ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

ՀՀ կառավարությունը և «Ռոսգեոլոգիա» ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր

ՀՀ կառավարությունը և «Ռոսգեոլոգիա» ընկերությունը ստորագրել են համագործակցության հուշագիր
25.10.2016 | 11:27

Վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ կառավարությունում ստորագրվել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ու «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության միջև համագործակցության hուշագիր: Փաստաթուղթն ստորագրել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը և «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Պանովը: Ըստ հուշագրի՝ կողմերը կզարգացնեն համագործակցությունը երկրաբանական հետազոտությունների և որոնողական համալիր աշխատանքների իրականացման, հանքարդյունահանման պլանավորման, հանքավայրերի գնահատման և մի շարք այլ ուղղություններով:

Նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետությունում նախագծերի իրականացման համար կողմերը կստեղծեն համատեղ ձեռնարկություն:
Մինչ հուշագրի ստորագրումը, վարչապետ Կարեն Կարապետյանը և «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Պանովը քննարկել են երկկողմ գործակցության հարցեր, անդրադարձել ծրագրերին և այն քայլերին, որոնք գործնական հիմքի վրա կդնեն դրանց իրականացումը: Վարչապետը ողջունել է «Ռոսգեոլոգիա» բաժնետիրական ընկերության հետ համագործակցության ծավալումը՝ ընդգծելով, որ կառավարության ծրագրում կարևորվում է ընդերքի համապարփակ և համալիր հետազոտության, ընդերքօգտագործման թափանցիկության ուղղությամբ համալիր միջոցառումների իրականացումը: Կարեն Կարապետյանը նշել է, որ երկկողմ գործակցությունը կարող է ծառայել որպես արդյունավետ հարթակ ներդրումների ներգրավման, աշխատատեղերի ստեղծման համար, և գործադիրը հետաքրքրված է համատեղ ծրագրերի իրականացմամբ:

Ռոման Պանովը, շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար, վարչապետին է ներկայացրել փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ իրենց պատկերացումները: Նա նշել է, որ «Ռոսգեոլոգիա»-ն պատրաստ է ինտենսիվ գործունեություն ծավալել մեր երկրում՝ ընդգծելով, որ Հայաստանը հարուստ է հանքանյութային ապարներով, և այդ բազան զարգացման ու ամրապնդման նշանակալի հեռանկարներ ունի:

Դիտվել է՝ 1613

Մեկնաբանություններ