Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

«Էս ա՞ ուզածները»

«Էս ա՞ ուզածները»
24.10.2017 | 09:20

Մինչ իշխանությունը պայքարում, քայլեր է ձեռնարկում ապօրինի ծառահատումների դեմ, մարդիկ շարունակում են վառելափայտի համար կտրել ծառեր ու ավելի բարձր գնով իրացնել:
Ամենացուրտ մարզերից մեկում` Գեղարքունիքում, միայն գազով տուն չես տաքացնի, շատերը նաև կողմնակի աղբյուրներ են գործի դնում, որ ձմեռը հա՛մ թանկ «չնստի» գյուղացու գրպանին, հա՛մ էլ ցուրտ չլինի: Տարբերակներից մեկն էլ վառելափայտով վառարաններն են, սակայն փայտն այս տարի բավական թանկ է: Գյուղացիների փայտի հիմնական «մատակարարը» արցախյան փարթամ անտառներն են: Աշնանը փայտով բարձած բեռնատարներ հաճախ կարելի է գյուղերում տեսնել, իսկ այս տարի դրանց թիվը պակասել է. պատճառն այն է, որ Արցախից փայտ բերելը գրեթե անհնար է դարձել:


Գյուղացիները մեզ հետ զրույցում պատմեցին, որ չեն կարող Արցախից փայտ բերել Հայաստան. եթե բախտդ բերեց, համոզեցիր անտառապահին ու փայտ բարձեցիր, սահմանին կկանգնեցնեն ու ողջ բեռը կդատարկեն: Խիստ հսկողություն է սահմանված: «Իսկ գյուղերում պտտվող փայտով բարձած բեռնատարնե՞րը» հարցին ի պատասխան մեզ ասացին, որ արտոնյալներ միշտ էլ կան, որոնց համար ոչ մի փակ դուռ չկա, բայց դրանք շարքային քաղաքացիներ չեն, ոչ էլ չարքաշ գյուղացիներ:


Մարդիկ ունեն նաև այն հարցի պատասխանը, թե ինչու են արգելում վառելափայտը: «Չեն ուզում, որ փայտ վառենք, որպեսզի գազի վրա «նստած» լինենք: Բայց ցուրտ մարզում, որտեղ տարվա ութ ամիսը ձմեռ է, ո՞վ կարող է էդքան գազ վառել ու տակից դուրս գալ, տարվա դատած-բանածը տանք գազի վարձ ու սոված նստե՞նք: Էս ա՞ ուզածները»,- վրդովված ասացին գյուղացիները:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5494

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ