Նոյեմբերի 6-ին դատարանն արդարացրել է Իսրայելի արտաքին գործերի նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանին, որ մեղադրվում էր խարդախության և պաշտոնական դիրքի չարաշահման մեջ: Դատավորը նրա գործողությունները որակել է անքաղաքավարի և անտեղի, բայց հանցակազմ չի գտել: Նախարարի դատավարությունը սկսվել էր 2013-ի փետրվարին, նա իր մեղքը չէր ընդունում: Երբ դատախազությունը որոշեց մեղադրանք հարուցել, Լիբերմանը հեռացավ պաշտոնից և խոստացավ վերադառնալ դատարանում արդարացվելուց հետո: Նրան մեղադրում էին, որ շահադիտական նպատակներով պաշտոնակարգում առաջ է մղել Բելառուսում Իսրայելի դեսպան Զևա բեն Արիեին: Իսկ նա, խախտելով օրենքը, իր ղեկավարին է տրամադրել գաղտնի տեղեկատվություն Լիբերմանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ, որով ևս նախարարը արդարացվել է: The Jerusalem Post-ը հաղորդել է, որ Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Ավիգդոր Լիբերմանի վերադարձին արտաքին գործերի նախարարի պաշտոնին: Նոյեմբերի 11-ին նրա թեկնածությունը կքննարկի Կնեսետը: Լիբերմանի վերադարձի օգտին հանդես է եկել և վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Լիբերմանի վերադարձին դեմ է «Օմեց» կազմակերպությունը, սակայն կառավարության իրավախորհրդատու Իեգուդա Վայնշտեյնը մերժել է նրանց բողոքը: