչապետների վարկանիշը, բացառություն է միայն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` 2005-ից, երբ նա դարձավ կանցլեր, վարկանիշը մնում է 60 տոկոս: Քաղաքական գործիչների վարկանիշի անկումն ու պատճառները տարբեր են: 2008-ին երդմնակալության ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը 80-83 տոկոս էր` ավելին քան ուներ 1961-ին Ջոն Քենեդին` 71-73 տոկոս: Այսօր Օբամայի կողքին է իր համակիրների 44.5 տոկոսը, թեպետ տեխնիկական դեֆոլտի սպառնալիքի, գործազրկության, Իրաքի ու Աֆղանստանի պատերազմների, Սիրիայի հարցի, Սնոուդենի հարուցած սկանդալի հաշվառումով զարմանալի է, որ նրա վարկանիշը դեռ այդքան բարձր է: Օբամայի հակառակակորդները գտնում են, որ ամեն ինչ առջևում է. սենատոր Ռենդ Պոլը վարկանիշի անկումը կապում է ոչ այնքան գործազրկության, գնաճի հետ, որքան բարոյական հեղինակության կորստի, որ հետևանք է վերջին ամիսների սկանդալների: Այնուամենայնիվ, Օբաման դեռ հեռու է իր նախորդի` Ջորգ Բուշ կրտսերի ցուցանիշներից, որ ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաբարձր բացասական վարկանիշն ունի` 71 տոկոս: Նույնիսկ Տրումենի բացասական վարկանիշն ավելի ցածր է եղել` 67 տոկոս: Մեծ Բրիտանիայում չսիրվածության ռեկորդակիրը նախկին վարչապետ Թոնի Բլերն է` 26 տոկոս վարկանիշով: Նա առաջ է անցել անգամ Հարոլդ Ուիլսոնից, ում վարչապետության ընթացքում 60-ականների վերջին ֆունտի արժեզրկման հետևանքով շատերը կորցրին իրենց կուտակած գումարները: Ճապոնացիները ամենից շատ չէին սիրում վարչապետ Նաոտո Կանին, որ պաշտոնից հեռացավ 2011-ին, ամենասիրված վարչապետը Ձյունիտիրո Կուիձումին էր: Ներքին վարկանիշի անկումը, այնուամենայնիվ, առանձնապես մեծ ազդեցություն չունի միջազգային ասպարեզում` համաշխարհային քաղաքականության վրա նախագահների ու վարչապետների ներգործության կտրվածքով: