Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հայկական թեմայով երեք ֆիլմ Մոսկվայի միջազգային կինոփառատոնում

Հայկական թեմայով երեք ֆիլմ Մոսկվայի միջազգային կինոփառատոնում
19.06.2014 | 12:26

Ըստ orer.eu-ի՝ Մոսկվայի 36-րդ միջազգային կինոփառատոնը, որը տեղի կունենա հունիսի 19-28-ին, այս տարի կցուցադրի Հայաստանի հետ առնչվող երեք ֆիլմ։
Փառատոնի «Ռուսական հետք» պաշտոնական ծրագրում ներկայացված է Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» հեղինակային ֆիլմաշարի առաջին` «Հայկ. Փախուստ» վավերագրական աշխատանքը: Մոսկվայի կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա ֆիլմի ռուսական պրեմիերան: Ֆիլմի հիմնական նկարահանումները տեղի են ունեցել Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում` Մոսկվայում: «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմաշարը նվիրված է այսօրվա Հայաստանի ամենացավոտ խնդրին` արտագաղթին: «Հայկ. փախուստ» ֆիլմի նյութը ընդգրկում է 1980-ականներից մինչև մեր օրերը նկարահանված տեսանյութեր: «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ Նյոնի «Vision du Reel» վավերագրական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, ապա առանձին ցուցադրություններով ներկայացվեց Կաննի միջազգային կինոփառատոնում: «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխությունում ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակների «Լավագույն վավերագրական ֆիլմ» և «Լավագույն ռեժիսոր» անվանակարգերում:
Հաջորդը,«Հեռու մոտիկ» ծրագրի շրջանակներում կցուցադրվի Նարինե Մկրտչյանի և Արսեն Ազատյանի «Ապակե կախազարդ» գեղարվեստական ֆիլմը, որը մի սիրո դրամատիկ պատմություն է։ Ֆիլմի հերոսը ծառայում է բանակում և հանկարծ իմանում է, որ իր սիրած աղջիկը երեխայի է սպասում։ Նա արձակուրդ է վերցնում և գալիս սիրելի աղջկա մոտ, որպեսզի վերջինիս համոզի ՝ ազատվել երեխայից։ Սակայն գնացքում կատարված մի դեպք ստիպում է նրան փոխել իր որոշումը։
Մոսկվայի միջազգային 36-րդ կինոփառատոնի շրջանակում հունիսի 20-ին, ժամը 18:00-ին, «Օկտյաբր» կինոթատրոնում կկայանա նաև «Վէմ մեդիա արտս» կինոընկերության թողարկած «Գիրքը» ֆիլմի պրեմիերան: Հազար տարի առաջ Սուրբ Գրիգոր Նարեկացին գրեց աղոթական հայեցողությունների իր «Մատյանը», որը ցայսօր շարունակում է մնալ մարդու հոգևոր աշխարհի խորագույն հայտնություններից մեկը: Ֆիլմի հերոսը ժամանակակից մարդ է, ով ապրում է մերօրյա աշխարհում, որտեղ կարևորված չէ կյանքի իմաստի փնտրումը: Ֆիլմի ռեժիսորը Վիտալի Մանսկին է, ստեղծագործական պրոդյուսերը և գաղափարի հեղինակը` Մեսրոպ քահանա Արամյանը, պրոդյուսերը և հովանավորը` Արթուր Ջանիբեկյանը:

Դիտվել է՝ 1151

Մեկնաբանություններ