Ուկրաինայի իշխանությունները դադարեցրին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման նախապատրաստական աշխատանքները: Կառավարության ընդունած որոշումը նպատակ ունի իշխանություններին հնարավորություն տալ լիարժեք վերլուծել ստորագրվելիք համաձայնագրի հնարավոր ազդեցությունը երկրի արդյունաբերության և Ռուսաստանի հետ առևտրի վրա: Ուկրաինայի իշխանությունները հանդես են եկել Ուկրաինայի, Եվրամիության և Ռուսաստանի միջև եռակողմ առևտրային հանձնաժողով ստեղծելու առաջարկով: Մինչ որոշման ընդունումը Ուկրաինայի խորհրդարանը դեմ է քվեարկել այն օրինագծին, որը հնարավորություն կտար երկրի նախկին վարչապետ, այժմ կալանավորված Յուլիա Տիմոշենկոյին ուղարկել արտերկիր՝ բուժման: Այս հարցը ԵՄ-Ուկրաինա Ասոցացման համաձայնագրի կնքման վերջին նախապայմաններից էր: Ի կատարումն իր որոշման, կառավարությունը հանձնարարել է տնտեսական բլոկի նախարարություններին. «ԱՊՀ պետությունների հետ առևտրի զարգացումը, արտադրական կոոպերացիան խթանելու և տեխնոլոգիաների փոխանակմանն ուղղված միջոցներ ձեռնարկել, ինչը կնպաստի աշխատատեղերի պահպանմանն ու պետության տնտեսական կայունության ապահովմանը»: