Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Գործ ունենք մանկապիղծ իշխանությունների հետ

Գործ ունենք մանկապիղծ իշխանությունների հետ
12.04.2014 | 12:16

Մինչ անցյալ տարի՝ նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանն ու իր համախոհները շարունակում են մնալ անազատության մեջ, իշխանությունները հետապնդում են նաև նրա 14-ամյա որդուն՝ Շահենին, որը շարունակում է պայքարել քաղբանտարկյալների ազատության համար:

Երեկ «Թեքեյան» մշակութային կենտրոնում տեղի ունեցան Շանթ Հարությունյանի «Անհատական հեղափոխություն» գրքի շնորհանդեսը և Էդուարդ Զորիկյանի ու Ռուբեն Հախվերդյանի բարեգործական համերգը: Գրքի վաճառքից ստացված հասույթը փոխանցվելու է քաղբանտարկյալի ընտանիքին:
«Շանթ և Ազատություն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Միքայել Հայրապետյանը նշեց, որ Շանթ Հարությունյանի գիրքը մեր ազգի առջև ծառացած քաղաքակրթական ընտրանքի մասին է: Միքայել Հայրապետյանի դիտարկմամբ՝ այսօր ընթանում է տեսակների անարյուն պայքար:
Անդրադառնալով Շանթի որդու՝ Շահենի նկատմամբ հետապնդումներին՝ Միքայել Հայրապետյանը հարց ուղղեց. «Ի՞նչ է նշանակում քրեական գործ հարուցել անչափահաս երեխայի նկատմամբ: Դա ցույց է տալիս, որ մեր իշխանությունները մանկապիղծ իշխանություններ են»: Միքայել Հայրապետյանը դա որակեց քծնանք ռուսական իմպերիայի նկատմամբ, որոնք մեր իշխանությունների հայրերն են:
Նախկին քաղբանտարկյալ, թուրքագետ Սարգիս Հացպանյանն էլ նշեց, որ ինքը պատիվ է ունեցել Շանթի հետ լինելու նույն խցում և տեսել է, որ նրան ոչ մի կերպ հնարավոր չէր սահմանափակել պատերի ներսում: Սարգիս Հացպանյանը Շանթին հասցրել է ճանաչել որպես ինքնուրույն մտածող, գաղափարակիր, ազատ, կենցաղային խնդիրներից վեր կանգնած անհատականության, որը պայքարի էր դուրս եկել մի ողջ համակարգի դեմ:
Օրերս բանտից ազատված քաղբանտարկյալ, Շանթ Հարությունյանի համախոհ Միսակ Առաքելյանն էլ իր խոսքն ամփոփեց հետևյալ կերպ. «Ուրախ եմ, որ Շանթը ծնվել է այս ժամանակ, այս երկրում, այս ժողովրդի մեջ, և ես իր զինվորն եմ»:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1096

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ