Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Տերյանը երգերի մեջ

Տերյանը երգերի մեջ
05.02.2016 | 12:27

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ հետ` Վահան Տերյանի մասին

-Շնորհակալ եմ, մաեստրո, որ ընդունեցիք հրավերը` զրուցելու Վահան Տերյանի մասին: Դուք բազմաթիվ երգեր ունեք Տերյանի խոսքերով, ինչո՞վ են Ձեզ գրավել նրա պոեզիան, խոսքը, խոսքի երաժշտականությունը, ընդհանրապես Տերյանն ինքը:
-Հայ երաժշտական ոգին, հայոց երաժշտությունը` խոսքի մեջ, թերևս, ամենազգայուն ու նուրբ ձևով Տերյանի պոեզիայի մեջ է: ՈՒրիշ պոետներ հասնում են դրան, եթե պետք է լինում, կամ եթե կարողանում են, կամ եթե նյութն է պահանջողը: Բայց Տերյանը մշտապես է այնտեղ: Օրինակ, Չարենցի հնչողությունների մեջ էնպիսի արտառոց գեղեցկության հայերեն կա, հնչողությունների իմաստով, մանավանդ երբ առնական շերտն է լեզվի: Սա Չարենցի մոտ, իսկ Տերյանի պարագայում համակ երաժշտականությունն է հայ լեզվի մեջ.
«Ոսկեհանդերձ եկար և միգասքո՜ղ,
Տխուրաչյա աշուն, սիրած աշուն…»:
Էս «ոսկեհանդերձ»-ը ախր գժվելու գեղեցկություն է, կամ «միգասքող»-ը, բառեր` հատ-հատ ոսկի: Իրենն են էդ աշխարհի բոլոր զգացողությունները, որ էդպես բառ դառնալ կարող են, էդպես հայերեն կարող են դառնալ: Ինքը արտակարգ երաժշտական է, արտակարգ, ամբողջությամբ: Հենց իր առաջին ժողովածուն և առաջին բանաստեղծությունը` «Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև…», աներևակայելի, միանգամից թագավորական, արքայական հայոց լեզու, զարմանալի առեղծված է: Ինչպես ամեն հանճարեղ երևույթ առեղծված է, Տերյանը նույնպես առեղծված է: Էդպիսի մո՞ւտք կլինի ժողովածուի, բանաստեղծության էդպիսի առաջին է՞ջ կլինի, աներևակայելի է:
-Ինչպե՞ս մտահղացաք Տերյանի գործերը երգել:
-Ես միշտ վախեցել եմ Տերյան երգելուց, որովհետև ինքը թաթախուն է երաժշտության մեջ, և այնտեղ սեփական արահետը գտնել, սեփական ելևէջների ուղղությամբ գնալ, սեփական ռիթմը գտնել` դժվար է: Նրա ռիթմին եթե ենթարկվում ես` աշակերտական ընթերցանություն է դառնում ընդամենը: Եթե իր ռիթմը վերցնում, դարձնում ես քո երաժշտության ռիթմը` տխուր բան է ստացվում. «Սահուն քայլերով, աննշմա՛ր, որպես քնքուշ մութի թև…»: Եթե այդպես ես կարդալու, ավելի լավ է հեռու մնաս: ՈՒրեմն պետք է անվերջ հաղթահարվի և ստեղծագործաբար յուրացվի, երգե՛ս այսինքն, դո՛ւ երգես: Եվ երբեմն պատահում է, որ երջանիկ պահ է լինում հազվադեպ, երբ տեսնում ես, թե ինչպես` բանաստեղծությունն իբրև մարմին, ամբողջություն, առաջին տողից մինչև 6, 7, 8, 9, ա՛յ էսպես բառ առ բառ երաժշտությունը ճիշտ նույն օրենքով հյուսվում ու դառնում է նույնքան մարմին, ինչպես այդ բանաստեղծությունն է` ճշգրիտ նրան համապատասխանող, իրար վրա եկող մարմին: Այսինքն՝ ոչ թե միայն երգել, այլև նրա շարժման օրենքներով շարժվող երաժշտական մարմին ստեղծել: Դա երջանկություն է երաժշտի համար, այդպիսի համընկնումը` բառային շեշտերի, տրամաբանության, զգացողական ելևէջների, երբ որ դրանք, մեկ էլ տեսնում ես, ճիշտ կտոր են քո երաժշտության: Դրանք գերագույն հաճույքներ են ինձ համար, որովհետև ես պաշտում եմ հայոց լեզուն և հայոց լեզվի արքաներին, որոնցից մեկը, անշուշտ, Վահան Տերյանն է` իր փոքրաքանակ, երկու հատորով, բանաստեղծությունների երկու հատորով:
-Ինձ հայտնի է Ձեր վերաբերմունքը Տերյանի պոեզիային: Երբեմն Դուք ասում եք` Տերյանին պետք է ճիշտ ընթերցել: Ի՞նչ է նշանակում դա:
-Երաժշտության մեջ Տերյանը թռիչք է անում, և եթե դու իրեն ընթերցելու բանալի չունես երաժշտությամբ` դու հայտնվում ես կամ սենտիմենտալ, անորակ զգացականության մեջ կամ առհասարակ սխալ ընթերցված բանաստեղծություն է դառնում քեզ համար: Մեր երգված տերյանները մեծ մասամբ այդ մակերեսային շերտն են: Տերյանն ինքը, ի՞նչ ասեմ, շատ պինդ տղա է եղել: Եվ նրան էդպես ընկալելը, էդպես հեղհեղուկ զգայականության ներկայացուցիչ իբրև` այնքա՛ն սխալ է, այնքա՜ն սխալ է: Իր նամակները, իր նկարագիրը, ընտանիքը, կապերը, իր աշխատանքը` իբրև կոմունիստ, երբ որ նայում ես, փառավոր գոյություն է: Էն աստիճանի, որ հանուն դրա նաև բանաստեղծությունից, գրականությունից գրեթե, քանի ժամանակ, չեմ ուզում ասել ձեռք քաշեց, բայց ամբողջությամբ Հայաստանի փրկության ծրագրին էր տրվել: Եվ, ցավոք, տեսաք, ինչով ավարտվեց իր այդպիսի մոլեգին նվիրվածությունը էդ գաղափարին, Հայաստանի անկախության, ազատագրության գաղափարին, սարսափելի բաներ էին տեղի ունենում իր հետ:
-Տերյան երգելը հե՞շտ է, թե՞ դժվար:
-Շատ դժվար է Տերյան երգելը: Ինչո՞ւ, որովհետև Կոմիտասը դրել է մի փառավոր հիմք հայ երաժշտության, որը հիմնվում է, մի կողմից, ժողովրդական բանահյուսության վրա, գեղջկական երգի վրա, մյուս կողմից` հոգևոր երաժշտության վրա: Դարավոր հոգևոր տաղեր, գանձեր, շարականներ: Սրանցից ոչ մեկով Տերյան չես երգի: Հստակորեն: Դավաճանություն է մի տեսակ: Տերյանը քաղաքային պոեզիա է, քաղաքի պոեզիա է: Եվ, ընդ որում, քաղաք, որը մենք դեռ չունեինք: Դա ի՞նչ երազ է, լեզվի, զգացողությունների էսպիսի շքեղություն է, երազ է, երազ, երկիր ստեղծելու երազանք է, չէ՞: Էդպիսի օր ստեղծել, բանաստեղծական ապրումների օր, էդպիսի ինտերիեր, տարածք, էդպիսի սալոն, պալատ ստեղծել:
ՈՒրեմն, ո՛չ հոգևոր երաժշտությամբ կերգես, ո՛չ ժողովրդական, գեղջկական երգի սկզբունքներով կերգես: Չես երգի Տերյան: Երգը մեծավ մասամբ տանում է դեպի սենտիմենտալ երգը, որը, ի վերջո, իր ընդգծված արտահայտություններով ներկայանում է մեզ` ռաբիսն է:
Հայտնի է, որ Տերյանը երաժշտության նկատմամբ շատ մեծ սեր է ունեցել, շատ մեծ: Նույնիսկ պատմում են, որ երբ գյուղում, փոքր տարիքում, լսում էր երաժշտական գործիքի ձայն, վերանում էր ամբողջությամբ, վերանում էր: Բնական է, որ էդ լեզվի, էդ երաժշտականության ներկայությունը իր բանաստեղծության մեջ` անշուշտ երաժիշտ մարդու, երաժիշտ հոգու արտահայտություն է: Եվ հանճարեղ Ռոմանոս Մելիքյանը, որ Տերյանի ընկերն ու մտերիմն էր, Պետերբուրգի կոնսերվատորիայում սովորելու տարիներին ստեղծեց տերյանական շարք` «Աշնան տողեր»: Անկախ Ռոմանոս Մելիքյանի տերյանական երգերից, երբ ուզում ես Տերյան երգել` պետք է ուշադիր լինել Ռոմանոս Մելիքյանի նկատմամբ: Դա կլինի Ռոմանոս Մելիքյանը` Տերյանի հետ, թե ոչ Տերյանի հետ, միևնույն է, էնտեղ է, Տերյանի մերձավոր երաժիշտ-ընկերն է նա: Ռոմանոս Մելիքյանն անկրկնելի մի երևույթ է, իմ կարծիքով՝ առայսօր ամբողջությամբ չգնահատված: Ինչո՞ւ, որովհետև նախ իր ամբողջ եռանդը, տարիները նվիրեց երաժշտական հանրային կյանքի կայացմանը Հայաստանում, կոնսերվատորիա հիմնեց, մասնակցեց Երևանի օպերային թատրոնի հիմնադրմանը և ապա` մշակեց մի շարք ժողովրդական երգեր, գրեց ռոմանսներ և այլն: Նա չափազանց մեծ պատասխանատվություն ուներ ամեն մի փոքր գործի նկատմամբ, մանավանդ նրա էն նորարարական ոգին, որ ուղղակիորեն գալիս-մտնում էր 20-րդ դարի ամենաարդիական պրոբլեմների տարածք, երբեմն: Զարմանում ես, թե Ռոմանոս Մելիքյանը ինչպես է կարողացել ճշգրտության հասնելու, գունային անսովոր համադրություններ ստեղծելու, հնչյունի և բառի կապը կայացնելու միջոցով` աներևակայելի բարձունքների հասցնել հայ երգը, տերյանականը` մասնավորաբար: ՈՒրեմն, որտեղի՞ց է օգտվել Ռոմանոս Մելիքյանը: Տերյանին նվիրված աշխատություններում մասնագետները նշում են, որ, մի կողմից, եղել է իր համար քաղաքային երգը, մյուս կողմից` աշուղական արվեստը: Բայց սա մի ակունքն է միայն էս մտավոր զարգացումի, մյուսը էլի առեղծված է, որ ինքն է ստեղծել: Երբ Ռոմանոս Մելիքյանի փոքր ռոմանսը վերցնում ես ու տեսնում երկու ակորդ իրար կողքի, անսովոր, գեղեցիկ, նուրբ, և հանկարծ տեսնում ես, թե ինչպես էդ նույնը, նույն մեղեդիական ծալքեր բացահայտելիս` Արամ Խաչատրյանի ջութակի կոնցերտի երրորդ մասում է ներկայանում, նույնությամբ, զարմանում ես, ապշելու բան է: Այնպես որ փոքր գործերի մեջ ստեղծել է սաղմեր` մեծ գործ ծնելու, ինքը մնալով էդ ձևերի, չափերի մեջ: Ինչպես ասացի, Ռոմանոս Մելիքյանը Տերյանի մերձավորագույն երաժիշտ-ընկերն էր: Կապը կա, նրանց նամակագրությունը կա: Ռոմանոս Մելիքյանի գրած երաժշտությանը Տերյանը տեղյակ էր, սպասում էր, թե ե՞րբ պիտի գա, որ լսի նրա երաժշտությունը: Նույնիսկ նոտաներն էր խնդրում, որ կազմակերպի երգիչ-երգչուհիների կատարմամբ, դաշնամուրի նվագակցությամբ իր բանաստեղծությունները լսի Ռոմանոս Մելիքյանի երաժշտությամբ:
-Ո՞ր ճանապարհով է պետք գնալ դեպի տերյանական երգը:
-ՈՒրեմն, մի կողմից` Ռոմանոս Մելիքյան, պետք է ուշադիր լինել: Մյուս կողմից` ես, երբ աշխատել եմ Տերյանի բանաստեղծությունների հետ, փորձել եմ երգել դրանք, ես տարիներով նայել եմ այն ուղղությամբ, որ ուղղությամբ գրականության մեջ նայել է Տերյանը: Եվ էն ուղղությամբ, որտեղ իրեն հետաքրքրած, իրեն զբաղեցնող բանաստեղծներին երգել են ուրիշ երաժիշտները: Տերյանական սիմվոլիզմը, անշուշտ, իր արմատները բերում է Պոլ Վերլենից, Ստեֆան Մալարմեից, Արթուր Ռեմբոյից, Վալերի Բրյուսովից: Տերյանը չէր կարող նրանց չիմանալ: ՈՒրեմն պետք է նայել, թե Մալարմեին ովքեր են երգել Ֆրանսիայում: Մի շատ կարևոր հանգամանք ևս. ֆրանսերենի և հայերենի շեշտադրական համակարգը նույնն է: Ֆրանսերենում և հայերենում կայուն շեշտադրական համակարգ է, այլ ոչ թե թափառող կամ բացակայող շեշտադրություն: Մերը մշտապես վերջին վանկի վրա է, ֆրանսերենում` նույնպես: ՈՒրեմն սա արդեն մի կապ է, որը քեզ թույլ է տալիս առավել վստահ մտնել էդ, էսպես ասած, քեզ համար թարգմանելու ակունքները, որոնց հետ կապված էր Տերյանը: Էդ ակունքների երաժիշտներին դու պիտի լսես: Տարիներո՛վ պիտի լսես: Երբ որ դրանց էությունը քեզ հարազատ դարձավ, դու կարող ես արդեն դրանց միայն գեղագիտական և այս կարգի այլ սկզբունքներ կիրառել, բայց դու պիտի գաս քո՛ հողը, ելևէջների, ռիթմերի, բառի և երաժշտության կապի քո՛ հողը պիտի գաս: Սա, իմ կարծիքով, լավագույն, բեղմնավոր ճանապարհն է հասնելու Տերյանի դռանը, եթե դու ուզում ես նրան երգել: Ֆրանսիացիներին իմանալ` Դեբյուսի, Ֆորե, ովքեր երգել են էս բանաստեղծներին, Ռոմանոս Մելիքյան` մյուս կողմից, իհարկե նաև տարիներով պիտի ապրես Տերյանի բանաստեղծության հետ և սիրես, անսահման սիրես էդ հրաշք բառեր հունցելու, բառերի աներևակայելի մագմա ստեղծելու պահերը: Բառերը էնպես են, որ դրանք և՛ առանձին են, և՛ իրար կողքի, և՛ ռիթմի մեջ են, և՛ խորքերի ուղղությամբ են, և՛ երիտասարդ մարդուն հասանելի: Այնքան հասկանալի են, որ երբեմն երիտասարդները` 16, 18 տարեկանները կարող են իրենց բարձի տակ պահել էդ գիրքը, էդ աստիճանի մտերմություն կա:
-Դուք քանի՞ բանաստեղծություն եք երգել Տերյանից:
-Ես Տերյանից երգել եմ 6 երգ: Առաջին անգամ երբ փորձեցի, տեսա, որ ինձ համար ավելի հեշտ է երգել դրամատիկ շեշտերով բանաստեղծությունները և ոչ այն բանաստեղծությունները, որոնց մեջ բնությունն է, իր սիրած գույներն են, դրանք չէ, այլ դրամատիկ շեշտերով`
«Որպես Լաերտի որդին, որպես
ՈՒլիս մի` թողած և հող, և տուն…»:
Ա՜խ, Աստված իմ, այս ի՜նչ զորավոր ոգի է «Երկիր Նաիրի» շարքը, ա՛յ դրանից ես 4 բանաստեղծություն հանեցի.
«Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին»,
կամ`
«Քեզ կըմնա միշտ օտար
Նաիրական իմ հոգին…»:
Էստեղից 4 երգ երգեցի, հետո մի քսան տարի անցավ, և ես 2 երգ ևս գրեցի, սրանցից մեկը.
«Ցրտահա՜ր, հողմավա՜ր,
Դողացին մեղմաբար
Տերևները դեղին,
Պատեցին իմ ուղին…»:
Ա՜խ, Աստված իմ, ի՜նչ գեղեցիկ պատկերներ են, էս «ա»-երը, վրան բացականչական նշա՜ն, դե գնա էդպիսի «ա» գտիր: «…Ցր-տա-հա՜ր, հող-մա-վա՜ր դողացին մեղ-մա-բա՜ր տերևները դեղին, պատեցին իմ ուղին…», պատը քաշեց, բերեց ուրիշ ձայնավորների, փակեց:
Երանի ես կարողանայի էլի անել ևս մի փունջ Տերյան, երանի կարողանայի անել: Կունենամ երևի էդ ազատ ժամանակը նորից վերադառնալու Տերյանին: Շատ դժվար է մտնել: Երգ երգելը առեղծվածի պես մի բան է, առաջին թրթիռը, առաջին գրգիռը, կարծես, չգիտեմ, ֆանտաստիկ մի դուռ բացվի, մտնես ներս, որը իրականում գոյություն չունի: Գոյություն չունի, բայց, մեկ էլ` վա՜հ, ներսում եմ, սկսվո՜ւմ է: Բայց եթե չես մտել առեղծված, էդ դռնից ներս, ուր բոլորովին ուրիշ կանոններով է կյանքը, ուրիշ օրենքներով է ամբողջությունը` իրականություն, ժամանակ, զգացողություն, ամբողջությամբ իր օրենքներով է, է՛ս օրենքները չեն, եթե չես մտել` ուրեմն չես կարող երգել: Դա պիտի դու ուզես, բայց ինքն էլ պիտի ուզի գալ քեզ: Եթե եկավ էդպիսի մի քանի բան Տերյանից` էդպիսի բանաստեղծություն, ուրեմն կստացվի: Իհարկե, պետք է հետապնդել: Պետք է հետապնդել, մեկ էլ տեսար Աստված նվիրեց, կամ իր Աստվածը, Տերյանի Աստվածը նվիրեց:
-Բայց Դուք մի անգամ արդեն բանալին գտել եք Տերյանի դռնից ներս մտնելու: Հիմա իրապե՞ս դժվար է Տերյանի դռնից նորից ներս մտնելը:
-Դժվար է: Շատ, շատ դժվար է: Այսօր որ նայում ես, թե ո՞ւր հասավ քաղաքային երգը` Բաբաջանյանի երգն է: Բաբաջանյանով Տերյան չես երգի: Բա էլ ո՞ր քաղաքայինն է: Ա՛յ էստեղ դո՛ւ պիտի ստեղծես, պիտի ստեղծես քաղաքայինը և միաժամանակ` տերյանակա՛ն քաղաքի: Հետո մեղեդին ես հանում, բայց նաև կա նրա մարմինը ամբողջական` նվագակցություն, ներդաշնակ միջոցներ: Երաժշտությունը միաձայնություն չէ, միայն բանաստեղծություն և մեղեդի չէ, ամբողջություն է: ՈՒրեմն սա լուրջ աշխատանք է պահանջում, ու, էլի եմ ասում` եթե մնաս Ռոմանոս Մելիքյանի հույսին միայն, դու հայտնվում ես 30-ական թվականներին, և բացի այդ դու դու չես: Օրինակն է էստեղ պետք քեզ Ռոմանոս Մելիքյանի: Ցավոք, քիչ գնահատված երաժիշտ է Ռոմանոս Մելիքյանը: Եվ կարծում եմ, թե առհասարակ շատ արժեքներ իրենց իրական գնահատանքին են սպասում: Մեզանում վերջին հարյուրամյակի արժեքներից շատերն իրենց ճշգրիտ գնահատմանն են սպասում: Առայժմ դրա ժամանակը, ինչպես երևում է` չունենք, բայց կգա, վստահ եմ, որ կգա մի օր այդ պահը` գնահատելու:
-Դուք բարձր եք գնահատում Ռոմանոս Մելիքյանի արվեստը: Տերյանին երգեցին նաև ուրիշ երգահաններ: Այս բոլորը Ձեզ չխանգարեցի՞ն, Դուք ուրի՞շ մի ճանապարհով մտաք նրա մոտ:
-Էն հեղինակները, որոնց մասին ասվեց` չեմ կարծում, որ Տերյան են կարդացել: Այսինքն՝ Տերյանին բերել են երաժշտություն, է՜ն երաժշտությանը, որով Տերյանն է խոսում: Կարող է լինել գեղջկական երգի ելևէջներով, Տերյանը դա չէ, բոլորովին դա չէ: Այդ ելևէջներով կարելի է երգել Իսահակյան, այդ ելևէջներով կարելի է երգել Շիրազ, այսինքն՝ հայոց լեզու, բանաստեղծական մտածողություն, որ անմիջապես կողքն է բանահյուսության, ժողովրդական բառ ու բանի, անմիջապես նրա կողքին է, էդ ելևէջները անմիջապես միանում են, իրար գտնում են, բայց Տերյանը այնտեղ չէ: Այնտեղ չէ Տերյանը: Երաժշտության էդ տարածքներում չէ: Ախր իր քաղաքը գոյություն չունե՛ր էն ժամանակ: Ռոմանոս Մելիքյանի քաղաքը նո՛ւյնպես էն ժամանակ գոյություն չուներ: Էս ի՞նչ տեսակ առեղծված է, էսպես երկնելու, ստեղծելու էդպիսի մի իրականություն: Ռոմանոս Մելիքյանի պարագայում չեմ կարող ասել, որ ամբողջությամբ միայն քաղաքային երգն է, նա աշուղական, գեղջկական տարրերն էլ է ներբերել իր երաժշտության մեջ, եթե պահանջել է էդ բանաստեղծությունը, բայց Տերյանի պարագայում` ոչ, էնտեղ չկա էդպիսի շերտ: Ախր հայոց լեզվի գերագույն հաղթանակը, իրեն վերևներում տեսնելու, իրեն վերևներում զգալու, բարձունքներին` իր կարողությունների, իր հնչողությունների, իր զգայունությունների բարձրակետին զգալու էդ պահը Տերյանն է արել: Եվ դա, իրոք, գոյություն չունեցող մի հսկա քաղաքի պոեզիան է: Քաղաքի, էդ քաղաքի ներսում հասարակական կյանքի, քաղաքում ապրող, բարձր վայելքներ գիտակցող հասարակության պոեզիան է: Դե, պատկերացրեք, ինչե՛ր կարող են լինել մի ընտիր հայ սալոնում: Եթե այդպիսին պատկերացնենք` ի՛նքը, Տերյանը ա՛յ դրանց վրա թագավորն է, ոչ թե նրանց ներկայացուցիչն է կամ արտահայտիչը, այլ նրանց թագավորն է: Սա եթե պոեզիա կարող է դառնալ` ինքն է դա, եթե կարող է դառնալ, որովհետև կենցաղը, ի վերջո, ինչքան էլ շքեղ լինի` հո չի՞ դառնալու պոեզիա: Շատ նուրբ մի կետ է երաժշտության մեջ Տերյան իրականացնելը` և՛ իր եղբայրներին, ֆրանսիական պոեզիայում, ռուսական պոեզիայում, որոնց հետ ինքը առել-տվել է, ապրել է նրանց հետ, նաև քաղաքային երգ, որը ի՞նչ է, եթե շատ ես ուզում քաղաքային երգը մեր քաղաքում ջուր ծախողի երգն է, կամ Հավլաբարի ընտիր երգերն են` Թիֆլիսի հայ միջավայրում ստեղծված, աշուղական երգերն են:
-Այսինքն, եթե Վահան Տերյանի պոեզիան այդքան դասական է, ուրեմն երաժշտությունը, որ հյուսվում է պոեզիային` պարտադիր պիտի դասական հարթության վրա՞ լինի:
-Շատ հստակ է, հաստատորեն այդպես է: Բայց պետք է ասեմ, որ այս նախադասությունը անվերջ իմ մտքին է` Մալարմեն ասում է. բանաստեղծությունը ոչ թե զգացմունքներով է գրվում, այլ բառերով: Երբ որ դու էդ բառերը չես տեսնում, «ոսկեհանդերձ»-ը չես ապրում, «միգասքող»-ը չես ապրում, այլ նրա` քեզ վրա թողած զգացական շերտն է քեզ առաջնորդ դառնում` խաբված ես, խաբվա՜ծ ես: Շատ էլ որ քո հարևանը, երաժշտություն սիրողը, քո տղան, աղջիկը կսիրեն, կապ չունի, կա՜պ չունի: Կարող է սիրեն, ինչո՞ւ չէ: Մենք երբեմն այնպիսի արժեքներ ենք կարևորում մեր կյանքում, բայց էդ արժեքները, որոնց մասին ես ասում եմ, Տերյանի հետ որևէ ընդհանրություն չունեն, որևէ ընդհանրություն: Մոտավոր չէ, շատ հստակ` սա բարձր երևույթ է, որի իրականությունը կարծես թե քիչ-քիչ պիտի գոյանա մեզանում: Ես հույս ունեմ, այո, կարծում եմ, որ Տերյանը դեռ նվաճելու տարածքներ ունի, նվաճելու հոգիներ ունի, մշակութային դաշտ նվաճելու մեծ ուժեր ունի, մեծ ուժեր:
-Հարգելի պարոն Մանսուրյան, Դուք էդ ինչքա՞ն եք սիրում Տերյանին, ինչքա՜ն եք իրենով տարված, որ սիրով ու տառապանքով էլի ուզում եք երգել Տերյան:
-Ես և՛ Տերյանին եմ շատ սիրում, և՛ էն հայոց լեզուն, որ ինքը հասցրեց էդ բարձունքին: Էդ լեզուն գժվելու բան է: Բայց չէ՞ որ էդտեղից Կարսի այգում տղան էդ գիրքը գրպանում` Չարենց դարձավ, է՜, տես ի՜նչ ռումբ էր էդ գիրքը նրա ձեռքին:
Միտքս ամբողջացնելով պիտի ասեմ, որ ոսկի թորելու է՜ն նուրբ աշխատանքն է Տերյանից երաժշտություն բերելը, այո՛, ոսկի թորելու պես բան է Տերյանից երաժշտություն բերելը:
-Շնորհակալ եմ, մաեստրո:
-Մենք երկուսով շնորհակալ լինենք Տերյանին:


Զրուցեց
Շուշանիկ ՍԱՀԱԿՅԱՆԸ

Դիտվել է՝ 7267

Մեկնաբանություններ