Չեխիայում Պաղեստինի դեսպան Ջամալ Մուհամադ ալ-Ջամալի մահվան պատճառը եղել է չհրկիզվող պահարանը, որը չէր բացվել երկու տասնամյակից ավելի՝ հայտարարել է Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ-Մալիքին:
Ջամալ Մուհամադ Ջամալը դեսպանատան նոր շենք էր տեղափոխվել երկու օր առաջ եւ ցանկացել է իմանալ, թե ինչ է գտնվում չհրկիզվող պահարանում: Նա բացել է պահարանն ու խնդրել կնոջը թուղթ ու գրիչ բերել: Հենց կինը դուրս է եկել սենյակից, պայթյուն է որոտացել:
Չեխիայի ոստիկանության ղեկավար Մարտին Չերվիչեկը հայտարարել է, որ իրենց երկրում արգելված են չհրկիզվող պահարանները, որոնք սահմանված կարգով չբացելու դեպքում գործի է դրվում պայթեցման մեխանիզմը: Ոստիկանությունն անմիջապես բացառել է ահաբեկչության վարկածը: Դեսպանը ստացված վնասվածքներից մահացել է հունվարի 1-ին: Չեխիան առաջին երկրներից էր, որ իր տարածքում Պաղեստինի ինքնավարության դիվանագիտական առաքելությանը տվեց «Պաղեստինի դեսպանատուն» կարգավիճակը: