Foreign Policy ամսագիրը հակամարտությունների ցանկ է կազմել, որոնք 2014-ին կսպառնան գլոբալ կայունությանը: Ընտրությունը կատարվել է 10 դիրքերով, որոնցից 5-ը նոր են, այդ թվում Հյուսիսային Կովկասը:
Հակամարտությունների ցանկում են ընդգրկվել Սիրիան եւ Լիբանանը, Լիբիան, Իրաքը, Հոնդուրասը, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, Սուդանը, Սախելը եւ Հյուսիսային Նիգերիան, Բանգլադեշը, Կենտրոնական Ասիան:
Հյուսիսային Կովկասի (Սոչի) մասով հրապարակման մեջ ասվում է. «Այս տարվա փետրվարին Ռուսաստանը Սոչի քաղաքում ընդունում է ձմեռային օլիմպիադան, որի արժեքը (47 մլրդ դոլար) ամենաթանկն է օլիմպիադաների պատմության մեջ, բայց գլխավոր խնդիրը ոչ թե դա է, այլ անվտանգությունը, քանի որ ոչ հեռու՝ Հյուսիսային Կովկասում, տեղի է ունենում տվյալ պահին Եվրոպայում ամենաակտիվ հակամարտություններից մեկը: Ի պատասխան ահաբեկչական սպառնալիքի, որի լրջությունը հերթական անգամ հաստատվեց Վոլգոգրադում, Ռուսաստանի կառավարությունը Սոչիում անվտանգության աննախադեպ միջոցառումներ է նախաձեռնել»:
«Սոչիի օլիմպիադայի ժամանակ անվտանգության ապահովումն անհրաժեշտ է, սակայն խիստ, ուժային քաղաքականության վերադարձ, հավանական է, արթնացնի հակամարտությունը օլիմպիական խաղերից հետո, իսկ դա նշանակում է, որ 2014-ը Ռուսաստանի հարավի համար կդառնա հերթական արյունալի տարին»,-ասված է հրապարակման մեջ: