Կիևի կենտրոնում հավաքված ցուցարարները շարունակում են բողոքի գործողությունները: Երկուշաբթի Խարկովի բանտային հիվանդանոցում գտնվող Յուլյա Տիմոշենկոն անժամկետ հացադուլ է հայտարարել: Վիկտոր Յանուկովիչը ուղերձով դիմել է ուկրաինացիներին` վերահաստատելով պաշտոնական Կիևի ցանկությունը` սերտացնել կապերը Եվրամիության հետ: Նա կարծում է, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումն այս փուլում կարող է տնտեսական ծանր հարված հասցնել տասնյակ հազարավոր ընտանիքների:
«Ինչպես հայրը չի կարող ընտանիքը թողնել առանց մի կտոր հացի, այնպես էլ ես իրավունք չունեմ մարդկանց թողնելու բախտի քմահաճույքին` միայնակ, դեմ առ դեմ այն բոլոր խնդիրներին, որ կծագեն այն ճնշման պատճառով, որին մենք այսօր դիմակայում ենք: Գործարանները կարող են դադարեցնել աշխատանքը, և միլիոնավոր աշխատավորներ կհայտնվեն փողոցում»,- հայտարարել է Յանուկովիչը` դիմելով տասնյակ հազարավոր քաղաքացիների, ովքեր փողոցում էին հայտնվել ոչ թե աշխատանքի կորստի, այլ Յանուկովիչի գործողությունների դեմ բողոքելու պատճառով: «Ես ստիպված եմ բարդ որոշումներ կայացնել: Դա է պատճառը, որ երբեմն ինձ սխալ են հասկանում: Դա է պատճառը, որ խնդրում եմ` ուշադիր լսեք ինձ: Ես երբեք չեմ դիմի որևէ քայլի, որ կարող է վնասել ուկրաինական պետությանն ու մեր քաղաքացիներին: ՈՒկրաինայի քաղաքացու կամքը միշտ եղել է, մնում է և կմնա իմ կայացրած որոշումների հիմքը»,- հայտարարել է Յանուկովիչը: Այնուհանդերձ, ցուցարարները շարունակում են բողոքի գործողությունները` պահանջելով վերսկսել Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի բանակցությունները: Բողոքի ակցիաների կազմակերպիչներից մեկը` ՈՒԴԱՌ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն, կրկին հայտարարել է, որ բողոքի ակցիաները չեն դադարի մինչև վերջնական հաղթանակը:
«Հաղթանակի կարող են հասնել միայն այն մարդիկ, ովքեր չեն վախենում արտահայտել իրենց քաղաքացիական տեսակետը, ովքեր պատրաստ են պայքարել իրենց ապագայի համար: Հենց դա է պատճառը, որ մենք ի վերջո ապացուցելու ենք` ՈՒկրաինան Եվրոպայի մասն է», - ասել է Կլիչկոն:
«Եվրոպական կառույցները պատրաստ են օրակարգից հանել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հարցը` փոխարենը խոստանալով չարգելափակել Ասոցացման համաձայնագրի ստորագրումը վիլնյուսյան գագաթնաժողովի ընթացքում: Դա հնարավոր կդառնա, եթե Յանուկովիչը խոստանա մոտ ապագայում` Վիլնյուսից հետո, լուծել Տիմոշենկոյի ազատ արձակման հարցը», - նշում են «Коммерсантъ»-ի բրյուսելյան աղբյուրները` հավելելով նաև, որ կողմերի միջև առկա առանցքային տարաձայնությունները ֆինանսական, այլ ոչ թե քաղաքական բնույթ ունեն: «Յանուկովիչի վարչակազմը Բրյուսելից 15 միլիարդ դոլար է պահանջում` Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման անխուսափելի բացասական հետևանքները մեղմելու համար», - պնդում է թերթը` մեջբերելով ՈՒկրաինայում Մեծ Բրիտանիայի դեսպան Սայմոն Սմիթի խոսքերը. «Կիևին հավելյալ ֆինանսական օժանդակություն տրամադրելու իմաստ չեմ տեսնում: Առանց այդ էլ ՈՒկրաինան, ստորագրելով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, մեծ հնարավորություններ ու առավելություններ կստանա»: