Խաղաղության գործընթացը՝ ընդդիմության հնազանդությա՞մբ, թե՞ ժողովրդավարական համաձայնությամբ
29.11.2026 | 13:27
Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ Ազգային ժողովի ընդդիմությունն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման ճանապարհին կանգնած «վերջին խոչընդոտն» է։
Միևնույն ժամանակ, նրա այն պնդումը, թե խորհրդարանական ընդդիմության՝ սահմանադրական հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկելու հանգամանքը մտահոգություններ է առաջացնում Հայաստանում ժողովրդավարության առկայության վերաբերյալ, մի շարք հարցեր է առաջ բերում։ Մասնավորապես՝ արդյո՞ք ժողովրդավարության սկզբունքներին է համապատասխանում այն քաղաքական մոտեցումը, որի շրջանակում երկրի վարչապետը խորհրդարանական ընդդիմությանը ներկայացնում է որպես խաղաղության հաստատման խոչընդոտ՝ քաղաքական տարաձայնությունները ժողովրդավարական գործընթացի բնականոն բաղադրիչ դիտարկելու փոխարեն։
Առավել մտահոգիչ է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության պարտությունից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը հասանելիք մանդատների վերաբաշխման և խորհրդարանում ընդդիմության ներկայացվածության նվազման պայմաններում սահմանադրական հանրաքվեի շուրջ ընդդիմադիր ուժերի հայտարարությունները կարող են պայմանավորված լինել նաև քաղաքական դաշտում սեփական գոյությունն ու դերակատարությունն արդարացնելու անհրաժեշտությամբ։
Սակայն խնդրի առանցքային հարցն այլ է. արդյո՞ք սահմանադրական հանրաքվեին դեմ արտահայտվելը կամ դրա անցկացման անհրաժեշտությունը կասկածի տակ դնելը կարող է ինքնին դիտարկվել որպես Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին հակադրվելու քայլ։
Ժողովրդավարությունը ենթադրում է ոչ միայն իշխանության՝ որոշումներ ընդունելու իրավունք, այլև այդ որոշումները վիճարկելու, քննադատելու և այլընտրանքային դիրքորոշումներ ներկայացնելու հնարավորություն։ Քաղաքական անհամաձայնությունը ոչ թե խաղաղության գործընթացի խոչընդոտ է, այլ ժողովրդավարական համակարգի բնականոն դրսևորում։ Ի վերջո, եթե իշխանությունը խաղաղության ճանապարհին վերջին խոչընդոտ է համարում ընդդիմությանը, ապա մնում է հասկանալ՝ արդյո՞ք խաղաղության գործընթացը պետք է կախված լինի քաղաքական ընդդիմության հնազանդությունից, թե՞ այն պետք է հիմնված լինի հասարակական և քաղաքական լայն համաձայնության վրա։
Ժողովրդավարությունը չի կարող սահմանափակվել միայն իշխանության համար ընդունելի դիրքորոշումների առկայությամբ։ Հակառակ դեպքում այն կվերածվի ոչ թե իրական ժողովրդավարության, այլ քաղաքական անհամաձայնությունը մերժելու և սահմանափակելու գործիքի։
Հաշվի առնելով խորհրդարանական ընդդիմության խոցելիությունը, նրա ներկայացուցիչների նկատմամբ հարուցված բազմաթիվ քրեական վարույթներն ու որպես խափանման միջոց կիրառված կալանավորումները՝ Նիկոլ Փաշինյանի այն պնդումները, թե ընդդիմությունը կքվեարկի սահմանադրական հանրաքվեի օգտին, տվյալ իրավիճակում ինքնին հարցեր են առաջացնում հանրաքվեի գործընթացի քաղաքական լեգիտիմության և դրա նկատմամբ հասարակական վստահության վերաբերյալ։
Այս համատեքստում հարց է առաջանում՝ ինչպե՞ս կարելի է ակնկալել քաղաքական գործընթացի լիարժեք լեգիտիմություն և հանրային վստահություն, եթե այդ գործընթացի մասնակից ընդդիմադիր ուժերը գործում են քրեական հետապնդումների և ազատությունից զրկելու միջոցների կիրառման պայմաններում։
Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական հնազանդության պահանջ։ Այն պետք է լինի քաղաքական կամքի, ժողովրդավարական սկզբունքների, ազատ քննարկման և հասարակական վստահության արդյունք։
ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
29.11.2026 թ.
Մեկնաբանություններ