Ղազախստանը կտրականապես դեմ է ապագա Եվրասիական տնտեսական միության քաղաքականացմանը` Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է անում կենտրոնանալ տնտեսության վրա: «Մենք այդ մասին խոսել ենք, կրկնել չեմ ուզում, բայց ստեղծվող միության քաղաքականացումը անթույլատրելի է: Մենք տեսնում ենք` ինչ է կատարվուն շուրջբոլորը: Եկեք ստեղծենք տնտեսական միություն, ամեն ինչ իր ժամանակն ունի: Մենք տնտեսական միություն ենք կառուցում, այդ պատճառով ԵՏՀ-ի խնդիրն է պայմանագրի մեջ չներառել կետեր, որոնք դուրս են գալիս տնտեսական ինտեգրման շրջանակներից»,-ասել է Նուրսուլթան Նազարբաևը: Նա գտնում է, որ սահմանների պաշտպանության, միգրացիոն քաղաքականության, պաշտպանության ու անվտանգության համակարգի, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի, քաղաքացիական, քրեական, վարչական գործերով իրավական աջակցության հարցերը չեն վերաբերում տնտեսական ինտեգրմանը և չեն կարող ներառվել տնտեսական միության ձևաչափում: «Ուզում եմ հիշեցնել, որ իմ թվարկած հարցերը արդեն լուծված են մեր բազմակողմ համաձայնագրերի ձևաչափով, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և երկկողմ համաձայնագրերի ձևաչափերով, պետք չէ դրանք այստեղ քարշ տալ: Բարձրացվում է պատասխանատվության հարցը քրեական, վարչական իրավախախտումների դեպքում, սակայն այդ ոլորտները զուտ ազգային են և պետությունների ներքին քաղաքականության խնդիրներ են ու պետք է բացառվեն կվալիֆիկացիոն պայմանագրից»,- ընդգծել է Ղազախստանի նախագահը: Նա վստահ է, որ Եվրասիական բարձրագույն խորհրդին վերազգային լիազորություններով օժտելը անթույլատրելի է: «Մենք ունենք հանձնաժողով և ունենք լիազորություններով օժտված ազգային կառույց: Մենք դա արել ենք և առաջ ենք գնացել, որպեսզի մոտենանք ինտեգրմանը: Նրա լիազորությունները հստակ սահմանված են պայմանագրերով ու համաձայնագրերով, վերաբերում են բացառապես տնտեսության ոլորտին: Մենք իբրև պետությունների ղեկավարներ` նշանակում ենք հանձնաժողովի անդամներին, մեր որոշումները ունեն կազմակերպական մարտավարություն: Հանձնարարում ենք անել, հավանություն ենք տալիս հանձնաժողովի գործունեությանը, ստորագրում ենք պայմանագրերը, իսկ հանձնաժողովը կատարում է, քանի որ դրանք բարձրագույն կառույցի որոշումներ են: Պետք է պահպանել այս կառուցվածքը»` ընդգծել է Նազարբաևը: