Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ԻՍԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆԸ

ԻՍԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆԸ
15.11.2011 | 00:00

«ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ՈՒԶՈՒՄ ԻՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՏԵՍՆԵԼ»
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-Իշխանություններն սկսել են ավելի հաճախ կարևորել արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումը: Փաստորեն, անուղղակիորեն կասկածի տա՞կ եք դնում նախորդ ընտրությունների արդարությունը:
-Չեմ կարծում, որ կարելի է այդպիսի եզրահանգում անել: Իշխանությունները շահագրգռված են, որ ընտրությունները լինեն արդար և թափանցիկ, որպեսզի խուսափենք այլ հետևանքներից՝ կապված արտաքին աշխարհի, ներքին լարվածության հետ և այլն:
-Այս ընտրություններն էականորեն կտարբերվե՞ն մյուսներից, և կարո՞ղ ենք խուսափել նախորդ սխալներից:
-Ընտրությունը հասարակության մշակույթի արտահայտման ձևերից մեկն է: Յուրաքանչյուր քաղաքացի պիտի ընտրությանը մասնակցելու պատասխանատվություն և իրավունք ունենա: Եթե քաղաքացին այդպես չի վարվում, զարմանալի չէ, որ կարող են թելադրել, թե ում ընտրի: Հասարակության յուրաքանչյուր անդամի համար սա սոցիալական գիտակցության խնդիր է: Հենց այս գիտակցության պակասն է, որ իշխանություններին դրդում է խոսելու արդար ընտրություններից։
-Բոլոր տեսակի ընտրական օրենքներից, բարեփոխումներից զատ, կարևորն իշխանությունների քաղաքական կամքն է: Այսօրվա իշխանություններն ունե՞ն բավարար կամք, որպեսզի հետընտրական գործընթացներն արդեն մեզ հայտնի սցենարով չխաղարկվեն:
-Իշխանության թևերի վերջին հայտարարությունները դրա ապացույցն են:
-Ընտրությունների արդարության անհրաժեշտության մասին խոսում է նաև ընդդիմությունը: ՈՒրեմն ի՞նչն է խանգարում արդար ընտրությունների անցկացմանը:
-Ցանկացած ուժ՝ ընդդիմություն, թե իշխանություն, հստակ գիտակցում է, որ արդար ընտրությունների արդյունքում իր համար հեշտ կլինի կառավարել:
-Բայց ընդդիմությունը չի հավատում իշխանության անկեղծությանը:
-Բոլոր կուսակցություններն էլ նախապես հայտարարում են, թե այսքան ձայն ունեն, իրենք առաջատար են, իսկ պարտվելու դեպքում աղմուկ են բարձրացնում, թե ընտրությունները կեղծված են: Սա արվում է հասարակությանը մոլորեցնելու, շեղելու, աչքին թոզ փչելու համար: Ընտրությունը կատարում է ժողովուրդը: Եվ ընդդիմության ու իշխանության խնդիրն է` օգնել, որ այդ ընտրությունը ճիշտ լինի: Ընտրությունը բաժանվում է երեք փուլի՝ մինչ ընտրություն, ընտրության օր և հետընտրական ձայների հաշվարկ: Պետք է այս փուլերը ճիշտ պահել: Հասարակությունն էլ է ուզում իր ընտրության արդյունքը տեսնել:

«ԱՅՍՕՐՎԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԴ ԿԱՄՔՆ ՈՒՆԻ»
ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

-Իշխանությունն այսօր կարևորում է արդար ընտրությունների անցկացումը: Այսինքն, սա ենթադրում է, որ նախորդ ընտրությունները կեղծված են եղել:
-Չէի ցանկանա նման եզրահանգում անել, քանի որ այսօրվա հայտարարությունները չեն կապվում նախորդ ընտրությունների հետ: Ընտրություններն ազատ, արդար, թափանցիկ անցկացնելու պատրաստակամության մասին իշխանությունները հայտնել են: Որևէ համեմատություն անել նախորդ ընտրությունների հետ ամենևին էլ տեղին չէ:
-Սակայն ընդդիմությունն իշխանության հավաստիացումներին չի վստահում:
-Սոսկ հայտարարություններով երաշխավորել ընտրությունների արդար լինելը բավարար չէ: Անհրաժեշտ է կամք դրսևորել արդար ընտրություններ անցկացնելու համար: Իսկ այսօրվա իշխանությունը այդ կամքն ունի: Ինչ վերաբերում է ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահությանը, այս ուղղությամբ լուրջ խնդիրներ կան, ու հետևողական աշխատանքներ են պետք:
Ճեպազրույցները՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1652

Մեկնաբանություններ