Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԵՌ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ԻՐ ԷԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԸ, ՆՇԵԼ Է ՄԻԱՅՆ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆՆԵՐԸ»

«ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ԴԵՌ ՉԻ ԸՆԴՈՒՆԵԼ ԻՐ ԷԱԿԱՆ ՍԽԱԼՆԵՐԸ, ՆՇԵԼ Է ՄԻԱՅՆ ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆՆԵՐԸ»
20.09.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է «Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ
-Ինչպե՞ս կսահմանեք անկախ պետությունը:
-Դա նախ և առաջ ազգի ինքնության պահպանումը երաշխավորող պետությունն է, որը նաև ժողովրդի բարեկեցության ու սոցիալական համերաշխության երաշխավորն է: Անկախ պետականության անհրաժեշտությունը հիմնավորվում է հենց ազգի` իր մշակութային ինքնությունը, իր տեսակը պահպանելու ցանկությամբ: Ցավոք, հենց սկզբից աղավաղվեց անկախ պետականության գաղափարը, շեղվեցինք բուն նպատակից` ազգային պետության կառուցումից: Իսկ երբ պետությունը հիմնվում է կեղծիքի վրա, այլևս չի կարող ճիշտ ուղիով ընթանալ և զարգանալ: Ես կարծում եմ` մենք այսօր իրավացի կլինեինք, եթե տոնեինք անկախության հռչակումը, ոչ թե անկախ պետականության 20 տարիները, որովհետև, ցավոք, անկախության հռչակմանը հաջորդեցին ոչ թե անկախության ամրապնդման, այլ աստիճանական կորստի տարիներ: Ճիշտ կլիներ` անկախության հռչակման հոբելյանը դառնար անցյալը վերաիմաստավորելու առիթ: Երբ շեղվում ես ճանապարհից, ճիշտ է կանգ առնել և հասկանալ` որտեղ ես շեղվել:
-Կարծում եք` կա՞ շեղված լինելու գիտակցություն:
-Չի կարող չլինել, պարզապես իրական վիճակը փորձում են քողարկել: Եթե կան ղեկավարներ, որ սխալի գիտակցում չունեն, գիտակցված երկիրը տանում են պառակտման ու քայքայման: Հայաստանի ներկա մթնոլորտը հիշեցնում է ԽՍՀՄ-ի լճացման տարիները: Ի՞նչ եք կարծում, կոմկուսի ղեկավարները չգիտեի՞ն, որ երկիրը քայքայվում է: Գիտեին, բայց խնդիրները թաքցնելով, տոնակատարություններ կազմակերպելով էին զբաղված, և հետևանքները շատ չուշացան: Վերանայելով 20 տարիների իրադարձությունները` ես ուզում եմ, որ սխալները շտկելիս սկսենք հիմքից: Հիշում եք 90-ականների արհեստական բանավեճը, երբ ՀՀ նախագահն ասաց, որ ազգային գաղափարախոսության անհրաժեշտություն չկա: Համաշխարհային պատմության մեջ չեք գտնի մի դեպք, որ ազգային պետությունը հիմնադրվի առանց ազգայնական գաղափարախոսության: Ազգայնականը պետք է ոչ թե հակադրվի, այլ զուգակցվի մարդասիրությանը: 90-ականների սկզբին արմատավորված գաղափարական խառնաշփոթը շարունակվեց քաղաքական ու հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Նկատե՞լ եք, որ այսօր պաշտոնյաների և քաղաքական գործիչների ելույթներում երբեք չի ասվում «Արցախի հայություն», այլ ասվում է «ժողովուրդ», «բնակչություն»` կարծես անհայտ ազգության մարդկանց մասին է խոսքը: Աստիճանաբար ղարաբաղյան հարցն առանձնանում է հայկական հարցից: Դժվարանում եմ ասել` այս ճանապարհն ո՞ւր է տանում:
-Ի՞նչ տվեց անկախությունը միջին վիճակագրական հային:
-Կարծում եմ` սկզբնական շրջանում հույս տվեց, հետո վերցրեց, և հիմա ունենք հուսալքված հասարակություն, ուստի առաջին խնդիրը դառնում է հավատը, վստահությունը վերադարձնելը, բայց ոչ խնդիրները թաքցնելով ու խորացնելով, այլ բացահայտելով: Իսկ դրա համար անհրաժեշտ է ընդունել քննադատությունը և ինքնաքննադատության խիզախություն ունենալ, սակայն առաջին նախագահը դեռ չի ընդունել իր էական սխալները, նշել է միայն երկրորդականները:
-1998 թ. առաջին նախագահը հրաժարական տվեց, 1998-2011 թթ. բավական ժամանակ չէի՞ն որևէ սխալ ուղղելու, ո՞վ էր ստիպում շարունակել կամ կրկնել:
-Երկրորդ նախագահը պետք է գնահատական տար առաջին նախագահի գործունեությանը: Բայց դա չարվեց և չարվեց մտածված, որովհետև նա հակված էր շարունակելու և խորացնելու սխալները: Ժողովրդավարության համար անհրաժեշտ քաղաքական համակարգ դեռ ձևավորված չէր և մինչև այսօր էլ ձևավորված չէ. ոչինչ չի արվում այդ ուղղությամբ, ոչինչ չի արվում քաղաքական կյանքում ընդդիմության դերը մեծացնելու համար, ուստի չկար և չկա վերահսկողություն իշխանության նկատմամբ, որը ցանկացած իշխանության հնարավորություն է տալիս դառնալու սանձարձակ: Այդ իրավիճակը արդեն վտանգավոր սահմանագծի է հասել:
-Եթե իրավիճակը, Ձեր գնահատականով, սահմանային է, ո՞րն է ելքը:
-Ազգային ինքնորոշմամբ ձեռք բերված անկախ պետությունը հայությանն իր հողի վրա համախմբելու և համայն հայության հայրենիքը լինելու նպատակն ունի, սակայն մինչև այսօր հակառակ երևույթն ենք տեսնում: Արտագաղթը, որը երկրի անկման իրական ցուցիչն է, ոչ միայն տնտեսական, այլև առաջին հերթին բարոյական դրդապատճառներ ունի: Ելքը, իհարկե, քաղաքական պետք է լինի: Այս 20 տարիներին մենք արատավոր երևույթներն ամրագրեցինք օրենսդրությամբ, որն ամենասարսափելին է:
-Մի՞թե օրենսդրություն փոխելով հնարավոր է իրավիճակ փոխել:
-Իհարկե, եթե հրաշք լինի, և կարողանանք փոխել Սահմանադրությունից սկսած մինչև օրենքներ և կառավարության որոշումներ, դա կլինի ամենակարևոր քայլը:
-Հրաշքների չեմ հավատում, բայց Դուք կարծում եք, որ ՀՀ ընտրական օրենսգիրքը խախտումների, ընտրակաշառքների ու ընտրանշանակումների մասին հոդվա՞ծ ունի, որ ընտրությունների արդյունքները կեղծվում են: Ի դեպ, միջազգային կառույցների դրական գնահատականին արժանացած Ընտրական օրենսգիրքը:
-Հրաշքների վրա հույս չդնելով` ես առաջնային եմ համարում մարդկային գործոնը: Եթե կա պետականաշինության և ազգակերտման գաղափարին նվիրված առաջնորդ և ոչ թե նյութապաշտ գործարար և վարչարար, երկիրը կարճ ժամանակում կարող է ոտքի կանգնել: Իսկ միջազգային կառույցները մեր օրենքների մասին դատում են իրենց երկրի չափանիշներով, որովհետև ունեն կրթված հասարակություն և ընտրական ավանդույթ: Քանի դեռ մեր հասարակությունը չի ձևավորել ընտրության կայուն ավանդույթներ, մեր ԸՕ-ն պիտի հստակ կետերով կանխի ու բացառի ընտրակեղծիքները: Մինչդեռ հակառակն է տեղի ունենում: Մինչդեռ օրենքները մեր երկրում գրվում ու ընդունվում են որոշակի անձանց ու որոշակի բիզնես ծրագրերի համար:
-ՈՒրիշ երկրներում այդպես չէ՞:
-Գուցե, բայց ոչ այսքան: Մեր երկրում կարողացան դիմադրող կողմի` ընդդիմության լիազորությունները նվազագույնի հասցնել, հիմա էլ փորձում են հնարավորինս լուսանցք մղել: Զարգացած ժողովրդավարական քաղաքական համակարգ ունեցող երկրներում հստակ սահմանազատված են իշխանության և ընդդիմության գործառույթները: Բոլոր քաղաքական ուժերը, որ իշխանության ղեկին չեն, ընդդիմություն են և ունեն վերահսկողական լծակներ: 2003-ին ձևավորված կոալիցիոն կառավարությունը հիմնովին այլասերեց քաղաքական դաշտը` կոռուպցիայի առարկա դարձնելով ամբողջական ոլորտներ` առողջապահությունից կրթություն և գյուղատնտեսություն:
-Դուք չե՞ք կարծում, որ ընդդիմությունը, եթե իրավ դարձավ լուսանցքային, ոչ իշխանության կամքով, այլ իր ընտրությամբ` պարզապես ձևավորվեց իշխանական ընդդիմություն և արմատական ընդդիմություն, ինչպես լինում է այլ երկրներում:
-Ոչ: «Իշխանական» կամ «արմատական» ընդդիմությունը մեր քաղաքական իրականության հերթական անհեթեթությունն է, ապականված քաղաքական միջավայրի ապացույցը: Անկախության սկզբում շատ կարևոր է առաջնորդի դերը, եթե ունես գաղափարական առաջնորդ, կարողանում ես ոտքի կանգնել, եթե ոչ, երկիրը քայքայվում է:
-Բորիս Ելցինը գաղափարակա՞ն առաջնորդ էր:
-Ոչ, այդ պատճառով էլ Ռուսաստանը հայտնվեց բավականին ծանր վիճակում:
-Միխայիլ Սաակաշվիլի՞ն:
-Սաակաշվիլին, իհարկե, ունի գաղափարական առանցք, բայց նա էլ այն առաջնորդը չէ, որ նկատի ունեմ:
-Նուրսուլթան Նազարբաև՞ը:
-Ոչ:
-Լուկաշենկո՞ն:
-Հետխորհրդային տարածքից դուրս գանք:
-Լեհաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում, Հունգարիայում, բալկանյան երկրներում ավելի լա՞վ է վիճակը:
-Բալկաններում հետպատերազմական շրջան է, և միջազգային քաղաքական գործընթացների ազդեցությունը մեծ է: Մյուս երկրներում, համեմատաբար, լավ է վիճակը: Եթե համեմատում ենք, ելնելով մեր մշակութային ժառանգությունից, կարծում եմ, որ մենք զարգացման մեծ ներուժ ունենք և կարող ենք անել այն, ինչ չեն անում մյուս ժողովուրդները, եթե, իհարկե, էապես փոխվի իշխանության ոչ միայն որակը, այլև բնույթը: Հարգելով բոլոր ժողովուրդներին, կարծում եմ` Արարատի փեշին ապրելով, հայ ժողովուրդն ավելի մեծ պարտականություն և ավելի մեծ առաքելություն ունի:
-Դեռ 30-ական թթ. Եղիշե Չարենցն այս տարածքը որակում էր «Անդուռ, խորշակյալ Արարատյան դաշտ», որտեղ պղնձե չի եղել մեր գայլը, ու օտար խարույկներից ենք ոգու կրակ հայցել: Ընդունեք, որ դա միայն 30-ական թթ. ֆենոմենը չէր: Ինչո՞ւ հարուստ քաղաքակրթությունն ու մշակույթը չձևավորեցին ազգային դիմադրողականության որակներ, ինչո՞ւ հայը իր վերջապես անկախացած հողի արժեքը չի ընկալում ու մի կտոր հացի համար երկիր է դատարկում:
-ՈՒզում է ապրել մարդավայել և չի գիտակցում, որ լիարժեք և մարդավայել հնարավոր է ապրել միայն հայրենիքում: Օտարության մեջ ամեն ինչ կիսատ է` կիսաապահովություն, կիսաերջանկություն, կիսահաջողություն: Պիտի կրկնեմ` պատճառների պատճառը ազգային միասնական նպատակի բացակայությունն է, ազգային գաղափարի պակասը:
-Ինչո՞վ էր մշակույթը զբաղված` ստեղծեր: Հրեաներն Իսրայել ստեղծեցին, հայերը 20 տարի բողոքում են պատմական, սոցիալական, քաղաքական, բարոյական անարդարությունից:
-Հրեաները ստեղծեցին, որովհետև միավորեցին հրեական ծրագիրը և հրեական ֆինանսները: Հայկական կապիտալ երբեք չի եղել, եղել է ահռելի կապիտալ առանձին հայերի ձեռքում: 20-րդ դարասկզբին հայերն ահռելի ֆինանսական միջոցների էին տիրապետում` նրանց ձեռքին էր նավթարդյունաբերությունը: Նման ֆինանսներով հնարավոր էր այլ պատմություն ունենալ` միացյալ, անկախ Հայաստան, մի նպատակ, որ այսօր միֆ է դարձել, որովհետև անգամ այս փոքր հողակտորը չենք կարողանում դարձնել հայրենիք` երկիր, որը սիրում ու գուրգուրում են, ոչ թե թալանում ու բզկտում, վերջում` լքում:
-387 թ. Հայաստանի արևելյան ու արևմտյան մասերի բաժանումից հետո ի՞նչ ենք արել:
-Ոչինչ: Գրվել է Խորենացու «Ողբը», որ հետո անընդհատ հիշվի:
-Գուցե գենի՞ խնդիր է:
-Ոչ, մտքի ու գաղափարի: Մեր գաղափարախոսությունն այսօր դարձել է ցինիզմը, բռնի ուժի պաշտամունքը և հոռետեսությունը:
-Խորենացու «Ողբից» սկսած հայ գրականությունը եղել է ողբ ու կոծի գրականություն, ազգային խորտակված անուրջներից մինչև ընդդեմ ֆալաքի, ինչո՞ւ: Մի քանի հեղինակ միայն` մի քանի հարյուր տարում, հեռացել են այդ ավանդույթից` ինչո՞ւ միտք ու գաղափար չի ծնվել:
-Կարծում եմ` մեր իրականության մեջ նաև քրիստոնեության ճիշտ ընկալման խնդիր կա: Նույն քրիստոնեությամբ ԱՄՆ-ը հզոր երկիր դարձավ: Մենք քրիստոնեությունն ընկալեցինք իբրև խեղճության ու հնազանդության կրոն: Այսօր էլ չկա անհրաժեշտ քարոզչություն և դաստիարակություն ո՛չ դպրոցում, ո՛չ ընտանիքում, ո՛չ լրատվամիջոցներով: Մենք չենք դաստիարակում արժանապատիվ, ազնիվ, հայրենասեր քաղաքացի: Հայի նյութապաշտությունը սահման չի ճանաչում: Երևանի կենտրոնի խիտ բնակեցումը մարզերի դատարկման հաշվին ողբերգություն է: Մենք պիտի կարողանանք գյուղը պահպանել ու զարգացնել, իսկ դրա համար պետք է իշխանություն, որն ունի ազգային պետական ծրագիր, ոչ թե զբաղված է մի քանի «ընտրյալների» բիզնես-ծրագրով, որոնց իրականացմանը ծառայեցնում է երկիրը:
-Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանը, այն ժամանակ պաշտպանության նախկին նախարար ու վարչապետ, 1999 թ. սեպտեմբերի 21-ին Անկախության օրվա շքերթի ժամանակ չէր թաքցնում հպարտության արցունքները: Համարենք անձնակա՞ն, թե՞ ընդհանրական էր նրա հպարտությունը:
-Ընդհանրական: 1999-ի հոկտեմբերի 27-ը ճակատագրական էր անկախ պետականության առանց այն էլ թույլ հիմքերը խարխլելու տեսանկյունից: Հանցագործությունն ամբողջովին չբացահայտվեց, որին հետևեցին չբացահայտվող ու չպատժվող այլ հանցագործություններ: Այսօր համատարած անպատժելիության մթնոլորտ է, անգամ պետական ունեցվածքի մեծածավալ հափշտակումներն են անպատիժ մնում: Առաջիկա ընտրությունները իսկապես ճակատագրական են, եթե ոչինչ չփոխվի, և այս արատավոր երևույթները խորանան, վտանգվում է երկրի ապագան: Առանց պետականության ազգը կարող է երկար գոյատևել` չկազմակերպված լինելը դժվարացնում է նրան ոչնչացնելը: Պետականության գոյության առկայությամբ, երբ ախտահարված է պետական համակարգը, ժողովրդի անվտանգության իրական երաշխավորը իր դիրքերում չէ, ազգի անվտանգությունն ավելի խոցելի է դառնում:
-Ինչպիսի՞ երկիր կուզենայիք Ձեր զավակներն ունենային:
-Բարոյական: Հայաստանը կծաղկի, եթե իր արժեհամակարգի հիմքում լինեն բարոյականությունը և արդարությունը, այդ ժամանակ էլ կվերագտնի նաև իր ինքնությունը:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2128

Մեկնաբանություններ