Եվրոպայում գազի գները բարձրացել են վերջին չորս ամսվա ամենաբարձր նիշին. Մերձավոր Արևելքում հակամարտության լարումն ուժեղացնում է մտավախությունները գալիք ձմռանը մատակարարումների հնարավոր դեֆիցիտի վերաբերյալ։               
 

«Էլեկտրոնային լեզուն մեծ եվ հիմնականում բացասական ներգործություն ունի հանրության վրա»

«Էլեկտրոնային լեզուն մեծ եվ հիմնականում բացասական ներգործություն ունի հանրության վրա»
15.05.2015 | 11:24

Հայոց լեզուն ծագել է հայ ժողովրդի ձևավորմանը զուգընթաց և անցել է զարգացման երկարատև ուղի: Այդ ճանապարհին ինչ վերելքներ ու վայրէջքներ է ունեցել, դժվար է ասել։ Բայց որ այսօր հայոց լեզուն իր հայրենիքում ձևախեղվում է, միանշանակ է։ Այդ պրոցեսին նպաստում է ոչ միայն փողոցն իր յուրահատուկ ժարգոնով, այլև ԶԼՄ-ներն են անխղճորեն «բզկտում» մեր ոսկեղենիկ լեզուն։ Հայոց լեզվի ներկա վիճակի և խնդիրների շուրջ զրուցում ենք Երևանի պետհամալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի վարիչ ՅՈՒՐԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ:

-Լեզուն ժամանակի ամենաարդար վավերագիրն է, այն իր վրա է կրում ժամանակի բոլոր հարվածները: Այդ տեսանկյունից բացառություն չէ հայոց լեզուն, որը գրաբարից հասել է մեր օրերը։ Ըստ Ձեզ, ինչպիսի՞ն է մեր լեզվի վիճակն այսօր:
-Լեզուն ազգային ինքնության ամենաբնորոշ հատկանիշներից է, ազգային գոյության հիմնական ձևերից մեկը, անվերապահ արժեք է, և այս չափանիշներով պետք է վերաբերվել լեզվին: Արդի հայերենի հետ կապված մի շարք մտահոգություններ ունենք. փողոցում աղավաղում են լեզուն, հեռուստատեսությամբ ևս, երիտասարդ սերունդը, քանի որ հիմնականում չի սիրում ընթերցել, խոսքի մեջ երբեմն կորցնում է գրական լեզվի զգացողությունը, իր խոսքում աղավաղում է այն անճանաչելիորեն: Խնդիրներ կան կապված նաև արդի հայերենի նորմավորման հետ: Գրական լեզվի կանոնարկմամբ զբաղվող մարմիններ մեզանում, ըստ էության, չկան: Նախկինում գործող հայերենի բարձրագույն խորհուրդն այսօր անգործության է մատնված: Պետք է ասել, որ մասնագետներիս վերաբերմունքն էլ համարժեք չէ, թեև որոշակի աշխատանքներ, այնուամենայնիվ, կատարվում են կանոնարկելու հայերենը: Էական տեղաշարժեր կան մեր գրական լեզվի արտասանական համակարգում, օրինակ՝ ինչպե՞ս արտասանել արձան բառը՝ արձա՞ն, թե՞ արցան, չորոշել-ը՝ չօրոշե՞լ, թե՞ չըվօրոշել և այլն: Զուգաձևություններ են գոյացել ձևաբանական համակարգում՝ կան խոսակցական և գրական տարբերակներ, կամ նույն հասկացությունը անվանելու համար երբեմն գործածում ենք և՛ օտար բառը, և՛ հայերեն համարժեքը: Մի խոսքով, հարցերը շատ են, և դրանք լուծում են պահանջում:
-Ինչպե՞ս եք գնահատում լեզվի զարգացման ընթացքը ներկա փուլում:
-Լեզուն կենդանի օրգանիզմ է, ընթանում է իր զարգացման բնական հունով: Բայց ժամանակ առ ժամանակ պահանջ է առաջանում մասնագիտական որոշակի «միջամտությունների»:
-Հայոց լեզվի դասավանդման բնագավառները շատ են: Ի՞նչ կասեք, ինչպիսի՞ն է լեզվի դասավանդումը դպրոցում:
-Հանրակրթական համակարգն այսօր բարվոք վիճակում չէ բոլոր առումներով՝ սկսած դասագրքերից, ծրագրերից, դասավանդման որակից, մինչև 12-ամյա կրթական անընդունելի համակարգը: Ընդհանրապես գործող կրթական համակարգը կարգավորման լուրջ կարիք ունի: Այս պայմաններում, բնականաբար, տուժում են նաև հայերենը, հայերենի դասավանդման որակը: Պետք է շատ մեծ գործ արվի վիճակը շտկելու համար. դպրոցում շատ անելիք կա: Ցավոք, ուսուցիչները մենակ են մնացել, նրանց պետք է սատար կանգնել, օգնել:
-Ինչպե՞ս կարելի է պայքարել, այսպես կոչված, լեզվախառնուրդով խոսողների և մտածողների դեմ, բարձրացնել նրանց լեզվամշակույթը:
-Ընդամենը երկու-երեք տասնամյակ առաջ մեզ մտահոգում էր ռուսերենի ազդեցության չափը հայերենի վրա, և դա իրոք մտահոգիչ էր, բայց այսօր այդ ազդեցությունը, իմ կարծիքով, այնքան էլ վտանգավոր չէ: Ավելի է մեծացել եվրոպական լեզուների, հատկապես անգլերենի անհարկի ազդեցության վտանգը և հիմնականում երիտասարդ սերնդի վրա: Էլեկտրոնային լեզուն իր հերթին մեծ և հիմնականում բացասական ներգործություն ունի հանրության վրա: Իսկ դա ամենաանվերահսկելի ոլորտն է լեզվագործածության բոլոր ոլորտներից: Այստեղ, իհարկե, ևս անելիքներ կան։ Պետք է փորձենք ինչ-որ կերպ մեղմել այդ ազդեցությունը, ուղղորդել էլեկտրոնային լեզվի զարգացումը: Այն ամբողջությամբ վերահսկելն անհնար է: Օտար բառերը, ուզենք թե չուզենք, մուտք են գործում մեր լեզու, քանի որ հասարակական, քաղաքական կյանքը առաջ է գնում, շփումները ընդլայնվում են, նոր իրողություններ են առաջ գալիս, և դրանց անվանումները օտար լեզուներից օրինաչափորեն մուտք են գործում հայերեն: Բոլոր դռները փակել անհնար է, պետք է կարողանալ ուղղակի ընտրություն կատարել. այն, ինչը մեզ անհրաժեշտ է, որքան էլ դիմադրենք, մեկ է` գործածելու ենք, եթե դրա հայերեն համարժեքը չունենանք: Այսօր, օրինակ, հենց համակարգչային տերմիններից բազմաթիվ օտարալեզու տարբերակներ մուտք են գործել հայերեն, և դժվարանում ենք դրանց համարժեքները ստեղծել, կամ երբեմն ստեղծվածը չի արտահայտում հասկացության ամբողջական իմաստը: Օրինակ՝ «բրաուզեր», «պորտալ» բառերը հաճախ ենք անհրաժեշտաբար գործածում, ի՞նչ բառերով փոխարինենք: Իհարկե, հայերեն համարժեքները պետք է ստեղծենք, բայց դա միայն ժամանակի հարց չէ: Կամ եթե առաջարկում ենք «իմիջ»-ի փոխարեն գործածել «կերպար»-ը, արդյո՞ք ճիշտ ընտրություն է, արդյո՞ք կերպարը արտացոլում է իմիջ բառի ամբողջ իմաստը:
-Լեզուն միասեռ չէ, այն ունի բազմաթիվ կողմեր (բարբառ, մասնագիտական լեզու…): Ի՞նչ եք կարծում, ժամանակը չէ՞, որ լեզուն, պահպանողականությունը վայր դնելով, իրեն դուրս բերի գրական լեզվի նոր հուն:
-Այստեղ խնդիր կա խոսակցական լեզվի հետ կապված: Տխուր փաստ է, բայց բարբառները գնալով մեռնում են՝ ինչ-որ բաներ փոխանցելով խոսակցականին, իսկ խոսակցականը փոխանցում է գրական լեզվին: Բառեր միշտ էլ վերցրել ենք բարբառներից, բայց գնալով դրանց քանակը նվազում է: Ավելի շատ խոսակցական բառեր ու արտահայտություններ են մուտք գործում գրական լեզու: Խոսակցականում այսօր ձևավորվել են իրողություններ, որոնք ակնհայտ միտում ունեն և ժամանակի ընթացքում հայտնվում են գրական լեզվում: Օրինակ՝ խոսակցականում վաղուց չենք ասում՝ մի՛ մտնիր, մի՛ հագնիր, մի՛ ելնիր։ Նման ձևերը դուրս են մղվում նաև գրական հայերենից: Կան այս կարգի բազմաթիվ իրողություններ՝ սկսած արտասանությունից մինչև շարահյուսական կառույցներ, որոնք այսօր պիտի քննարկման առարկա դառնան լեզվի կանոնակարգման հարցերով զբաղվող մասնագիտական և պետական կառույցների կողմից:
-Ո՞ր լեզվական աղավաղումներն են Ձեզ ավելի մտահոգում, գուցե և զայրացնում:
-Օտար բառերի մուտքը, բարբառային-խոսակցական լեզվատարրերի չափից ավելի ներխուժումը գրական լեզու, ժարգոնը, շարահյուսական կառույցների աղավաղումները՝ օտար լեզուների ազդեցությամբ: Բայց ամենից շատ ինձ մտահոգում է այն, որ մենք դպրոցներում, ուսուցանելով լեզվական օրենքներն ու օրինաչափությունները, ուշադրություն չենք դարձնում կամ քիչ ենք դարձնում հայերեն խոսքին, խոսքի մշակույթին, հաղորդակցման «կուլտուրային»: Այս առումով մենք անելիքներ ունենք: Պետք է հասնել նրան, որ հայ աշակերտը կամ բուհի շրջանավարտը, կարողանան ոչ միայն գրագետ խոսել, այլև գեղեցիկ արտահայտվել, արտահայտիչ խոսք ստեղծել: Այս առիթով ուզում եմ հիշել Գարեգին Նժդեհի մի հետաքրքիր դիտարկումը Հրաչյա Աճառյանի առիթով. Նժդեհն ասում է. «Մեր լավագույն լեզվաբանը անխոցելի կերպով ստուգաբանել է հայերեն բառերը, բայց նա կարևոր չի համարել մի քանի խոսք ասել դրանց գաղափարական բովանդակության, դրանց կուլտուրական տարողության մասին»: Մենք հաղորդակցվելիս երևի թե պետք է ավելի խորանանք մեր գործածած բառերի հոգեբանական, մշակութային տարողության մեջ, դրանց արժեքն ու կշիռը ավելի լավ իմանանք և դրանք գործածենք ավելի ճիշտ ու տեղին:


Զրույցը՝
Վառվառա ԾԱՏՈՒՐՅԱՆԻ
Երևանի պետհամալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ