ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Փորձում են պետության ներսում պետություն ստեղծել»

«Փորձում են պետության ներսում պետություն ստեղծել»
21.12.2013 | 23:08

Թուրքիայում կոռուպցիայի գործով հետաքննությունը քաղաքական ճգնաժամի է հանգեցրել։ Ոստիկանները փորձում են պարզել ոսկու կասկածելի վաճառքի հանգամանքները. խոսքը միլիոնավոր դոլարների հասնող գործարքի մասին է, որին մասնակցել են երեք նախարարների և անվանի գործարարների զավակները։ Շաբաթասկզբին ոստիկանները ձերբակալել են մոտ 80 քաղաքացիների: Նրանք մեղադրվում են կոռուպցիոն գործարքներ կատարելու և հետաքննությունը խոչընդոտելու փորձերի մեջ։ «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավար, վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանը կարգադրել է պաշտոնանկ անել Ստամբուլի և մայրաքաղաք Անկարայի ոստիկանության մի քանի հանձնակատարների ու բարձրաստիճան այլ պաշտոնյաների։ Նա վստահ է, որ «ոստիկանները կեղտոտ արշավ են սկսել և փորձում են վարկաբեկել նախարարներին ընտրություններից առաջ»։ Էրդողանը կարծում է, որ այս գործողությունները նախաձեռնողները «փորձում են հարված հասցնել կառավարությանը և պետության ներսում պետություն ստեղծել»։ Նա անուններ չի նշել, սակայն, ըստ վերլուծաբանների, կշտամբանքը հասցեագրված է Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Ֆեթուլահ Գյուլենի հետևորդներին։ Ոսկու գործով հետաքննության արդյունքում ոստիկանների և Էրդողանի անմիջական քաղաքական շրջապատի միջև իսկական առճակատում է սկսվել։ Քննիչները խուզարկություններ են անցկացրել կասկածյալների տներում, առգրավված իրեղեն ապացույցներից ամենասենսացիոնը կոշիկի տուփերն են, որոնց մեջ կանխիկ գումարով եղել է 4.5 միլիոն դոլար։ Տուփերը հայտնաբերվել են «Հալք-Բանք» պետական բանկի գործադիր տնօրենի տանը, իսկ նախարարներից մեկի որդու տան ննջասենյակում էլ կանխիկ դրամ հաշվող մեքենա և տրցակներով թղթադրամ են հայտնաբերել։ Ըստ քննիչների, այդ խմբավորումը Իրանից նավթ և գազ գնելու համար հատկացված կանխիկ դրամը վերածել է ոսկու, որն Իրան է փոխադրվել Դուբայի տարածքով։ Դեռ հայտնի չէ, թե կոնկրետ ով կառավարությունից կարող էր ներքաշված լինել կոռուպցիոն գործարքում, և արդյո՞ք Իրանի կառավարությունն էլ առնչություն ունի գործին, ընդամենը հաղորդվում է, որ առանցքային կասկածյալը Թուրքիայում բնակվող իրանցի գործարար Ռեզա Զարաբն է, ով լավ կապեր ունի և՛ Թուրքիայում, և՛ Իրանում։ Թուրքիան նավթ և գազ է ներկրում Իրանից, սակայն միջազգային պատժամիջոցներն արգելում են վճարումներն անել դոլարով կամ եվրոյով, վճարում են թուրքական լիրայով։ Սակայն իրանցիները «Հալք-Բանքից> վերցրած լիրաներով Թուրքիայում ոսկի են գնում, պարկերով տանում Դուբայ, ծախում դոլարով կամ եվրոյով, ապա տարադրամը կամ ոսկին փոխադրում են Իրան։ Այս գործարքները հակասում են ամերիկյան պատժամիջոցներին, որոնց նպատակն է փակել դեպի Իրան դոլարի կամ եվրոյի և թանկարժեք մետաղների հոսքը։ 2014-ի նախագահական ընտրություններից առաջ վարչապետ Էրդողանը անհարմար վիճակում է հայտնվել, քանի որ 2003-ին իշխանությունը ստանձնեց «Մաքուր ձեռքերի քաղաքականության» կարգախոսով։ Մահմեդական առաջնորդ Գյուլենի հետևորդները ժամանակին եղել են «Արդարություն և զարգացում» կուսակցության դաշնակիցները և նպաստել են Էրդողանի հաղթանակին։ Նրանց միավորել է վախը ժամանակակից Թուրքիայի հիմնադիր, աշխարհիկ կարգերի վճռական ջատագով Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարախոսության նկատմամբ։ «Երկու ուժերը համատեղ ջանքերով պայքարել են ընդհանուր թշնամու` երդվյալ քեմալականների, աշխարհիկ զինվորականների և նրանց միացած արդարադատության վերնախավի դեմ։ Բայց հիմա սկսվել է կռիվ կառավարման ոճի շուրջ, ըստ էության, սա պայքար է իշխանությունը կիսելու և որոշ հարցերում վճռական ձայնի իրավունք ստանալու համար»,- ասել է «Հուրիեթի» մեկնաբան Յինանջը։

Դիտվել է՝ 1167

Մեկնաբանություններ