ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սերգեյ Սմբատյանը հանդես կգա Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում

Սերգեյ Սմբատյանը հանդես կգա Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում
30.04.2019 | 14:04

Մայիսի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Մալթայի մայրաքաղաք Վալետայում ղեկավարելու է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը։ Համերգը կրելու է «Հիասքանչ ջութակ» խորագիրը և կայանալու է ապրիլի 29-ից մայիսի 10-ն անցկացվող Մալթայի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում։ Նվագախմբի հետ ելույթ կունենա հանրահայտ ջութակահարուհի Ջի Յոնգ Լիմը։ Վերջինս Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր է, բազմաթիվ այլ մրցույթների դափնեկիր և որպես մենակատար հանդես է գալիս աշխարհի լավագույն նվագախմբերի հետ։

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ երեկոյի ընթացքում կհնչեն Անտոնին Դվորժակի 9-րդ սիմֆոնիան, ինչպես նաև՝ Ալեքսեյ Շորի «Բյուրեղապակյա պալատ» բալետի նախերգանքը, «Ծովային պատկերներ» և «Բազեի թռիչքը» ստեղծագործությունները՝ գրված ջութակի և նվագախմբի համար։


Մալթայի միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպվել է Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից։ Հիշեցնենք, որ 2018 թվականին փառատոնի պաշտոնական նվագախումբն էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որը մեկ ամիս շարունակ գրեթե ամեն օր կատարողական մեծ վարպետությամբ եվրոպացի հանդիսատեսի առջև հանդես եկավ չկրկնվող երկացանկով և բազմաթիվ մենակատարների հետ։

Դիտվել է՝ 1018

Մեկնաբանություններ