Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն օրերս հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է սոսկ որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում՝ նպատակ ունենալով քաղաքական դաշտը մաքրել Մոսկվայի և Երևանի միջև առողջ հարաբերությունների օգտին հանդես եկող ուժերից: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ ձևավորված կապերի խզումը Հայաստանի շարքային քաղաքացիների համար կհանգեցնի անխուսափելի ծանր հետևանքների:               
 

Չէի ասի, թե Կրեմլը խանգարելու է Հայաստանի գործող իշխանության վերարտադրությանը

Չէի ասի, թե Կրեմլը խանգարելու է Հայաստանի գործող իշխանության վերարտադրությանը
20.05.2026 | 18:20

Հայաստանի իշխանությունները վերջին ութ տարիների ընթացքում որևէ գործուն քայլ չեն իրականացրել տարածաշրջանում և Հայաստանում ռուսական կենսական շահերի դեմ։

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ, Ռուսաստանը դեռևս Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է, հայկական ատոմակայանը շարունակում է սպասարկվել Ռուսաստանի հետ համատեղ, իսկ Հայաստանում շարունակում է տեղակայված մնալ ռուսական ռազմաբազան։ Հետևաբար, պնդումները ինքնիշխանության և ռուսական ազդեցությունից ազատվելու քայլերի վերաբերյալ առնվազն աղերս չունեն իրականության հետ։

Ինչ վերաբերում է ցածր և միջին օղակներում առկա խոսքային մակարդակի վիճաբանություններին, ապա դրանք գտնվում են բացառապես հռետորաբանության շրջանակում։ Ընդ որում, ամենաբարձր մակարդակում հարաբերությունները բավականին ջերմ են, իսկ շփումները՝ ակտիվ (ի դեպ, Ուկրաինայի և Վրաստանի եվրոպամետ առաջնորդների հետ նման հարաբերություններ չեն եղել)։

Հետևաբար, Հայաստանի իշխանություններին հակառուսական չէի անվանի, իսկ Ռուսաստանի իշխանությունների մասին չէի ասի, թե նրանք խանգարելու են Հայաստանի գործող իշխանության վերարտադրությանը։ Ավելին, ընտրություններից հետո չեմ զարմանա, եթե առաջիններից մեկը, եթե ոչ առաջինը, հենց Ռուսաստանի նախագահը լինի, ով կշնորհավորի Հայաստանի իշխանություններին հաղթանակի կապակցությամբ:

Ուրախ կլինեմ, եթե հակառակ կարծիքներ և փաստարկներ լինեն:

Սուրեն Սարգսյան

Դիտվել է՝ 4409

Մեկնաբանություններ