Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մխիթարյանին չսիրելու պատճառ չունենք

Մխիթարյանին չսիրելու պատճառ չունենք
25.06.2013 | 15:48

Հենրիկ Մխիթարյանի դարդից մեր հասարակության մի մասը քունուդադար չուներ, մինչև ֆուտբոլիստը չհայտարարեց, որ Ռուբեն Հայրապետյանի (նույն ինքը` Նեմեց Ռուբո) հետ լավ հարաբերությունների մեջ է, չնայած այն բանին, որ վերջինս Մխիթարյանին վատ կողմերով էր ներկայացրել լրագրողներին: Ֆուտբոլիստի փրկության կոչերով հանդես եկող սոցցանցերի օգտատերերը հիասթափություն ապրեցին սիրելի ֆուտբոլիստի հայտարարությունից, քանի որ ՀՖՖ նախագահի կերպարը ոչ միայն միանշանակ չէ շատերի համար, այլև մերժելի: Հատկապես` մեկ տարի առաջ նրան պատկանող «Հարսնաքար» ռեստորանում Վահե Ավետյանի սպանությունից հետո:

Համացանցը քրքրելով` ահա թե ինչ պարզեցի: Լուրը, թե Հենրիկ Մխիթարյանը տեղափոխվում է «Լիվերպուլ», առաջինը հրապարակել է itar-tass.com կայքը` հղում անելով ուկրաինական «Շախտյորի» իր աղբյուրին: Լուրերից տեղեկանում ենք, նաև որ «Շախտյորում» կասկած են հայտնում այդ կապակցությամբ: Նշանակում է կամ «Շախտյորում» իսկապես տեղյակ չեն, և մի երրորդ կողմ է մասնակից այս ամենին, կամ էլ ուկրաինացիները պարզապես իրենք են խաղում: Ըստ sport-express.ua կայքի` դեռևս ձմռանը Մախաչկալայի «Անժիի» սեփականատեր Սուլեյման Քերիմովը պատրաստ է եղել Հենրիկի համար վճարելու 40 մլն եվրո` նրան առաջարկելով շատ ավելի հարմար պայմանագիր, քան «Շախտյորի» հետ կնքածն է: Մխիթարյանը մերժել է: Գուցե Քերիմովը նույնպես կարող էր մասնակցություն ունենալ այս ամենում, հենց միայն կանխելու համար Մխիթարյանի ` «Լիվերպուլ» տեղափոխվելը: Որքանով կարող է այս վարկածը իրականության հետ կապ ունենալ, դժվար է ասել: Համենայնդեպս, չի բացառվում: Չի բացառվում նաև, որ այս ամենի հեղինակը պարզապես ուկրաինացիներն են «հայկական Զիդանին» ոչ մեկին «չհանձնելու» համար: Հավելենք նաև, որ լիվերպուլյան ենթադրյալ պայմանագրի ենթադրյալ խափանման մեջ կարող էր դերակատարում ունենալ նույն ինքը` Նեմեց Ռուբոն: Ի դեպ, այսօր «Շախտյորի» գործադիր տնօրեն Սերգեյ Պալկինն ասել է, թե Մխիթարյանը ներկա չի եղել թիմի մարզական հավաքին և առաջիկա օրերին չներկայանալու դեպքում հնարավոր է տուգանվի: «Լիվերպուլի» մասին լուրերը Պալկինը համարել է շշուկներ` ասելով, թե Մխիթարյանը «Լիվերպուլից» ոչ մի առաջարկ չի ստացել:
Ինչպես երևում է, այս մարզական լաբիրինթոսում նույնիսկ պարզ վերլուծությունները ոչ մի պատասխանի չեն հանգեցնում: Գուցե հենց սա նկատի ուներ Մխիթարյանը, երբ իր ֆեյսբուքյան հայտարարության մեջ նշել էր, թե «Ռուսական և անգլիական տարբեր լրատվամիջոցներ փորձում են ինչ-որ խնդիրներ լուծել»: Նաև ասել էր. «Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կյանքում կան կանոններ և ես պարտավոր է դրանք հարգել»: Եվ ապա` «Հուսով եմ, կարողացա ձեզ ամեն ինչ ասել»:
Հենրիկ Մխիթարյանը իր այս հայտարարությամբ փորձել էր ինչ-ինչ հարցեր հարթել` նկատի ունենալով պատմության մեջ շրջանառվող բոլոր կողմերին: Սա իր գործն է, մերը, կարծում եմ, նրա աշխատանքով հիանալն է կամ ոչ: Նա աշխատանքային հարաբերությունների մեջ է Հայրապետյանի հետ: ՈՒզենք, թե չուզենք: Կարծում եմ, սակայն, նույնիսկ Հենրիկի վերջին հայտարարությունը չի կարող պատճառ դառնալ, որ մոռանանք հայոց ֆուտբոլի հետխորհրդային պատմության մեջ գորշությունը ճեղքած տղայի տաղանդի ու այդ տաղանդի նկատմամբ մեր «թուլության» մասին:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2986

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ