ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

«Արնագույն անձնագրեր՝ արյունալի իրականության ֆոնին»

«Արնագույն անձնագրեր՝ արյունալի իրականության ֆոնին»
20.07.2026 | 17:23

Հայաստանում հանցավորության մակարդակի աճի, փողոցներում գրեթե առօրյա դարձած հրաձգությունների և դանակահարությունների, որոնք հաճախ ավարտվում են մարդկային զոհերով, ինչպես նաև թմրանյութերի ապօրինի շրջանառության ընդլայնման պայմաններում, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հանրային վարքագիծն ու հաղորդակցման առաջնահերթությունները հասարակության մի զգալի մասի մոտ լուրջ հարցեր են առաջացնում։

Քաղաքացիներն իրավապահ մարմիններից ակնկալում են ոչ թե հաջողված տեղեկատվական արշավներ, այլ հստակ, վճռական և տեսանելի արդյունքներ՝ ուղղված հանցավորության կանխարգելմանը, հասարակական կարգի պահպանմանը և մարդկանց կյանքի ու անվտանգության պաշտպանությանը։

Սակայն այս մտահոգիչ ֆոնին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը վերջին օրերին իր սոցիալական ցանցի էջում որպես կարևոր ձեռքբերում ներկայացրեց կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը։ Անշուշտ, կենսաչափական անձնագրերի ներդրումը պետական կառավարման կարևոր բաղադրիչ է։ Սակայն դժվար է անտեսել այն փաստը, որ այսօր հանրությանը նախ և առաջ հուզում է ոչ թե անձնագրերի գույնը կամ տեխնոլոգիական լուծումները, այլ այն, թե որքան անվտանգ է դուրս գալ սեփական տնից և վստահ լինել, որ երեկոյան ողջ կվերադառնաս։

Երբ հանրային օրակարգում գերակշռում են սպանությունների, հրաձգությունների, դանակահարությունների և թմրանյութերի ապօրինի շրջանառության մասին լուրերը, հասարակությունն ակնկալում է, որ ՆԳ նախարարության հրապարակային հաղորդակցման առանցքում կլինեն հենց այդ մարտահրավերներին հակազդելու միջոցառումները, իրականացված քայլերը, դրանց արդյունավետությունը և պատասխանատվության մեխանիզմները։

Այս իրավիճակում առանձնահատուկ խորհրդանշական է թվում, որ հանրությանը ներկայացվում են նոր՝ արնագույն կենսաչափական անձնագրեր։ Սակայն դրանք այլևս երբեք չեն հասնի այն քաղաքացիներին, ովքեր զոհվել են փողոցային հանցագործությունների հետևանքով։ Այդ ողբերգությունները պետք է հիշեցնեն, որ պետական կառավարման ցանկացած բարեփոխման հիմքում առաջին հերթին պետք է լինի մարդու կյանքի և անվտանգության պաշտպանությունը։

ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն

20.07.2026 թ.

Դիտվել է՝ 1455

Մեկնաբանություններ