Բրիտանական The Telegraph-ն անդրադարձել է Իրանի ու Արևմուտքի միջև բանակցային գործընթացին: Հոդվածագիր Դևիդ Բլեերը գտնում է, որ «տրամաբանական դիվանագիտության արդյունքում 2 խոշորագույն թշնամիները` Իրանն ու ԱՄՆ-ն, մերձենում են` հույս ներշնչելով, որ մշտապես «անհնարին» թվացող համաձայնությունը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ կարող է ի վերջո ձեռքբերվել»: «ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, ով ցանկանում է փակուղուց դուրս բերել Իրանի միջուկային խնդիրը, թվում է` արդեն մոտ է հաջողությանը: Ժնևում եռօրյա բանակցությունների շրջանակում Քերին ավելի շատ ժամանակ է անցկացրել թշնամական երկրի` Իրանի միջուկային հարցերով բանագնաց Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ, քան որևէ այլ ամերիկացի պետքարտուղար նախկինում: Սա առաջացրեց Միացյալ Նահանգների մերձավոր դաշնակցի` Իսրայելի դժգոհությունը. վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժնևյան բանակցություններից առաջ նախապես դատապարտեց հնարավոր համաձայնագրի ձեռքբերումը»,-շարունակում է հեղինակը` ընդգծելով, որ ամեն ինչ կորած չէ, քանի որ բանակցություններն Իրանի ու միջնորդ վեցյակի միջև վերսկսվելու են նոյեմբերի 20-ին, ու «համաձայնության հույս դեռևս կա»:
«Եվ մինչ նշանակալի պահը մոտենում է, առաջ է գալիս տրամաբանական մի հարց. իսկ կողմերից ո՞ր մեկին է միջուկային համաձայնագրի ձեռքբերումն առավել անհրաժեշտ»,- հարց է հղում Բլեերն ու ներկայացնում իր վերլուծությունը:
«Քերին ու նրա իրանցի գործընկեր Զարիֆն ամենևին էլ չէին փորձում Ժնևում միջուկային խնդիրը հիմնովին լուծել: Նրանք ավելի շատ ցանկանում էին ապագա համաձայնության առաջին քայլն անել, որի շրջանակներում Իրանը մասամբ կսահմանափակեր միջուկային ծրագիրը, ինչի դիմաց Արևմուտքը կթեթևացներ իսլամական պետության նկատմամբ կիրառվող որոշ պատժամիջոցներ»,- գրում է Բլեերը: Նրա համոզմամբ` ժնևյան բանակցությունների նպատակը հետագայում համապարփակ համաձայնագրի ձեռքբերման համար ժամանակ շահելն էր:
Հոդվածագիրը հիշեցնում է, որ Իրանի ու Արևմուտքի միջև միջուկային թեմայով բանակցությունները սկսվել են դեռևս 2003 թ., երբ Թեհրանն ուներ շատ քիչ քանակությամբ հարստացված ուրան և ընդամենը մի քանի ցենտրիֆուգ:
«Անցել է 10 տարի, և Իրանն այժմ ունի 19,462 ցենտրիֆուգ, իսկ ցածր, միջին ու բարձր հարստացված ուրանի ընդհանուր ծավալը կազմում է 7,7 տոննա: Եվ եթե իրանցի մասնագետներն օգտագործեն յուրաքանչյուր ցենտրիֆուգ, նրանք կկարողանան 1 ամիս, 20 օր ժամկետում դրանք վերածել միջուկային ռումբի ստեղծման համար անհրաժեշտ ուրանի: Իսկ միջուկային մարտագլխիկի պատրաստման համար կպահանջվի 1 տարի»,- մեջբերում է Բլեերը վերլուծաբանների տվյալները` ընդգծելով, որ «որևէ ապացույց չկա, որ Իրանի իշխանությունները պատրաստվում են ռիսկային խաղի մեջ մտնել»: «Սակայն ամեն անգամ, երբ նրանք ցենտրիֆուգների նոր կասկադ են տեղադրում կամ էլ ևս 1 կգ-ով ավելացնում են բարձր հարստացված ուրանի քանակը, Արևմուտքը գիտակցում է, որ Իրանի «միջուկային արշավը» կանգնեցնելու ժամանակը գնալով կարճանում է: Ահա թե ինչով կարելի է բացատրել այս հարցը շուտափույթ լուծելու Քերիի ձգտումը»,- շարունակում է հեղինակը:
Անդրադառնալով իրանական կողմին` Բլեերը նշում է, որ իսլամական պետության տնտեսությունը մեծապես տուժում է արևմտյան պատժամիջոցների հետևանքով: «Երկրի կառավարության հեռատես ներկայացուցիչները գիտակցում են, որ տնտեսական ծանր վիճակը լուրջ սպառնալիք է իշխանությունն իրենց ձեռքում պահելու ճանապարհին: Ասվածի ապացույց է հունիսին ընտրված նախագահ Հասան Ռուհանիի այն հայտարարությունը, որ ինքը վերջ կտա Իրանի միջազգային մեկուսացվածությանը: Մի խոսքով` 2 կողմերին էլ այս գործարքն իրոք անհրաժեշտ է. Իրանին` տնտեսական աղետից խուսափելու, իսկ Արևմուտքին` Թեհրանի միջուկային ծրագրի զարգացումը սահմանափակելու համար»,- գրում է Բլեերը: Հեղինակը որպես վերջաբան նշում է, որ «թե ԱՄՆ-ն, թե Իրանը մեկը մյուսի կարիքն ունեն իրենց նպատակներին հասնելու համար: ՈՒստի, ոչ ոք, անգամ Նեթանյահուն, չի կարող փոխել այս իրականությունը»: