Իրատեսական ազգայնականությունը
29.11.2026 | 13:07
Ախր շատ տկարամիտ են Հայ ազգային կոնգրեսի վարկաբեկման առաջադրանք ստացած Նիկոլ Փաշինյանի քարոզիչները։ Նրանք այդպես էլ չհասկացան 1988-ի մեծ ազգային զարթոնքի ծնունդ Հայոց համազգային շարժման գաղափարախոսությունն ու քաղաքական փիլիսոփայությունը։
Մերժելով հայդատականությունը՝ որպես արկածախնդրական քաղաքական մեթոդաբանություն, որը հիմնված է իրողությունների ոչ ադեկվատ ընկալման, անիրատեսական ռևանշիստական նկրտումների և «պատմական արդարության» վերականգնման սին պատրանքների վրա՝ «Ղարաբաղ» կոմիտեն և Հայոց համազգային շարժումն ի սկզբանե կանգնած են եղել հայ ժողովրդի իրավունքները պաշտպանող առողջ՝ ԻՐԱՏԵՍԱԿԱՆ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ դիրքերում։
Այն ծնվել է որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության շարժում՝ այնուհետև որդեգրելով նաև ինչպես անկախ հայկական պետության ստեղծման, այնպես էլ հայերի նկատմամբ Ադրբեջանում իրականացված զանգվածային ջարդերից հետո Արցախի ժողովրդի ինքնապաշտպանությանն աջակցելու օրակարգը։
Եթե փորձենք երկու բառով բնութագրել Հայոց համազգային շարժման, այնուհետև՝ Հայ ազգային կոնգրեսի և վերջերս նորաձև (մոդայիկ) դարձած «լևոնականության» քաղաքական փիլիսոփայությունը, ապա ես դա կանվանեի «իրատեսական ազգայնականության» դոկտրին, որը ձևակերպվում է ժամանակակից քաղաքակրթության և գործող միջազգային աշխարհակարգի ու հանրության համար ընդունելի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան։
Այս է պատճառը, որ ժամանակին հայդատականները մեզ մեղադրում էին «հակազգային» լինելու, իսկ իշխանության այսօրվա ծախու քարոզիչները մեղադրում են «հայդատական» լինելու մեջ։
Մերժելով հայդատականությունը՝ Հայոց համազգային շարժումը երբեք չի մերժել ժողովուրդների ինքնորոշման իրավունքը կամ 1915 թվականի Հայոց ցեղասպանության եղելությունը և միջազգային ճանաչման գործընթացը (մենք ուղղակի չենք ընդգրկել այն արտաքին քաղաքական օրակարգի մեջ՝ որպես Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման)։
Ե՛վ 1990 թվականի Անկախության հռչակագիրը, և՛ դրա վրա հղման ընդգրկումը Սահմանադրության նախաբանում արտացոլել են մեր մոտեցումներն առ այն, թե ինչպես պետք է ձևակերպենք մեր ազգային ձգտումներն աշխարհի համար ընկալելի լեզվով՝ զերծ պահելով ազգայնական ծայրահեղականությունից և քաղաքականապես ժամանակավրեպ բառապաշարից։
Թող ոչ ոք չկասկածի, որ պետական շինարարության մեր դավանանքը միշտ էլ եղել է ազգային պետության ստեղծումը, որը՝
1. մի կողմից՝ հաստատում է հայոց պետության պատմական շարունակականությունը և պաշտպանում է մեր պատմամշակութային ինքնությունը՝ ներառյալ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դավանանքը,
2. մյուս կողմից՝ հավասար ժողովրդավարական իրավունքներ է ապահովում Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար՝ անկախ էթնիկ ծագումից, և մերժում է ազգային բացառիկության կեղծ գաղափարախոսությունը՝ ինչպես ներքին կյանքում, այնպես էլ միջազգային ասպարեզում։
Հայաստանի Հանրապետության հիմքում եղած երկու հիմնարար փաստաթղթերը՝ Անկախության հռչակագիրն ու Սահմանադրությունը, մենք ձևակերպել ենք աշխարհի համար ընդունելի ազգային համաձայնության (կոնսենսուսի) հիման վրա։ Հակառակ այսօրվա ապիկար իշխանությունների պնդումների՝ դրանք երբեք «կոնֆլիկտածին» չեն եղել։ 1991–1998 թվականներին ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Թուրքիան ո՛չ երկկողմ, ո՛չ էլ բազմակողմ բանակցություններում երբեք այդ ձևակերպումների փոփոխության հարց չեն բարձրացրել։
Նման հարցի բարձրացումը կապված է բացառապես այն գնի հետ, որը հայ ժողովուրդը ստիպված է վճարել, քանի դեռ բոլոր պատերազմներն ու բանակցությունները տանուլ տված Նիկոլ Փաշինյանը մնում է իշխանության ղեկին։
Հետևաբար հարցն ունի պարզ լուծում.
ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ՝ ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ։
Լևոն ԶՈՒՐԱԲՅԱՆ
Մեկնաբանություններ