ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Եթե Ադրբեջանն ունի վախեր ՀՀ Անկախության հռչակագրից, Հայաստանի մտահոգությունները տասնապատիկ մեծ պետք է լինեն

Եթե Ադրբեջանն ունի վախեր ՀՀ Անկախության հռչակագրից, Հայաստանի մտահոգությունները տասնապատիկ մեծ պետք է լինեն
07.11.2026 | 13:37

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱԿՏ

18 հոկտեմբերի 1991 թվականի, № 222-XII

Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին
1918 թվականի մայիսի 28-ին Ադրբեջանի Ազգային խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիր՝ դրանով իսկ վերականգնելով ադրբեջանական ժողովրդի պետականության դարավոր ավանդույթները։
Ադրբեջանի Հանրապետությունը, իր տարածքում օժտված լինելով պետական իշխանության ողջ ծավալով, վարում էր ինքնուրույն արտաքին և ներքին քաղաքականություն։ Ստեղծվել և գործում էին ինքնիշխան պետությանը բնորոշ ինստիտուտներ՝ Ադրբեջանի Հանրապետության խորհրդարանը, կառավարությունը, բանակը, ֆինանսական համակարգը։ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչվել էր բազմաթիվ օտարերկրյա պետությունների կողմից և նրանց հետ հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Սակայն 1920 թվականի ապրիլի 27-28-ին ՌՍՖՍՀ-ն, կոպտորեն ոտնահարելով միջազգային իրավական նորմերը, առանց պատերազմ հայտարարելու Ադրբեջան մտցրեց իր զինված ուժերի ստորաբաժանումները, օկուպացրեց ինքնիշխան Ադրբեջանի Հանրապետության տարածքը, բռնի ուժով տապալեց օրինական ճանապարհով ընտրված իշխանության մարմինները և վերջ դրեց ադրբեջանական ժողովրդի հսկայական զոհողությունների գնով ձեռք բերված անկախությանը։
Դրանից հետո Ադրբեջանը, ինչպես 1806-1828 թվականներին, դարձյալ բռնակցվեց (անեքսիայի ենթարկվեց) Ռուսաստանի կողմից։
ԽՍՀՄ կազմավորման մասին 1922 թվականի դեկտեմբերի 30-ի պայմանագիրը կոչված էր ամրագրելու այդ բռնակցումը։ Հետագայում՝ 70 տարիների ընթացքում, Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ վարվում էր գաղութատիրական քաղաքականություն. անխնա շահագործվում էին Ադրբեջանի բնական ռեսուրսները և հափշտակվում նրա ազգային հարստությունները, ադրբեջանական ժողովուրդը ենթարկվում էր հալածանքների ու բռնաճնշումների, ոտնահարվում էր նրա ազգային արժանապատվությունը։ Չնայած դրան՝ ադրբեջանական ժողովուրդը շարունակում էր իր պայքարը պետական անկախության համար։
Դրա արդյունքը դարձավ Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից 1991 թվականի օգոստոսի 30-ին «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին» Հռչակագրի ընդունումը։

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ

Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին
Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհուրդը,
• ղեկավարվելով Ադրբեջանի ժողովրդի բարձրագույն պետական շահերով և արտահայտելով նրա կամքը,
• արձանագրելով, որ 1918-1920 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունը գոյություն է ունեցել որպես անկախ, միջազգային համայնքի կողմից ճանաչված պետություն,
• հիմնվելով Ադրբեջանի Հանրապետության Սահմանադրության, «Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության մասին» և «Ադրբեջանի Հանրապետության տնտեսական ինքնուրույնության հիմունքների մասին» սահմանադրական օրենքների վրա,
• գիտակցելով իր պատասխանատվությունը Ադրբեջանի ժողովրդի ճակատագրի և ազատ զարգացման ապահովման համար,
• երաշխավորելով միջազգային ակտերով նախատեսված մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները Ադրբեջանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար՝ անկախ ազգային պատկանելությունից և դավանանքից,
• ձգտելով կանխել Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգը,
• ղեկավարվելով Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունն ապահովելու սրբազան պարտքով,
• գիտակցելով հանրապետության բոլոր հայրենասիրական ուժերի համախմբման անհրաժեշտությունը,
• ճանաչելով միջազգային դաշնագրերը, կոնվենցիաները և այլ փաստաթղթեր, որոնք չեն հակասում Ադրբեջանի Հանրապետության և նրա ժողովրդի շահերին, և ցանկանալով այսուհետ ևս պահպանել բարեկամական հարաբերություններ ԽՍՀՄ կազմի մեջ մտնող բոլոր հանրապետությունների հետ,
• արտահայտելով պատրաստակամություն՝ իրավահավասար հարաբերություններ հաստատելու միջազգային համայնքի անդամ պետությունների հետ,
• հույս ունենալով, որ Ադրբեջանի Հանրապետության պետական անկախությունը կճանաչվի միջազգային համայնքի անդամ պետությունների և Միավորված ազգերի կազմակերպության կողմից՝ ընդունված և Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունում, ինչպես նաև միջազգային-իրավական այլ դաշնագրերում ու կոնվենցիաներում ամրագրված դրույթներին համապատասխան,
հռչակում է Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնումը։
Հռչակագիրն ընդունվել է 1991 թվականի օգոստոսի 30-ին Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանում:
Ադրբեջանի Հանրապետության 1991 թվականի Սահմանադրական ակտ։»
Վերևում Ադրբեջանի սահմանադրական ակտի (և հռչակագրի) թարգմանությունն էր, որտեղ ուղիղ հղում է կատարվում Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության (ԱԴՀ) ուղղակի իրավահաջորդությանը։ Այդ իրավահաջորդությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ, ըստ սահմանադրական ակտի նախաբանի՝ «1920 թվականի ապրիլի 27-28-ին ՌՍՖՍՀ-ն, կոպտորեն ոտնահարելով միջազգային իրավական նորմերը, առանց պատերազմ հայտարարելու Ադրբեջան մտցրեց իր զինված ուժերի ստորաբաժանումները, օկուպացրեց ինքնիշխան Ադրբեջանի Հանրապետության տարածքը, բռնի ուժով տապալեց օրինական ճանապարհով ընտրված իշխանության մարմինները և վերջ դրեց ադրբեջանական ժողովրդի հսկայական զոհողությունների գնով ձեռք բերված անկախությանը»։

Եվ այստեղ Հայաստանի համար իրավաքաղաքական տեսանկյունից կարևորն այն է, որ Ադրբեջանի կողմից ԱԴՀ-ի իրավահաջորդությանն ուղիղ հղումը առաջացնում է պատային իրավիճակ.
1918-1920 թվականներին Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը պաշտոնապես հավակնություններ էր ներկայացրել և Փարիզի խաղաղության վեհաժողովին (1919 թ.) ու Ազգերի լիգային ներկայացրել մի քարտեզ, որի սահմաններում ներառված էր ներկայիս Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների զգալի մասը (ավելի քան 60%-ը)։ Դրանք ներառում էին ամբողջ Սյունիքը (Զանգեզուրը), Վայոց ձորը, ինչպես նաև Արարատի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերի որոշակի հատվածներ։
Բարեբախտաբար, Ազգերի լիգան մերժեց Ադրբեջանի անդամակցության հայտի քննարկումը 1920 թվականի վերջին։ Մերժման հիմնավորման մեջ Լիգայի 5-րդ կոմիտեն արձանագրել էր երկու հիմնական պատճառ.
1. Չունի հստակորեն սահմանված տարածք. նշվել էր, որ հնարավոր չէ հստակորեն սահմանել այն տարածքը, որի վրա տարածվում է Ադրբեջանի կառավարության իրավասությունը։
2. Սահմանային վեճեր հարևանների հետ. փաստաթղթերում նշվել էր, որ Ադրբեջանն ունի սահմանային սուր վեճեր հարևան պետությունների (Հայաստանի և Վրաստանի) հետ, ինչի պատճառով նրա դե յուրե (de jure) սահմանները միջազգայնորեն ճանաչված չեն։
Սրանով հանդերձ՝ փոփոխվող աշխարհակարգն առաջ է բերում նոր պայմաններ, որոնք Ադրբեջանի հավակնություններն առնվազն հանրային օրակարգում կրկին դարձրել են քննարկումների առարկա, ինչը մարտահրավեր է ո՛չ միայն խաղաղության, այլև ՀՀ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության տեսանկյունից։
Ուստի, եթե Ադրբեջանն ունի վախեր ՀՀ Անկախության հռչակագրից, ապա Հայաստանի մտահոգություններն այս առումով տասնապատիկ ավելի մեծ պետք է լինեն՝ հաշվի առնելով այս պահին գոյություն ունեցող ուժերի հավասարակշռության խախտման վիճակը՝ հօգուտ Ադրբեջանի։

Արա Լ. ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 485

Մեկնաբանություններ