Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի անդամ Տարո Յամամոտոն պատժվել է Ակիխիտո կայսերն անձնական դիմումի համար: Նոյեմբերի 8-ին խորհրդարանը արգելել է մեղավոր պատգամավորին մասնակցել կայսերական ընտանիքին առնչվող արարողություններին ու միջոցառումներին: Տարո Յամամոտոն ասել է, որ ցանկացել է կայսերը տեղեկացնել, թե ինչ ներգործություն է ունեցել Ֆուկուսիմայի ատոմակայանի վթարը ճապոնացի երեխաների առողջության վրա և ինչ պայմաններում են աշխատում վթարի հետևանքները վերացնողները: Յամամոտոյին կոչ են արել հրաժարական տալ, բայց նա ընդամենը կայսեր ներողամտությունն է հայցել անհանգստացնելու համար:
Իր խնդրանքը Յամամոտոն կայսր Ակիխիտոյին է հանձնել հոկտեմբերի 31-ին հրապարակային ընդունելության ժամանակ: Ճապոնիայում դա օրենքով արգելված չէ, բայց և ընդունված չէ: Ճապոնիայի Սահմանադրությամբ կայսրը պետության և ժողովրդի միասնության խորհրդանիշն է, նա ունի ներկայացուցչական գործառույթներ, բայց ոչ քաղաքական ուժ: Վերջին անգամ խորհրդարանականն անձամբ կայսրին դիմել է 1901 թ.` ի նշան բողոքի պղնձահանքերի շահագործման, որն աղտոտում էր շրջակա միջավայրը, և տեղնուտեղը ձերբակալվել է: