Անցյալ 2 օրերին սիրիական բանակի ստորաբաժանումներն ու նրանց հարող զորամիավորումները Հալեպում շարունակել են Հին քաղաքն ազատագրել ընդդիմադիրներից: Տարբեր տվյալներով, կառավարական ուժերի վերահսկողության տակ է Հալեպի արևելյան հատվածի 70-85 %-ը: Արաբական լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությամբ՝ սիրիական բանակի առաջընթացը կապված է նաև Ռուսաստանի և Թուրքիայի պայմանավորվածություններով՝ ընդդիմադիրների կողմից վերահսկվող շրջանները հանձնելու վերաբերյալ։
Թուրքիայում անցկացված բանակցությունները սիրիական ընդդիմադիր խմբավորումների առաջնորդների, Թուրքիայի և ՌԴ ԶՈՒ ներկայացուցիչների միջև ավարտվել են գիշերը: Հստակ չէ՝ բանակցություններին մասնակցել են սիրիական զինված ընդդիմության միասնական կառույցի՝ «Ջայշ ալ-Հալաբի» կորիզը կազմող ծայրահեղական ուղղվածությամբ ու ամենաազդեցիկ «Ջաբհաթ Ֆաթհ ալ-Շամ» և «Հարաքաթ Նուր ալ-Դին ալ-Զինքի» խմբավորումները, որ մերժում էին արևելյան Հալեպը խաղաղ ճանապարհով հանձնելը: Ի տարբերություն Արևելյան Հալեպում որոշ շրջաններ հանձնած Անկարայի հովանավորյալ խմբավորումների, այդ կառույցները կրում են Սաուդյան Արաբիայի և Կատարի ազդեցությունը:
Սիրիական զինված ընդդիմության վիճակն օրհասական է՝ «Հալեպի կառավարման խորհուրդը» հայտարարություն է տարածել միջազգային հանրությանը մարդասիրական միջամտության կոչ անելով՝ 7-օրյա հրադադարի խնդրանքով:
Հալեպի իրավիճակը գտնվում է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում՝ Սիրիայի իշխանությունների, Ռուսաստանի և Իրանի դեմ դիվանագիտական մեծ ճնշում կա՝ ռազմական գործողությունները ժամանակավորապես դադարեցնելու և մարդասիրական միջանցքներ բացելու համար: