Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ի՞նչ է լինում, երբ տղամարդիկ իրենց տղամարդկային հատկանիշներն են կորցնում

Ի՞նչ է լինում, երբ տղամարդիկ իրենց տղամարդկային հատկանիշներն են կորցնում
20.11.2026 | 12:51

«...Սիրում եմ երկար և ամուր եղջյուրները դեմ տվող խոյին, ծվատող, պատառոտող հովազին, նույնի՛սկ ճանկռտող, ճչացող կապիկին, բայց երբեք՝ լուռումունջ արածող ոչխարին։
...գարշում եմ, երբ լալիս ես՝ փոխանակ կատաղելու, կծկվում ես՝ փոխանակ լարվելու, ծալվում ես՝ փոխանակ ծալելու, և միշտ, զզվացնելու չափ միշտ հառաչում՝ փոխանակ փրփրալու»:
Վրթանես Փափազյան
Աղետ է լինում երկրներում, այլասերում՝ հասարակություններում և ընտանիքներում, երբ տղամարդիկ կորցնում են բնության ու Աստծո կողմից իրենց վերապահված տղամարդկային ամենակարևոր որակները, տղամարդու ամենակարևոր առաքինությունները՝ խիզախությունը, պայքարելու կամքը, պատասխանատվությունը, և լիարժեք չեն կատարում իրենց վերապահված սոցիալական դերը։
Երբ մի աշխարհահռչակ տիկնոջ՝ երգչուհու հարցրել են, թե ինչպիսի՞ն պետք է լինի իսկական տղամարդը, նա պատասխանել է. «Նախևառաջ իսկական տղամարդը տղամարդ պետք է լինի»։ Իսկ տղամարդու որակները նախևառաջ խիզախությունն են, խստաբարո ու խոսքին տեր լինելը, կամային որակները, պատասխանատվության ու պատվի զգացում ունենալը, կարեկցելու հատկությունն ու առատաձեռնությունը, աշխատասիրությունը։ Իսկական տղամարդը նա է, ում համար պատիվը կյանքից առավել թանկ է։ Ցավոք, շատերի պատկերացմամբ ժամանակակից ու իսկական տղամարդու կերպարը ճարպիկ, հարմարվող, ճկուն ու ձևամոլ լինելն է, ցանկացած միջոցով և մեթոդով նպատակին հասնելը, ցանկացած ճանապարհով փող աշխատելն ու հարցեր լուծելը, իրար տեսնելիս գրկախառնվելն ու համբուրվելը, իրար կեղծ հաճոյախոսելը, գլուխգովանությունը, պարծենկոտությունն ու լոպազությունը։
Ես՝ աշխատանքի բերումով համալսարանում դասավանդման ընթացքում շփվելով երիտասարդ սերնդի հետ, ցավոք, տեսնում եմ, որ փոխվել են ժամանակակից երիտասարդների որակները, որ սեռերի միջև դերային փոփոխություն ու այլասերում է տեղի ունեցել։ Փաստն այն է, որ աղջիկների մոտ պատասխանատվությունը, աշխատասիրությունն ու վճռականությունն ավելի բարձր մակարդակի վրա են գտնվում, քան շատ պատանիների ու երիտասարդ տղաների մոտ։ Թեև ժողովրդական իմաստությունը փաստում է, որ առյուծն առյուծ է՝ լինի էգ, թե որձ։
Երկրի այսօրվա այս խղճուկ ու անարժանապատիվ վիճակը, այսքան կորուստների ու նվաստացման հետ հաշտ ապրելն ազգի տղամարդկանց անպատվությունն ու ամոթն է. դա նախևառաջ պայմանավորված է նրանց հանդուրժողականությամբ, անվճռականությամբ ու խեղճությամբ։ Տղամարդու և կնոջ դերերի բաշխումը պայմանավորված է նրանց ֆիզիոլոգիական, մտավոր ու հոգեբանական առանձնահատկություններով, ինչպես նաև դարերով ձևավորված սեռային պարտավորություններով ու ավանդույթներով։ Դեռևս այն ժամանակներից, երբ մարդիկ ապրել են ցեղախմբերով, ցեղախմբի առաջնորդը տղամարդ է ընտրվել. նա է որոշումներ կայացրել, կառավարել, իրականացրել արդարադատություն և, որպես կանոն, եղել է ցեղախմբի ամենախիզախն ու իմաստունը։ Տղամարդը պատասխանատու է եղել ցեղախմբի և ընտանիքի անվտանգության, որսի ու սննդով ապահովելու, համերաշխ միջավայրի ու կարգուկանոնի համար, իսկ կինը՝ սերնդի շարունակման, երեխաների դաստիարակության ու տնտեսության վարման համար։
Հայկական ավանդական ընտանիքներում, գերդաստաններում յուրահատուկ պատկառանք է եղել տան տղամարդկանց նկատմամբ։ Վերջին խոսքը եղել է տղամարդունը. առանց տղամարդու ընտանիքներում երբեք սեղան չեն նստել, սեղանի շուրջ ամենապատվավոր տեղը տան ամենատարեց տղամարդուն են նստեցրել, ճաշն առաջինը տղամարդու համար են լցրել։ Տղամարդն եղել է ուժի խորհրդանիշ, ընտանիքի պատվի ու անվտանգության պաշտպանության երաշխավորը։ Կնոջ և առավելապես մայրերի նկատմամբ հայ ընտանիքներում եղել է պաշտամունք, մեծ հարգանք. կինը եղել է և կա սիրո, ջերմության, ոգեշնչման և քնքշության աղբյուր, ընտանեկան օջախի համերաշխության, ընտանիքում ներդաշնակության ու կայունության երաշխավոր, սերնդի դաստիարակության ու կրթության պատասխանատու։ Ընտանիքները կայուն են ու ամուր, եթե կնոջ շրջահայացությունը և խոհեմությունը զուգակցվում են տղամարդու տաղանդի ու իմաստնության հետ, եթե առկա են փոխադարձ հարգանք և դերերի հստակ բաշխում, երբ կինն ուղղորդում է, իսկ տղամարդը՝ որոշում։ Տղամարդու ամենակարևոր առաքինությունը եղել է քաջությունը, իսկ կնոջը՝ ամոթխածությունը։
Որպես կանոն՝ ուժեղ են այն ընտանիքներն ու պետությունը, որտեղ ավանդապաշտ ու կայուն են ընտանիքն ու հասարակությունը։ Հիմա կյանքը զարգանում է, առաջ է գնում, և որոշակիորեն օբյեկտիվորեն փոխվում են կնոջ ու տղամարդու սոցիալական դերերը։ Սակայն եթե այդ փոփոխությունները հասնում են այլասերման աստիճանի, վտանգում են հասարակության, պետության և ազգի անվտանգությունն ու ներդաշնակությունը։ Երբ աշխարհի շատ երկրներում այլևս փաստ են միասեռական ամուսնությունները, երբ տղամարդն այլևս չի ուզում ամուսնանալ, իսկ կինը՝ երեխա ունենալ, երբ անառակությունն այլևս ամոթ չէ, երբ գնալով բարգավաճում է ԼԳԲՏ համայնքը, և չեն գործում ավանդույթները, այնտեղ աղետ է լինում, ոչնչանում են ցեղը, ազգը, կործանվում է պետությունը։
Հայաստանում էլ այս օտարածին իշխանությունների գալուց հետո, որպեսզի կործանեն պետությունը, ամեն ինչ արվում է եվրոպական՝ ժողովրդավարություն կոչվող կեղծ արժեքների ներդրման միջոցով ազգային արժեքները խեղաթյուրելու և ժողովրդի բարոյական կերպարն այլասերելու, երբեմնի կայուն, ավանդապաշտ ու կենսունակ ընտանիքը քայքայելու, տղամարդու դերն ու արժեքը նսեմացնելու համար։ Այդ շարքից է նաև պետական, իրավապահ-ուժային համակարգում ոչ փորձառու, մասնագիտական ու կառավարման գիտելիքների ոչ բավարար պաշար ունեցող կանանց պատասխանատու, բարձր պաշտոնների նշանակումը։ Մինչդեռ ուժային ոլորտներում ավելի նախընտրելի են տղամարդկային որակները՝ վճռականությունը, խիզախությունը, ծանր և չնորմավորված աշխատանքի նկատմամբ դիմացկունությունը, սթրեսների հանդեպ առավել դիմադրողականությունը և այլն։ Սա անլուրջ, անպատասխանատու և անտրամաբանական վերաբերմունք է պետության ու ժողովրդի նկատմամբ, անհեռանկար կադրային քաղաքականություն է և պետությունը թուլացնելու նպատակ է հետապնդում։
Մեր պապերը պատմում էին, որ երբ օջախի պատիվը խաթարվել է, տան տղամարդն անկողին չի մտել կնոջ հետ, ընտանիքի անդամների աչքերին չի նայել այնքան ժամանակ, քանի դեռ վրեժխնդիր չի եղել կամ չի վերականգնել ու մաքրել օջախի արատավորված պատիվը։ Իսկ ո՞ւր մնաց մեր երբեմնի հայ տղամարդկանց տղամարդկությունը, հարգելի՛ տղամարդիկ։ Ինչո՞ւ ենք մենք տանում այսքան նվաստացում, հեգնանք ու ստորացում թե՛ ներսից, թե՛ դրսից, այսքան անպատվություն։ Ինչպե՞ս, ի՞նչ երեսով ենք նայում մեր երեխաների, կանանց ու մայրերի աչքերին։ Ինչպե՞ս ենք հանդուրժում այսքան խայտառակություն, այլասերում, նվաստացում ու կորուստներ. ո՞ւր մնացին մեր տղամարդկային պատիվն ու արժանապատվությունը, մեր պատասխանատվությունը հայրենիքի, մեր ընկած հերոսների ու մեր երեխաների հանդեպ՝ մեզ մեր պապերի կողմից տրված հայրենիքը մեր սերունդներին անկորուստ հանձնելու համար։
Եվ այսքանից հետո դեռ մեր շատ տղամարդիկ՝ սպա, գեներալ ու երկրապահ, միթե՞ այսպես են պահում զինվորականի, սպայի ու հայ տղամարդու պատիվը։ Սթափվել է պետք, հարգելի՛ տղամարդիկ։ Եվ ո՞ւմ է պետք, քանի՞ գրոշ արժե մեր այն գորշ ու ստորաքարշ, անպատիվ ու անբովանդակ կյանքը, որով մենք ենք ապրում։ Ես՝ որպես տղամարդ, ամաչում եմ այսպես ապրելու համար, Արցախի կորստի, հազարավոր զոհերի և 35 տարիների զրկանքներն ու տառապանքները հանուն ոչնչի դարձնելու հետ այսքան հեշտ հաշտվելու համար, իմ և իմ սեռակիցներից շատերի խեղճության, ազգն ու հայրենիքը հանուն պաշտոնի ու փողի ուրանալու և սատանային տրվելու համար։ Այս վիճակն էլ, որում հայտնվել են հայ երբեմնի խիզախ, ավանդապաշտ ու ուժեղ տղամարդիկ, օտարների ձեռքի գործ է, հայ ընտանիքի այլասերման ու ավանդույթների խեղաթյուրման արդյունք է, որն ազգի կործանման հեռահար նպատակ է հետապնդում։ Աշխարհն էլ զարմանքով, հեգնական ու ծաղրական հայացքով արդեն քանի տարի մեր երկրում ու նրա շուրջ տեղի ունեցող զավեշտին, մեր խղճուկ ու վախվորած պահվածքին է հետևում։
Այնուամենայնիվ, հուսով եմ, որ հայ տղամարդիկ անպայման դուրս կգան այս դեպրեսիայից, այս ժամանակավոր անպատվությունից և արժանապատվորեն տեր կկանգնեն իրենց երկրին, կապացուցեն, որ իրենք արժանավոր զավակներն են Հայկ Նահապետի, Տիգրան Մեծի, Նժդեհի, Անդրանիկի և այլ քաջերի, կրողն են հայի երբեմնի խիզախ ու ազնվական գենի։

Հայկ ՂԱԶԱՐՅԱՆ

Տնտեսագիտության թեկնածու
Դիտվել է՝ 533

Մեկնաբանություններ