ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Ցեղասպանության տարելիցին նվիրված երիտասարդական գիտաժողով

Ցեղասպանության տարելիցին նվիրված երիտասարդական գիտաժողով
09.04.2015 | 16:57

Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հանրապետական երիտասարդական գիտաժողովը:
Հանրապետական գիտաժողովը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ԵՊՀ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները համակարգող հանձնաժողովի աջակցությամբ:
Մինչ ելույթները գիտաժողովի մասնակիցները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետև մասնակիցներին ողջունեցին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը և Ուսանողական գիտական ընկերության նախագահ Միքայել Մալխասյանը:
«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված՝ ԵՊՀ-ի կողմից իրականացվող միջոցառումները բավականին բազմաբնույթ են ու բազմաբովանդակ: Մի քանի տասնյակ միջոցառումների շարքում շատ է կարևորվում երիտասարդական այս գիտաժողովը, քանի որ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրողների սերնդափոխությունը մեր բոլորի խնդիրն է: Ուստի նման գիտաժողովները մեծ ներդրում ունեն երիտասարդ գիտնականների կայացման գործում»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը և բարի երթ մաղթեց գիտաժողովի մասնակիցներին:
ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Միքայել Մալխասյանն էլ նշեց, որ երիտասարդական գիտաժողովին մասնակցելու հայտ էին ներկայացրել 102 ուսանողներ և ասպիրանտներ, որոնցից ընտրվել էին 24-ը: Ի դեպ, զեկուցումներն ընտրել է Պատմության, Ռոմանագերմանական բանասիրության, Արևելագիտության, Ժուռնալիստիկայի, Սոցիոլոգիայի և Հայ բանասիրության ֆակուլտետների դասախոսներից կազմված մասնագիտական հանձնախումբը:
«Նման միջոցառումները շատ կարևոր հանգրվաններ են Հայոց ցեղասպանության պահանջատիրական, ճանաչման, դատապարտման և հատուցման խնդիրները վեր հանելու համար»,- ասաց նիստը նախագահող, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը:
Գիտաժողովն ացկացվում է 3 նիստերով՝ «Հայոց ցեղասպանության իրավական և սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրները», «Հայոց ցեղասպանության անդրադարձը մամուլի և գրականության մեջ» և «Հայոց ցեղասպանության պատմական հիմնախնդիրները»:
Առաջին զեկուցումը` «Հայերի դեմ իրագործված ցեղասպանության մերժողական քաղաքականության հիմնահարցերն իրավական վերլուծության լույսի ներքո» վերտառությամբ, ներկայացրեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանող Առնոլդ Վարդանյանը: Բանախոսը խոսեց Թուրքիայի, միջազգային կառույցների ու հասարակական և քաղաքական անհատ գործիչների կողմից իրականացվող մերժողական գործունեության մասին՝ դրանք ներկայացնելով իրավական տեսանկյունից:
ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Մանուկ Թովմասյանի զեկուցումն էլ վերաբերում էր ամերիկացի հայտնի տեսաբան Գրեգորի Ստենտոնի՝ Հայոց ցեղասպանության տեսությանը, որը նշանավորվել է հեղինակի կողմից առաջ քաշած ութ փուլերով:
Բանախոսների հիմնական մասն անդրադարձել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվող «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործին, որը լուրջ ազդեցություն կարող է ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետագա գործընթացների վրա:
Հարկ է նշել, որ յուրաքանչյուր զեկուցում ներկայացնելուց հետո բանախոսի, նիստը նախագահողների և ուսանողների միջև բավականին ակտիվ քննարկումներ էին ծավալվում:
Հանրապետական երիտասարդական գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ իրավագիտության, փիլիսոփայության և հոգեբանության, ռոմանագերմանական բանասիրության, միջազգային հարաբերությունների, հայ բանասիրության, սոցիոլոգիայի, ժուռնալիստիկայի, պատմության, ռուս բանասիրության ֆակուլտետների, հայագիտական հետազոտությունների ինստիտուտի ուսանողները, ինչպես նաև ասպիրանտները:
Մասնակիցներ կային նաև այլ բուհերից՝ Վանաձորի պետական համալսարանից, Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտից և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից:
Հավելենք, որ գիտաժողովում ներկայացված զեկուցումները կտպագրվեն առանձին ժողովածուով:

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ