ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան գտնում են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կորցրել է լեգիտիմությունը և պետք է հրաժարական տա` ասել է Սաուդյան Արաբիայի արքայազն Սաուդ ալ Ֆեյսալը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ մամլո ասուլիսում: «Մեր ընդհանուր կարծիքն է, որ Ասադը որևէ դեր չպետք է խաղա անցումային շրջանում` Ժնև 1-ի պայմանավորվածությունների համաձայն»: Նա նաև ասել է, որ Սաուդյան Արաբիան չի առարկում Սիրիայում հակամարտության հաղթահարման բանակցությունների դեմ, սակայն գտնում է, որ այդ բանակցությունները չեն կարող հավերժական լինել: Ֆեյսալն ընդունել է, որ ԱՄՆ-ի և իր երկրի միջև սիրիական ճգնաժամի հաղթահարման հարցում տարաձայնություններ կան: Ջոն Քերին մանրամասնել է, որ ԱՄՆ-ը ձգտում է Ժնև 2-ի հնարավորինս արագ հրավիրմանը` անցումային կառավարության ստեղծման համար, որը կզբաղվի կոնֆլիկտի կարգավորմամբ: