Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ադրբեջանական քարոզչամեքենայի հրապարակած տվյալները չեն համապատասխանում իրականությանը

Ադրբեջանական քարոզչամեքենայի հրապարակած տվյալները չեն համապատասխանում իրականությանը
17.10.2015 | 18:52

Ս.թ հոկտեմբերի 16-ին ադրբեջանական www.faktxeber.com ինտերնետային լրատվամիջոցը հրապարակել է հերթական կիսագրագետ ու անհաջող սադրիչ տեղեկատվությունը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը:
Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.
«Ադրբեջանի հակահայկական քարոզչությունն այս անգամ «սենսացիոն» տեղեկատվական արտահոսք է կազմակերպել` իբրև հայթայթել ու հրապարակել է ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի պաշտոնական գրությունը՝ ուղղված ԼՂՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ա. Ղարամյանին:
Շինծու նամակի թռուցիկ ուսումնասիրությունն անգամ ի ցույց է դնում հեղինակների տկարամտությունն ու անգրագիտությունը: Նախ՝ ԼՂՀ ԱԱԾ տնօրենին ուղղված պաշտոնական գրությունում չպետք է օգտագործվի «ԼՂՀ ԱԱԾ պետ» սխալ ձևակերպումը (ճիշտը՝ ԼՂՀ ԱԱԾ տնօրեն):
Բազմաթիվ ուղղագրական, շարահյուսական սխալներով և ժամանակային անհամապատասխանություններով նամակում մասնավորապես նշվում է, թե հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումները, զինծառայողների շրջանում զոհերը, խաղաղ բնակչության և քաղաքացիական շինությունների ռմբակոծությունը խուճապ են առաջացրել, ինչի հետևանքով սահմանամերձ գյուղերի բնակիչները լքում են բնակավայրերը: Հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված անառողջ իրավիճակը՝ ՀՀ ԱԱԾ տնօրենն իբրև «հրամայում է» ԼՂՀ ԱԱԾ տնօրենին բնակչության շրջանում բացատրական աշխատանքներ տանել և խուճապ հրահրողներին պատասխանատվության ենթարկել:
ՀՀ քաղաքացիների համար պարզ է, որ ադրբեջանական քարոզչամեքենայի հրապարակած տվյալները խուճապի կամ արտագաղթի մասին չեն համապատասխանում իրականությանը, այլ հակառակը` հակառակորդի վերջին ագրեսիվ դրսևորումներն ավելի են համախմբել մեր քաղաքացիներին և հաստատակամ դարձրել սեփական երկիրը պաշտպանելու ձգտումը:
Հեղինակելով նման նամակ՝ ադրբեջանական քարոզչամեքենան ցանկալին իրականության հետ է շփոթել և իր իսկ քաղաքացիներին թյուրիմացության մեջ գցել: Փորձելով հպարտանալ, որ կարողանում են հակառակորդ երկրների հատուկ ծառայությունների գրագրությունը ձեռք գցել և հրապարակել` չեն կարողացել անգամ առանց տառասխալների գրել տեքստը, որպեսզի ընթերցողը չկասկածի նամակի իսկության մեջ: Ադրբեջանի հատուկ ծառայությունը չունի հնարավորություն գտնել մեկին, որը լիարժեք տիրապետում է հայերենին: Իսկ այն որ ՀՀ ԱԱԾ տնօրենը հրամայում է անկախ պետության հատուկ ծառայության ղեկավարին, դա արդեն անհեթեթություն է:
Խստագույնս դատապարտելով նման գործելաոճը՝ ադրբեջանցի աճպարարներին խորհուրդ ենք տալիս ակնհայտ ստահոդ և անգրագետ գրելաոճով տեղեկատվություն հրապարակելիս դիմել այլ oտար լեզուների օգնությանը, իսկ ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում զգոնություն ցուցաբերել ադրբեջանական կայքերում հանդիպող նմանատիպ սադրանքների նկատմամբ»:

Դիտվել է՝ 891

Մեկնաբանություններ