Թուրքիայում կոռուպցիոն սկանդալը նոր թափ է հավաքում՝ հարվածի տակ է հայտնվել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Դատախազության սանկցիաներով կալանավորվել են իշխող էլիտան ներկայացնող կասկածյալների նոր խումբ՝ խոշոր բիզնեսմեններ, քաղաքական ու հասարակական գործիչներ, Էրդողանի երկու որդիները: Նա արմատական փոփոխություններ է կատարել կառավարության կազմում և հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ՝ քաղաքական ճգնաժամից ելք գտնելու համար: Էրդողանի երու որդիները՝ Ահմեդ Բուրակը և Բիլյալը բիզնեսմեններ են, մեկն աշխատում է ոսկու առևրի ոլորտում, մյուսը՝ ծովային փոխադրումների և շինարարության: Դատախազ Զաքարիե Օզը, որ վարում է Էրգենեկոնի գործը ընդդեմ թուրք զինվորական քեմալականների, իսկ հիմա զբաղվում է իշխանության վերին էշելոնների կոռուպցիայով, վարչապետի որդիների ձերբակալության համար հիմքեր է գտել: Անսպասելիորեն Ստամբուլի ոստիկանները հրաժարվել են կատարել դատախազի հրահանգը: Հավանաբար, ոստիկանությունը, որտեղ կիսով չափ վարչապետի կողմնակիցերն են, կիսով չափ հակառակորդները, փորձում է գնահատել քաղաքական գործընթացների հետագա զարգացումները: Օրերս այդ կառույցում Էրդողանը կոշտ զտումներ արեց՝ աշխատանքից ազատվեցին հարյուր բարձրաստիճան սպաներ, պաշտոնները կորցրածների ընդհանուր թիվը հասավ հինգ հարյուրի:
Էրդողանի նշանակած նոր նախարարներից ոչ մեկը երբևէ ինչ-որ սկանդալային պատմության հետ չի առնչվել: Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ վարչապետի ներկայացրած թեկնածուներին նախագահ Աբդուլա Գյուլը հաստատել է բազմաժամյա քննարկումներից հետո, որոնց վերջում Էրդողանը ՛՛խաղաղ ու հանդարտ ՛՛ էր, որ հազվադեպ է լինում:
Տեղական ընտրություններից առաջ հատուկ ծառայությունները զգուշացնում էին իշխանությանը ծրագրվող սադրանքների մասին, բայց ոչ ոք չէր կանխատեսում այս մասշտաբի սկանդալ: Դեռ երկու օր առաջ վերլուծաբանները կարծում էին, որ ուժեղ վարչապետին թուլացնելու փորձ է արվում, բայց հիմա արդեն պարզ է՝ նրան ուզում են քաղաքականապես ոչնչացնել: «Եթե նրանց թիրախը Թայիփ Էրդղանն է, նրանք ձեռնունայն են մնալու»,-հայտարարել է Էրդողանը Hurriyet թերթին,-նրանք դա գիտեն և այդ պատճառով գրոհում են նախարարների վրա»: Վարչապետի հակառակորդներին հաջողել է ծանրակշիռ փաստեր հավաքել: Միջազգային մամուլը գրում է, որ կոռուպցիոն սկանդալի թիկունքում թուրք ազդեցիկ գործիչ Ֆեթուլա Գյուլենն է: Նա ապրում է Փենսիլվանիայում: Նրա «Հիզմեթ» կազմակերպության անդամները ապրում են հարյուրից ավելի երկրներում, քաղաքական կշիռ ունեն և ֆինանսներ: Նրանք կուսակցություններ չեն ստեղծում, զբաղվում են լուսավորչական ու բարեգործական աշխատանքներով և շատ համերաշխ են: Տեղական իշխանության ընտրություններից առաջ այդ կազմակերպությունը ցույց է տալիս իր ուժը: Խնդրո առարկան Ստամբուլի ու Անկարայի կառավարման համակարգերում ղեկավար պաշտոններ ստանալն է՝ վերահսկողությունը երկու մայրաքաղաքներում իշխանությոուն է տալիս ամբողջ երկրում: Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Գյուլենը դժգոհ է Էրդողանի վարած քաղաքականությունից դեռ «Մարմարա» նավի միջադեպի ժամանակներից, երբ «Մարմարան» փորձում էր հասնել Իսրայելի շրջափակած Գազայի պաղեստինյան հատված: Գյուլենը համաձայն չէ և Անկարայի դիրքորոշմանը Սիրիայի ու Իրանի հարցում: «Հիզմեթի» դպրոցները փակելու որոշումը դարձավ վերջին կաթիլը: Տասնմեկ տարի իշխանության ղեկը ձեռքին ունեցած վարչապետի պաշտոնանկությունը ցանկանալու պատճառներ շատերն ունեն Թուրքիայում: Նրանց թվում ընդդիմադիր Հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քիլիչդարօղլին է: Այնուհանդերձ, Էրդողանը հայտարարել է, որ չի լքի պաշտոնը, թեև Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ցուցարարները նրան հրաժարականի կոչ են արել: Ոստիկանությունը նրանց դեմ կիրառել է արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: