Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Գրագետ պայքարի բանալին հին կաղապարներից ձերբազատվելն է»

«Գրագետ պայքարի բանալին հին կաղապարներից ձերբազատվելն է»
06.12.2013 | 11:48

irates.am-ը ԱՄՆ-ում բնակվող քաղաքագետ, Վաշինգտոնում ՀՀ նախկին դեսպանորդ-նախարար Արմեն Խարազյանից հետաքրքրվեց, թե որպես քաղաքագետ, ինչպես է վերաբերվում Հայաստանում տեղի ունեցող հակապուտինյան ակցիաներին, ինչի՞ կարող են դրանք հանգեցնել: Ի՞նչ քայլեր պետք է արվեն ավելի գրագետ պայքար տանելու համար այդ ուղղությամբ:

Արմեն Խարազյանի պատասխանը ներկայացնում ենք ստորև.


-Հայաստանի պրոբլեմը Պուտինը չէ, այլ կոռումպացված վարչական-հասարակական համակարգը, կոմատոզ տնտեսությունն ու գավառական ազգայնականությունը: Եթե Հայաստանի իշխանություններն ունենան իրավականության, կոմպետենտության ու արժանապատվության գեթ նվազագույն պաշար, իսկ հանրությունը՝ քաղաքական ու հասարակական հասունության որոշակի մակարդակ, ապա Պուտինն այնքան սարսափելի ու ամենակարող չի թվա, ինչպես այսօր: ՈՒստի, ավելի գրագետ պայքարի բանալին սեփական խնդիրներին սթափ նայելն է, հնի ու հնացածի կաղապարներից ձերբազատվելը, անկախության ոգին վերագտնելը, ինքնության հարցում միանշանակ վերադարձը դեպի քաղաքակիրթ, արդիական զարգացման ուղեծիր, և ազգերի եվրոպական ընտանիքում սեփական տեղի ու դերի վերահաստատումը: Այսուհետ առանցքային պետք է դառնան անձի, անհատի ազատության խնդիրը, հասարակության մեջ կանանց դերի բարձրացումը, բազմակարծության ու փոխադարձ հանդուրժողականության արմատավորումը: Կարևոր է հասկանալ, որ արդիական հասարակության ուժը ոչ թե նրա միատոնության, այլ բազմազանության մեջ է, ոչ թե ինքնամեկուսացման, այլ ինտեգրացման, ոչ թե անծանոթը ծաղրելու ու մերժելու, այլ այն հասկանալու, յուրացնելու և տարրալուծելու մեջ: Այս հարցերի նկատմամբ մեր հայացքներն ու վերաբերմունքը փոխելով է միայն, որ կարող ենք դուրս գալ ներկա ճգնաժամից: Որքան արագ փոխվենք ինքներս, այնքան արագ կփոխվի հանրությունը, որի մասնիկն ենք հանդիսանում յուրաքանչյուրս, և որի արատները յուրաքանչյուրիս ձախողումն են: Հայաստանում լինելիս նկատում ես մի բան, որ հնարավոր չէ զգալ հեռվից. ինչ-որ երկնային, ոգեղեն որակ է թևածում այդ հողի վրա: Աստծո հպումն է, հավանաբար, որ պահել է մեզ՝ այսքան երկար, թեև ստեղծող, բայց չունևոր, թեև հայրենասեր, բայց տարագիր, թեև հյուծված, բայց հուսադիր: Մեր խնդիրն է՝ հաղթահարել իրականության ու երազի՝ հայ ինքնագիտակցության մեջ այնքան արմատացած այս երկվությունը, տեր կանգնել մեր ներկային ու պահել մեր ապագան սեփական, այլ ոչ թե ուրիշի ձեռքերում: Միայն այսպես կարող է Հայաստանը վերագտնել իր ուղին դեպի ազգերի իրավահավասար, քաղաքակիրթ ընտանիք:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2082

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ