Այն, որ մեր բիզնես և պաշտոնյա օլիգարխները երբևէ ախորժակից չեն բողոքում, լրացուցիչ ապացուցելու կարիք չկա: Ավելին` հայտնի է, որ նրանց ախորժակն է՛լ ավելի է մեծանում ուտելու ժամանակ: Փա՞ստ։ Խնդրեմ. վերջերս նման երևույթներ են դրսևորում պաշտոնյա օլիգարխ-գործընկերներ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Գյուղնախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների պնդմամբ` հիշյալ դուետը, չբավարարվելով արդեն իսկ ունեցածով, հիմա էլ համատեղ որոշել է զբաղվել կաթնամթերքի բիզնեսով։ Մասնավորապես, կաթնամթերքի արտադրությամբ: Նման ցանկությունը, թերևս, արտառոց չընկալվեր, եթե չլինեին սույն տանդեմի` շուկա ներթափանցելու, մեղմ ասած, կասկածելի մեթոդները: Տեղին է հավելել, որ այն գործարարների համար, ովքեր երբևիցե «բախտ են ունեցել» գործի բերումով բիզնես դաշտում մրցակցելու Հովիկ Աբրահամյանի և նրա գործընկերոջ հետ, վերջիններիս որդեգրած մեթոդներն ամենևին էլ նորություն չեն:
Ինչի՞ մասին է խոսքը: Պարզվում է` գործարար պաշտոնյաների այս դուետը, սովորականի պես, որոշել է մինչև կաթնամթերքի շուկա մտնելը նախ, չարաշահելով պաշտոնական դիրքերը, հնարավորինս վնասել պոտենցիալ մրցակիցներին: Այդ նպատակով դեռևս մի քանի ամիս առաջ սկսեց կիրառվել բավականին պարզ մի մեխանիզմ. իբր խեղճ գյուղացու շահերը պաշտպանելու համար նորաթուխ գյուղնախարարը, մեկ-մեկ էլ` անձամբ Հովիկ Աբրահամյանը, սկսեցին շրջել գյուղերով և ձեռի հետ կոչ անել գյուղացիներին կաթը չմթերել էժան գներով: Արդյունքում` մթերման գներն ընդամենը մի քանի ամսում բարձրացան մոտ 60 %-ով, բայց սա պլանի ընդամենն առաջին մասն էր: Միևնույն ժամանակ այս պաշտոնյաները, օգտագործելով բիզնեսի վրա պետության ներազդեցության բոլոր օրինական և ավելի շատ անօրինական մեթոդները, սկսեցին ստիպել կաթնամթերքի բիզնեսի ներկայացուցիչներին չբարձրացնել կաթնամթերքի արտադրանքի գները, բնականաբար, իբր ելնելով պետական և իշխանության կարիքներից: Հետաքրքրական է, որ չգիտես ինչու նույն քաղաքականությունը չէր կիրառվում, ասենք, նույն հյութերի և բառացիորեն սննդամթերքի մյուս տեսականու համար: Ստեղծվեց զարմանալի մի իրավիճակ. սպառողական շուկայում բոլոր ապրանքատեսակների գներն այս կամ այն չափով ավելացել են, իսկ կաթնամթերքի շուկայում գներն անփոփոխ են: Հասկանալի է, որ տվյալ դեպքում Հովիկ Աբրահամյանը և Սերգո Կարապետյանը կոնկրետ խնդիր են լուծում. ստիպել ապագա մրցակիցներին հնարավորինս մեծ վնասով աշխատել, որպեսզի ապագայում կաթնամթերքի շուկա մտնելուց հետո փորձեն ավելի հեշտ գտնել իրենց տեղն արևի տակ: Բայց ակնհայտ է, որ այսպիսի վիճակը կաթնամթերքի շուկայում չի կարող երկար շարունակվել։ Ի դեպ, ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, շատ շուտով սպասվում են նաև կաթնամթերքի արտադրանքի թանկացումներ: Դատելով վերոշարադրյալից, սպասվող թանկացումների համար մեր քաղաքացիներն ամենաշատը «շնորհակալ» պետք է լինեն Հովիկ Աբրահամյանին և իր պրոտեժեին:
Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ