ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

Բոլշևիկյան հեղափոխությունից հետո ռուսական ոսկու ճանապարհը դեպի Շվեդիա․ NOHAB-ի տարօրինակ գործարքը

Բոլշևիկյան հեղափոխությունից հետո ռուսական ոսկու ճանապարհը դեպի Շվեդիա․ NOHAB-ի տարօրինակ գործարքը
17.09.2026 | 10:24

1917 թվականի բոլշևիկյան հեղափոխության ֆինանսավորման թեման մինչ օրս բազմաթիվ վեճերի առարկա է։ Գերմանական մասնակցության վերաբերյալ գոյություն ունի զգալի փաստաթղթային բազա։ Սակայն շատ ավելի հետաքրքիր հարց է առաջանում հեղափոխությունից ընդամենը մի քանի տարի անց՝ երբ նորաստեղծ խորհրդային պետությունը սկսում է հսկայական քանակությամբ ոսկի դուրս բերել երկրից։

Այդ պատմության ամենահետաքրքիր դրվագներից մեկը կապված է շվեդական Nydqvist & Holm AB — NOHAB ընկերության հետ։

1920 թվականին Խորհրդային Ռուսաստանը NOHAB-ին պատվիրում է 1,000 շոգեքարշ՝ մեկ շոգեքարշի համար 230,000 շվեդական կրոն գնով։ Պայմանագրի ընդհանուր անվանական արժեքը հասնում էր մոտ 230 միլիոն կրոնի։ Հետագայում պատվերը կրճատվեց մինչև 500 շոգեքարշ։

Ինքնին սա կարող էր թվալ սովորական խոշոր արդյունաբերական պայմանագիր։

Բայց մանրամասները շատ ավելի հետաքրքիր են։

NOHAB-ը մինչ այդ տարեկան արտադրում էր ընդամենը մոտ 40 շոգեքարշ։ Այսինքն՝ պատվերի պահին այն նույնիսկ չուներ նման մասշտաբի պատվեր կատարելու համապատասխան արտադրական հզորություն։ Ռուսական պատվերից հետո ընկերությունն արագորեն ընդլայնվեց․ կառուցվեցին նոր արտադրամասեր, ձեռք բերվեցին այլ ձեռնարկություններ, իսկ աշխատողների թիվը մոտ 800-ից հասավ ավելի քան 2,600-ի։

Ավելին։

Գործարքը կազմակերպած շվեդ գործարար Գուննար Վ. Անդերսոնը 1920 թվականի հունիսին՝ ռուսական պատվերի շուրջ բանակցություններից հետո, ընդամենը մոտ 5.5 միլիոն կրոնով ձեռք բերեց NOHAB-ի 6,000 բաժնետոմսերից 5,947-ը։ Ռուսական պատվերի հետ կապված միջոցներն ու պայմանագիրը դարձան այն ֆինանսական հիմքերից մեկը, որոնց միջոցով հնարավոր դարձավ ընկերության ձեռքբերումն ու հետագա ընդլայնումը։

Այսինքն՝ ունենք բավական հետաքրքիր համեմատություն.

ընկերության վերահսկիչ փաթեթի ձեռքբերում՝ մոտ 5.5 մլն կրոն,

իսկ ռուսական պատվերի սկզբնական արժեք՝

մոտ 230 մլն կրոն։

Բայց ամենակարևորը վճարման ձևն է։

Խորհրդային Ռուսաստանը վճարում էր ոսկով։

1920 թվականի հոկտեմբերի պայմանավորվածությունների համաձայն՝ միայն առաջին 500 շոգեքարշների արժեքը հաշվարկվում էր մոտ 56 տոննա ոսկի։ Առաջին փուլում նախատեսվում էր փոխանցել մոտ 10 տոննա, իսկ 1921 թվականի սկզբին Շվեդիա տեղափոխվեց ևս մոտ 9.65 տոննա ոսկի։ Դրա մի մասը պահվում էր բանկում NOHAB-ի անունով և օգտագործվում արտադրության ֆինանսավորման ու հզորությունների ընդլայնման համար։

Շվեդական NOHAB-ի պատմական արխիվի նյութերն էլ հաստատում են գործարքի բացառիկ չափերը․ այն ժամանակ դա Շվեդիայի պատմության խոշորագույն առանձին արդյունաբերական պատվերն էր, և հիմնական վճարումը կատարվում էր ոսկով։

Այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիր մասը։

Պաշտոնական բացատրությունը պարզ է․

Ռուսաստանի երկաթուղային համակարգը քայքայված էր, երկրին շտապ անհրաժեշտ էին շոգեքարշներ, իսկ սեփական արդյունաբերությունը չէր կարող արագ ապահովել անհրաժեշտ քանակությունը։ Հետևաբար պետությունը պատվերներ էր տալիս արտասահմանյան արտադրողներին։

Սա տրամաբանական և փաստագրված բացատրություն է։

Բայց ֆինանսական պատմությունը դրանով չի ավարտվում։

Հարցն այն չէ միայն, թե ինչու էին շոգեքարշներ գնում։

Հարցն այն է՝

ինչո՞ւ հենց այս ընկերությունը, որն այդ պահին նույնիսկ չուներ նման պատվեր կատարելու անհրաժեշտ արտադրական հզորությունները,

ինչո՞ւ այդպիսի հսկայական կանխավճարներ,

ինչո՞ւ ոսկով,

և ամենակարևորը՝

որտե՞ղ հայտնվեց այդ ոսկին ֆինանսական ամբողջ շղթան անցնելուց հետո։

Սա հատկապես հետաքրքիր է դառնում 1917 թվականի հեղափոխության ֆինանսավորման պատմության համատեքստում։

Այստեղ պետք է հստակ սահմանազատել փաստն ու վարկածը։

Փաստ է, որ բոլշևիկյան հեղափոխությունից ընդամենը մի քանի տարի անց Ռուսաստանից տասնյակ տոննաներով ոսկի տեղափոխվեց Շվեդիա՝ NOHAB-ի հետ կնքված հսկայական պայմանագրի շրջանակներում։

Փաստ է, որ պատվերը բազմապատիկ գերազանցում էր ընկերության նախկին արտադրական հնարավորությունները։

Փաստ է, որ ռուսական պատվերի շուրջ ձևավորված ֆինանսական հնարավորությունների ֆոնին NOHAB-ը փոխեց վերահսկող սեփականատիրոջը և հսկայական արագությամբ ընդլայնվեց։

Բայց այն պնդումը, որ NOHAB-ի գործարքը իրականում օգտագործվել է 1917 թվականի հեղափոխությունը նախկինում ֆինանսավորած միջազգային ֆինանսական շրջանակներին գումարները վերադարձնելու համար, այս պահին չի կարելի ներկայացնել որպես ապացուցված պատմական փաստ։

Դրա համար անհրաժեշտ է գտնել ֆինանսական շղթայի հաջորդ օղակները.

Ռուսական ոսկի → շվեդական բանկեր → NOHAB և միջնորդներ → վերջնական շահառուներ։

Եվ հետո համեմատել այդ վերջնական շահառուներին այն ֆինանսական ու քաղաքական ցանցերի հետ, որոնք գործել են 1917 թվականի իրադարձությունների նախապատրաստման և ֆինանսավորման շրջանում։

Հենց այստեղ է գործում պատմության ուսումնասիրության կարևոր սկզբունքներից մեկը.

փաստաթղթի բացակայությունը դեռևս չի ապացուցում իրադարձության բացակայությունը, բայց վարկածն էլ չի կարելի ներկայացնել որպես փաստ, քանի դեռ դրա մեխանիզմը հնարավոր չէ վերականգնել։

Պատմության մեջ գաղտնի ֆինանսական պայմանավորվածությունները հազվադեպ են ձևակերպվում փաստաթղթով՝ «այս գումարը նախկինում կատարած ծառայության դիմաց է»։

Այդ պատճառով պետք է ուսումնասիրել ոչ միայն պայմանագրերի պաշտոնական ձևակերպումները, այլ նաև փողի շարժը, շահառուներին, միջնորդներին, սեփականության փոփոխությունները, որոշումների ժամանակագրությունը և դրանց իրական տնտեսական հետևանքները։

Երբ այդ ամբողջ շղթան դնում ենք մեկ սեղանի վրա, NOHAB-ի պատմությունը այլևս պարզապես շոգեքարշների գնման պատմություն չէ։

Այն դառնում է շատ ավելի հետաքրքիր հարցի մեկնակետ.

1917 թվականի հեղափոխությունից հետո ռուսական կայսրության ոսկին իրականում ո՞ւր գնաց, ո՞վ ստացավ այն և արդյո՞ք այդ մարդկանց ու ֆինանսական շրջանակների մի մասը հանդիպում է նաև հեղափոխությունից առաջ և հեղափոխության ընթացքում գործող ֆինանսական ցանցերում։

Հենց այս հարցի պատասխանն է պետք փնտրել։

Շարունակելի

Սերգեյ Ղարագյոզյան

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ