Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, անդրադառնալով Հայաստանում ատոմակայանի համար ամերիկյան փոքր ռեակտորների կառուցման հեռանկարին, հայտարարել է. «Կան հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրումներ Հայաստանի տնտեսությունում։ Ավելի շուտ, դա կլինի առքուվաճառքի գործարք, որը կկազմի երկրի տարեկան ՀՆԱ-ի մեկ երրորդից ավելին. վարկ, որը կվճարեն ոչ միայն հանրապետության ներկա, այլև ապագա սերունդները»։               
 

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ ուղերձը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կնոջ ուղերձը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին
26.11.2025 | 12:09

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինն ուղերձ է հղել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին, որի սկավառակն ու տեքստն AntiFake.am-ի խմբագրությունն առձեռն կհանձնի դեսպանատուն։

Տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=VrhLxgl_Hbs

«ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

Պատվարժան դեսպան Քրիստինա Քվին,

Ես Լուսինեն եմ` իր ազատ խոսքի իրավունքն իրացնելու պատճառով արդեն երկրորդ անգամ երկու ամսով կալանավորված քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը: Իր նախորդ կալանավորման ժամանակ ամուսինս բանտից բաց նամակով դիմել էր ձեզ` հորդորելով ձեզ խոսել ՀՀ-ում մարդու իրավունքների ոտնահարման, ազատ խոսքը ճնշելու իշխանությունների արատավոր պրակտիկայի մասին: Չգիտեմ, արդյոք ամուսնուս նամակը հասել է ձեզ, թե ոչ, քանի որ ձեզնից այդպես էլ պատասխան չստացվեց: Այս անգամ դիմում եմ ձեզ ես, քանի որ ցավալի է հետևել, թե ինչպես են ազատ խոսքի հիման վրա ստեղծված պետության ներկայացուցիչները լռում մեր երկրում տեղի ունեցողը տեսնելով:

Աննախադեպ քանակի քաղբանտարկյալներ այսօր բանտերում պատիժ են կրում այն բանի համար, որ համաձայն չեն այն ամենի հետ, ինչ փաշինյանական ռեժիմն անում է մեր պետության հետ: Այստեղ այլևս քրեորեն պատժելի է սեփական քաղաքական հայացքները բարձրաձայնելը և իշխանություններին քննադատելը:

Մենք այսօր մեր կաշվի վրա ենք զգում ձեր նախկին նախագահ Հարի Թրումանի հետևյալ խոսքերը. «Երբ կառավարությունը հավատարիմ է մնում ընդդիմության ձայնը լռեցնելու սկզբունքին, այն միայն մեկ ճանապարհ ունի անցնելու՝ գնալով սաստկացնել բռնաճնշումները, մինչև որ այն դառնա ահաբեկման աղբյուր իր բոլոր քաղաքացիների համար և ստեղծի մի երկիր, որտեղ բոլորը կապրեն վախի մթնոլորտում»։

Այսօր ՀՀ-ում վախի մթնոլորտ է ստեղծվում իշխանությունների ձեռամբ, քանի որ նրանք, ովքեր հանրայնորեն քննադատում են ներկայիս իշխանություններին, ամենատարբեր հորինված քրեական գործերով հայտնվում են բանտերում: Իմ ամուսինն այսօր բանտում է «հետույք» բառի համար. սա նշված է քրեական գործում: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` իրենց «Իմնեմնիմի» փոդքասթին հյուրընկալվելուց հետո քպ-ականները ֆեյսբուքյան գրառումներով թիրախավորել էին ամուսնուս և փոդքասթի մյուս վարող Վազգեն Սաղաթելյանին, ամենակեղտոտ բառապաշարով վիրավորական գրառումներ էին կատարում նրանց հասցեին: Այս արշավից անմասն չէր մնացել ԱԺ խոսնակ ալեն սիմոնյանը, ով ամուսնուս և Վազգենին անվանել էր «շան լակոտներ», որին ի պատասխան փոդքասթի հաջորդ թողարկման ժամանակ ամուսինս և Վազգենը պատասխանել էին իրենց հասցեին հնչած վիրավորանքներին: Ամուսինս օգտագործել էր «հետույք» բառը, որի համար Ալեն Սիմոնյանը դիմել էր իրավապահներին, և օրեր անց ԱԱԾ Ալֆա ստորաբաժանման դիմակավորված անձինք մտել էին մեր տուն իմ և մեր երկու մանկահասակ երեխաների աչքի առաջ խուզարկել մեր տունն ու, չնայած, որ նա կամավոր հետևում էր իրավապահներին և որևէ դիմադրություն չէր ցուցաբերում, ձեռքերը ոլորելով տնից տարել ամուսնուս. կադրերը կան համացանցում:

Հայաստանի իրավապահները «հետույք» բառը համարել են խուլիգանություն, իսկ Ալեն Սիմոնյանի ասած «շան լակոտներ» արտահայտության և քպ-ականների վիրավորանքներում որևէ հանցակազմ չեն տեսել: Ի՞նչ է սա, եթե ոչ Հարի Թրումանի ասած ահաբեկումը: Ավելին, եթե նախորդ անգամ իշխանությունները սահմանափակվել էին միայն ամուսնուս և Վազգենին կալանավորելով, այս անգամ Անտիֆեյք.էյէմ-ի ողջ անձնակազմն է թիրախում եղել. լրագրողի և օպերատորի էլ են անհիմն ձերբակալել, իբր խոչընդոտել են արդարադատության իրականացմանը. լրագրող Դավիթ Ֆիդանյանին ձերբակալել են 60 ժամով, իսկ օպերատոր Իշխան Խոսրովյանին նույն օրն ազատ են արձակել: Անտիֆեյքի գրասենյակում խուզարկություն են իրականացրել և առգրավել ամբողջ տեխնիկան` բոլոր համակարգիչները, բոլոր միկրոֆոնները` փոդքասթի և այլ տեսակի աշխատող, չաշխատող, բոլոր տեսախցիկները, բոլոր շտատիվները, միկրաֆոնների համար նախատեսված բոլոր ստենդերը, բոլոր նկարահանող դրոնները, powerbank-երը, հիշողության կրիչները, բոլոր մարտկոցները, բոլոր լիցքավորման լարերը, ուղիղ հեռարձակման համար անհրաժեշտ սարքավորումները, եթերային ձայնն ու ձայնի մաքրությունն ապահովող սարքերը` զում, միքսեր, լարերը, գրասենյակի անվտանգության տեսախցկների դիվիառները, որի նպատակն է նյութական ուղիղ վնաս հասցնել մեզ: Բարեբախտաբար, գտնվեցին համակիրներ, որոնք շատ արագ իրենց միջոցներով ձեռք բերեցին անհրաժեշտ տեխնիկան, և լրատվականը շարունակում է իր գործունեությունը, ճիշտ է, ոչ ամբողջ ծավալով` դեռևս մնալով իշխանությունների թիրախում:

Թե՛ ամուսինս, թե՛ ես մեր ուսանելու տարիներից սկսած հավատացել ենք ամերիկյան ժողովրդավարությանը, թե ինչպես է Ամերիկան ստեղծվել ազատ խոսքի և ժողովրդավարության հիման վրա: Հիացել ենք ձեր քաղաքական մշակույթով և համարել, որ պետությունների զարգացման հարցում կարևորագույն դեր կարող է ունենալ հենց ձեր` ԱՄՆ քաղաքական մշակույթը, որտեղ համակարգն է թելադրում գործչին, ոչ թե գործիչը` համակարգին:

Ուզում եմ մեջբերել նաև նախագահներ Զորջ Վաշինգտոնի և Թեոդոր Ռուզվելտի խոսքերը ևս.

«Եթե խոսքի ազատությունը խլեն մեզնից, ապա մեզ, լուռ և հնազանդ, ոչխարների նման կարող են մորթի տանել»․ Ջորջ Վաշինգտոն

«Ասել, որ նախագահի հասցեին քննադատություն չպետք է լինի, կամ որ մենք պետք է կանգնած լինենք նախագահի կողքին՝ ճիշտ, թե սխալ, ոչ միայն ոչ հայրենասիրական և ստրկամիտ է, այլև բարոյական դավաճանություն ամերիկյան հանրության նկատմամբ»․ Թեոդոր Ռուզվելտ

Ձեր բոլոր նախագահներն արժևորել են խոսքի ազատությունը և մեծ կարևորություն տվել ընդդիմության ձայնին, ընդդիմադիր խոսքին, իսկ Հայաստանում այսօր դա արգելված է:

Իշխանավորները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, կարող են իրենց թույլ տալ կեղտոտ բառապաշար, նման կերպ խոսել եկեղեցու սպասավորների մասին, բարերարների մասին, իրենց ընդդիմախոսների մասին, սակայն պատասխան ստանալու դեպքում քաղաքացիները հայտնվում են բանտերում: Փաշինյանը վերջերս խոստովանել է, որ ինքը հայհոյախոսել է, սակայն այս ինքնախոստովանականին չի հետևել քրեական հետապնդումը, ինչու՞, քանի որ հայհոյե՞լ է իր ընդդիմախոսներին. դա թույլատրելի է:

Ձեր ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտնի է իր քաղաքական հակառակորդներին կոշտ բառապաշարով դիմելով, սակայն չեմ մտաբերում դեպք, որ իր դեմ որևէ քրեական գործ հարուցված լինի կամ որակվի իր խոսքը որպես խուլիգանություն: Այս պարագայում, ինչու՞ եք լռում Հայաստանում ընդդիմադիր խոսքի հետապնդման մասին:

Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք սա խոսքի ազատության նկատմամբ բացահայտ բռնաճնշում չէ, արդյո՞ք դեսպանատան լռությունը բոլորին խաբելու փորձ չէ, ինչպես ասում էր ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլը, ով ամուսնուս ամենասիրելի ԱՄՆ նախագահն է․ «Հնարավոր է ամբողջ ժողովրդին խաբել ինչ-որ ժամանակ, կամ ժողովրդի մի մասին՝ անընդհատ, բայց անհնար է անընդհատ խաբել ամբողջ ժողովրդին»:

Մեծ ակնկալիքով սպասում եմ ձեր արձագանքին: Եթե այդ արձագանքը չի կարող լինել հրապարակային, ակնկալում եմ հանդիպում ձեզ հետ չտեսագրվող ձևաչափով` առավել մանրամասն ձեզ ներկայացնելու գործը, և ձեզնից ակնկալած պատասխանները ստանալու համար: Չէ՞, որ ձեր և եվրոպական գործընկերների լռությունը տեսնում է նաև հայ հասարակությունը:

Նարեկ Սամսոնյանը քաղբանտարկյալ է, հերթական անգամ կալանավորված խոսքի համար, որը դեռևս ռոմանտիկորեն հավատում է արևմտյան արժեքներին»։

Հարգանքով՝

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2978

Մեկնաբանություններ