Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ավետիսյանների սպանության տարելիցի օրը Գյումրիում ՌԴ զորամասի մոտ բողոքի ակցիա է կայանալու

Ավետիսյանների սպանության տարելիցի օրը Գյումրիում ՌԴ զորամասի մոտ բողոքի ակցիա է կայանալու
12.01.2019 | 15:57

Այսօր Գյումրիում Շիրակացի փողոցի ռուսական զորամասերից մեկի մոտ տեղի կունենա բողոքի ակցիա՝ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության տարելիցի կապակցությամբ: Ավետիսյանների ընտանիքը սպանվել էր 2015-ի հունվարի 12-ին, իսկ հանցագործության համար ցմահ ազատազրկման է դատապարտվել ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը:


Ակցիայի մասնակիցներն այսօր փորձելու են Հայաստանի իշխանությունների և ռուսական ռազմաբազայի ղեկավարության ուշադրությունը հրավիրել ռազմաբազայի գործունեության ընթացքում առաջացող ռիսկերի վրա: Չնայած Ավետիսյանների ընտանիքի ողբերգությունը մեծ հնչեղություն էր ստացել, ռուսական ռազմաբազայի զինծառայողների հանցագործությունները պարբերաբար կրկնվում են: Նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին Գյումրի Սլաբոտկա թաղամասում վաղ առավոտյան դաժան ծեծի էր ենթարկվել 57- ամյա Ջուլիետա Ղազարյանը և մահացել էր: Դեպքով ձերբակալված է ռուսական ռազմաբազայի զինծառայող:
ՀՀ իշխանություններից պահանջում են հատուկ հսկողության տակ առնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորակայաններն ամբողջ շրջագծով, անհրաժեշտության դեպքում կառուցել հատուկ արգելապատնեշներ, փշալար ու ցանկապատեր, խրամատներ դրանց շրջակայքում, կահավորել այդ զորամասերի շրջագծերը ցերեկային և գիշերային տեսահսկող խցիկներով, անընդմեջ հսկել այդ տեսախցիկներից եկող ազդանշանները հատուկ հսկիչ կենտրոնում և այդ պատնեշների խախտումների կամ չարտոնված հատումների դեպքում օպերատիվ խափանման և վնասի սահմանափակման գործողություններ ձեռնարկել: Հատուկ մեխանիզմ գործարկել ՌԴ զորամասերից ելումուտը վերահսկելու համար, հսկիչ կետերի մոտ պարեկային շուրջօրյա ծառայություններ նշանակել, որոնց պարտականությունը պետք է լինի ելումուտի ստուգումը: ՌԴ զորամասերից անզեն և զինյալ ելումուտը, տեղաշարժը, զորաշարժը արտոնել միայն նախնական իրազեկման և ՀՀ կողմից (ոստիկանություն, ՃՈ կամ ՌՈ) ուղեկցման դեպքում: Առանց նախնական իրազեկման ելումուտը, զորաշարժը համարել անօրինական և խափանել համաչափ ուժի գործադրմամբ: Զորամասերից զինծառայողների փախուստի կամ տեխնիկայի առանց արտոնման կամ ապօրինի ելքի փաստի բացահայտումից հետո մինչև բացահայտումը անհապաղ տեղեկացնել հանրությանը: ՌԴ 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայողների ազատ բնակեցման տարածքներում հատուկ շուրջօրյա պարեկային ծառայություն մտցնել (Ոստիկանություն կամ ՌՈ):


Պահանջներից է նաև բանակցել ՌԴ իշխանությունների/բազայի հրամանատարության հետ, բազայից եկող վտանգների վերացման այլևայլ մեխանիզմների մասին եւ վերամշակել այս և այլ մեխանիզմները այն հաշվով, որ ռիսկերը վերացվեն: Անհրաժեշտության դեպքում այդ գործում ներգրավել անկախ փորձագետների: ՌԴ իշխանություններին ևս ակցիայի ընթացքում պահանջներ կուղղվեն: Պահանջվում է հատուկ ստուգումներ իրականացնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորակայաններում, պարբերաբար ստուգել զինծառայողների բարոյահոգեբանական և առողջական վիճակը, նյութական ապահովվածության, կեցության եւ սննդի, կանոնադրական հարաբերությունների, ֆինանսատնտեսական վիճակը, բացահայտել խնդիրները և լուծել: Ուժեղացնել զորամասերից զինվորականների ելումուտի օրինականության հսկողությունը: Ուժեղացնել և ամրացնել զորամասերի, հրաձգարանների, վարժատարածքների հսկողությունը, պարիսպները, պատնեշները եւ անցակետերը, իսպառ բացառելով զինծառայողների փախուստը, կամ քաղաքացիների ներթափանցումը:
Ազատական ստացող ժամկետային զինծառայողներին մինչև զորամասերի տարածքը լքելը բժշկահոգեբանական զննության ենթարկել: Զորամասը զինծառայողների կողից առանց արտոնման կամ ապօրինի լքելու փաստի բացահայտումից հետո անհապաղ տեղեկացնել ՀՀ իշխանություններին: Ստուգայցեր կազմակերպել զորամասերից դուրս բնակվող պայմանագրային զինծառայողների բնակարաններ, ծանոթանալ բնակության պայմաններին, իսկ խնդիրների բացահայտման դեպքում հրատապ միջոցառումներ ձեռնարկել ռիսկերը նվազեցնելու եւ հնարավոր վնասները կանխելու համար:


Անկախ այն հանգամանքից, թե ՀՀ և ՌԴ իշխանությունները ինչ կձեռնարկեն վերոհիշյալ ուղղություններով, Գյումրիի հանրությանը կոչ է արվում զգոն լինել, ուշադիր լինել թափառող, ակնհայտ ոչ սթափ վարքով կամ տարօրինակ վարք դրսևորող զինծառայողների կամ նրանց նմանվող մարդկանց նկատմամբ: Ուշադիր պետք է լինել հատկապես այն տարածքներում, որտեղ զորամասեր են տեղակայված:

Դիտվել է՝ 2773

Մեկնաբանություններ