Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Սև ու մոխրագույն

Սև ու մոխրագույն
24.02.2025 | 19:02

Մոխրագույնի վրա ելնում է սեւը՝

անվերջանալի, խիտ օրակարգով,-

ամենն է էնտեղ՝ Ա-ից մինչեւ Ֆ,

եղյալով թե բյուր կատարվելիքով,

բայց քո ապրածը երեւի մուժ է,

որ թեթեւակի հիշատակված չէ

նույնիսկ նրա թյուր հավելվածներում.-

տողատակում ես կամ արտատողյա,

լուսանցքային ես կամ՝ Օ անհնչուն,

գուցե չգրվող հուշ ես անկատար

կամ հույլ ստվերի պատառիկ, որ քեզ

անգամ սեւ կետը կարող է մերժել

Արեւ-Արքայի ընդունարանում…

Մոխրագույն երկինք: Երկիր սեւակնած:

Անաչ ժամանակ: Գորշավուն ոգի,-

Էնքան անսեռ են հրեշները, որ

խինդ քաղաքները տրվում են նրանց

հեշտ ու խառնաշունչ ցանկություններին:

Իսկ ես եկվորն են խայտուն աշխարհից՝

լի ծիրանավառ ասք ու լռությամբ,

Էնտեղ օրերը ծագում են սրտից

ու… մենահարվում ծիածանի տակ:-

Հոգին չի՛ փոխվի, սակայն, ոչ մի պահ -

սեւ ու մոխրագույն ջրերից դարձյալ

ձկներ կհանեմ խոսուն ու ոսկյա:

09.02.2025

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6662

Մեկնաբանություններ