Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ԱՄՐԱՑՆԵ՞Լ ՀԻՆ ՇԵՆՔԵՐԸ, ԹԵ՞ ՔԱՆԴԵԼ ՈՒ ՆՈՐԸ ԿԱՌՈՒՑԵԼ

ԱՄՐԱՑՆԵ՞Լ ՀԻՆ ՇԵՆՔԵՐԸ, ԹԵ՞ ՔԱՆԴԵԼ ՈՒ ՆՈՐԸ ԿԱՌՈՒՑԵԼ
11.11.2011 | 00:00

«Երևանի շենքերի մեծ մասը կառուցվել է խորհրդային ժամանակաշրջանում, ժամանակի ընթացքում դրանք զգալիորեն թուլացել են: Մոտ 5000 բարձրահարկ շենք է կառուցվել նշված ժամանակահատվածում, դրանցում բնակվում է Երևանի բնակչության գրեթե կեսը. ուժեղ երկրաշարժի դեպքում (7-9 բալ) շուրջ 1000 շենք կփլվի, մյուսները կվնասվեն: Կարող է զոհվել մոտ 30 հազար մարդ, կրկնակի էլ վիրավորներ կլինեն»:
Այս մասին հայտնում է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ծրագրային թիմի ղեկավար Ֆումիո Կանեկոն` ներկայացնելով ճապոնացի փորձագետների` Երևանի սեյսմիկ ռիսկերի ուսումնասիրության միջանկյալ արդյունքները: Նրա խոսքով` անհրաժեշտ է ստեղծել հզոր համակարգ` կառավարելու բոլոր աշխատանքները, ինչը պետք է անեն արտակարգ իրավիճակների նախարարությունը, փրկարարական ծառայությունն ու Երևանի քաղաքապետարանը: «Նրանք պետք է որոշեն` ամրացնե՞ն հին շենքերը, թե՞ քանդեն և նորը կառուցեն: Անհրաժեշտ է նաև դպրոցներում սովորեցնել, թե ինչպես պետք է վարվել երկրաշարժի ժամանակ, իսկ աղետի դեպքում պատշաճ լուսաբանել և խուճապ չտարածել»,- ասում է Ֆումիո Կանեկոն:
Երևանի բազմաբնակարան շենքերի ամրացումն առաջնային խնդիր է: Ըստ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի` առայժմ 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու աշխատանքներ են կատարվել, ինչպես նաև 3-րդ աստիճանի 100-ից ավելի շենք է ամրացվել: Նրա խոսքով` ամբողջ աշխատանքն ավարտին հասցնելու համար լուրջ ներդրումներ են անհրաժեշտ: «Խնդիրն առկա է, այն այնքան էլ սուր չէ, ինչպես երբեմն ներկայացվում է, սակայն կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում ապագայում խնդիրներ կարող են ծագել»,- ասում է նա:
Նշենք, որ ճապոնացի մասնագետները Հայաստանում կաշխատեն ևս մեկ տարի` Երևանի սեյսմիկ ռիսկերի կառավարման ուղիները գտնելու նպատակով:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2122

Մեկնաբանություններ